Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Մարտ 27,2008 00:00

\"\"ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին

– Ողջ նախընտրական շրջանում Դուք ընդդիմադիր քարոզարշավ իրականացրիք, գործող իշխանություններին լիուլի քննադատեցիք, եւ արդյունքում՝ դարձյալ կատարվեց դարձ ի շրջանս յուր՝ դուք դարձյալ իշխանության մաս եք: Ինչո՞ւ մաս կազմեցիք կոալիցիային, եթե իշխանություններն այդքան վատն էին:

– Մենք մաս կազմեցինք կոալիցիային երկրում բարեփոխումներ անելու համար, այն բարեփոխումները, որոնք մենք առաջ էինք քաշում մեր նախընտրական ծրագրերում, եւ այն բարեփոխումները, որոնք պահանջում էին մեզանից մեր օգտին քվեարկած Հայաստանի շուրջ 300 հազար քաղաքացիներ: Ի վերջո, գիտեք՝ թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը փոփոխվող կատեգորիաներ են: Քաղաքակիրթ աշխարհում ոչ ոք հավերժ իշխանություն կամ հավերժ ընդդիմություն չէ: Եվ ընտրություններն էլ հենց նրա համար են, որ որոշվի, թե որ քաղաքական ուժն է իշխանություն, իսկ որը՝ ընդդիմություն: Ինչ վերաբերում է իշխանությունների հասցեին կատարված քննադատությանը, ապա, եթե դուք նկատել եք, այն եղել է ոչ թե անձնավորված, այլ ծրագրային եւ փաստարկված՝ ներառելով մեր պետական ու հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները: Եվ եթե դուք ուշադիր ընթերցել եք իմ եւ Սերժ Սարգսյանի միջեւ ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը, քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին 4 կուսակցությունների ստորագրած փաստաթուղթը, ապա կնկատեք, որ այնտեղ ներառված են համակարգային բարեփոխումներ ենթադրող արմատական փոփոխություններ, որոնց մասին ես խոսում էի նաեւ քարոզարշավի ընթացքում: Ավելին, կոալիցիայի մաս դառնալու հիմքում ընկած էր նաեւ մեր նախընտրական ծրագրերի իրականացման փաստը, ինչը նշանակում է 4 կուսակցությունների նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության միասնական ծրագրի մշակում եւ իրականացում, որի մասին եւս հստակ նշված է ստորագրված փաստաթղթերում:

– Ինչո՞ւ չկայացավ Ձեր համագործակցությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Ի վերջո, ո՞րն էր պատճառը:

– Գիտեք, նախագահական ընտրությունների մեկնարկից անմիջապես առաջ երկուստեք ցանկությամբ հանդիպումներ եղան: Ցավոք, քաղաքական համագործակցությունը փաստաթղթավորելու մեր առաջարկները արձագանք չստացան: Ավելին, բանակցություններին հընթացս նրանց մամուլը անխնա պիտակավորում էր մեզ, ինչը նույնպես մեզ համար միարժեք անընդունելի էր, եւ մեր կոչերը նրանց՝ դադարեցնել այդօրինակ գործունեությունը, համարժեք արձագանքի չէին արժանանում: Այսինքն՝ մի կողմից փորձում էին մեզ հետ բանակցել, մյուս կողմից՝ իրենց թերթերով պիտակավորել: Եվ վերջապես վերջինը՝ նրանց պահանջը մեկն էր. կամ միանում եք, կամ ձեզ քաղաքականապես ոչնչացնելու ենք, մի խոսքով՝ շանտաժ: Հիշեք Լ. Տեր-Պետրոսյանի ելույթները իմ եւ ՕԵԿ-ի քաղաքական դիակ դառնալու, «ով ինձ հետ չէ՝ ազգի թշնամին է», «դավաճան է», «տականք է» եւ այլ անընդունելի որակումները նաեւ նախագահի տարբեր թեկնածուներին: Նույնը շարունակվեց նաեւ հետընտրական շրջանում, երբ Լ. Տեր-Պետրոսյանը իրեն 65% ձայներով հռչակեց նախագահ եւ սկսեց հրամանագրեր ստորագրել Ազատության հրապարակում: Ավելին, հենց այդ օրերին հարցազրույց տալով Ադրբեջանական «Day.az» թերթին՝ հայտարարեց, թե ՕԵԿ-ի կառույցների կեսը անցել է իր կողմը: Սա արդեն հետընտրական հերթական ստահոդ լուրն էր, քանի որ մեր քաղաքական ուժը իր բոլոր որոշումները ընդունել է միաձայն՝ իր 150 կառույցների հետ միասին: Էլ չեմ խոսում առ այսօր շարունակվող մյուս կեղծ լուրերի մասին, որ տարածում են որոշ լրատվամիջոցներ: Մեզ համար նրանց նպատակը պարզ էր՝ ամեն գնով գնալ առաջ՝ խտրականություն չդնելով միջոցների առաջ: Քաջ գիտակցելով այս գործելաոճի անընդունելիությունը, մենք նաեւ հետընտրական շրջանում չմասնակցեցինք նրանց հանրահավաքներին եւ հայտարարեցինք, որ դեմ ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ միավորմանը: Ավելին, մեր հնարավոր միավորման դեպքում զոհերն անհամեմատ ավելի էին լինելու, բախումները՝ նույնպես, որովհետեւ անծրագիր 10-օրյա հավաքները եւ կուտակված խորը ատելությունը անխուսափելիորեն հանգեցնելու էին ցավալի զարգացումների: Ի վերջո՝ շանտաժով, ստով եւ անվանարկելով համագործակցություն հնարավոր չէ, եթե չասեմ ավելին, որ մեր թիմի հետ դեռ ոչ ոք չի խոսել եւ չի էլ կարող խոսել շանտաժի լեզվով: Մենք առողջ գործընկերության եւ քաղաքական շիտակ համագործակցության կողմնակիցներն ենք:

– Չե՞ք կարծում, որ իշխանություն դառնալու արդյունքում դուք կորցրիք ձեր ընտրողներին: Մարդիկ ձեզ ձայն էին տվել ընդդիմադիր լինելու համար:

– Չեմ կիսում ձեր այդ մոտեցումը, որովհետեւ մարդիկ մեզ ձայն են տվել մեր ծրագրերի եւ այն բարեփոխումների համար, որ մենք խոստացել ենք իրականացնել: Դրա առհավատչյան նաեւ այն է, որ վերջին 3 խորհրդարանական ընտրություններում «Օրինաց երկիրը» հաղթել է 25 կուսակցությունների միջեւ մղվող պայքարում եւ մուտք է գործել խորհրդարան, ըստ որում՝ այս ժամանակաշրջանի տարբեր հատվածներում գործելով թե ընդդիմադիր, թե իշխանության դաշտում: Նույնը վերաբերում է նաեւ իմ հավաքած քվեներին: Իմ օգտին քվեարկողները ոչ թե ծայրահեղ ընդդիմադիր, այլ ավելի չափավոր՝ բարեփոխումներ պահանջող եւ դրա համար պայքարող քաղաքացիներ են: Մի փաստարկ եւս: Եթե նկատել եք, երբ փետրվարի 11-ից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող թերթերը սկսեցին նոր թափով անվանարկել մեր թիմին, հրապարակայնորեն օգտագործելով շանտաժի, ստի եւ այլ անպարկեշտ մոտեցումներ, մենք, որ 10 տարի եւ ողջ քարոզարշավի ընթացքում ոչ մի թթու խոսք չէինք ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, սկսեցինք հրապարակայնորեն պատասխանել այդ վիրավորանքներին, եւ ըստ էության արդեն փետրվարի 15-ին, ընտրություններից հաշված օրեր առաջ, ողջ ժողովրդի համար պարզ էր մեր միջեւ առկա խորը եւ հրապարակային առճակատումը: Իսկ ընտրությունների արդյունքներն արդեն մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ ինչպես վերջին 10 տարում, այնպես էլ այժմ մենք ունենք համակիրների հաստատուն բանակ, որոնք չէին քվեարկի ոչ արմատականների եւ ոչ էլ իշխանությունների օգտին: Արդյունքում հենց այդպես էլ ստացվեց, որովհետեւ այդ մարդիկ արդեն ճանաչում եւ վստահում էին մեզ, գիտեին մեր ծրագրերն ու մոտեցումները: Օգտվելով առիթից, նաեւ «Առավոտ»-ի միջոցով հավաստիացնում եմ, որ մեր օգտին քվեարկած յուրաքանչյուր քաղաքացի գոհ է լինելու իր ընդունած որոշումից, որովհետեւ մենք գնում ենք մեր երկիրը կառուցելու, գնում ենք նոր, համարձակ եւ իրատեսական բարեփոխումների ճանապարհով, եւ դրական է, որ այս հարցերի շուրջ ես՝ որպես նախագահի հիմնական թեկնածուներից մեկը, թե ռազմավարական, թե քաղաքական եւ թե տղամարդկային համաձայնություն եմ ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, եւ մենք ամրագրել ենք այն ոչ միայն մեր կողմից ստորագրված փաստաթղթում, այլ նաեւ համատեղ հոդվածով ենք հանդես եկել աշխարհահռչակ «Վաշինգթոն փոստ» թերթում, ինչն, ի դեպ, բավականին լայն եւ դրական արձագանք է ստացել Արեւմուտքում: Մենք հայտնում ենք, որ մեր նպատակը ժողովրդի կողմից ակնկալվող լայնածավալ փոփոխություններն են եւ երկրի առաջընթաց զարգացումը եւ մենք այն ի կատար ենք ածելու:

– Ըստ որոշ տեղեկությունների, դուք ավելի հակված էիք ստանալ վարչապետի պաշտոնը, սակայն այժմ անվտանգության խորհրդի քարտուղարն եք, սա՞ էր ձեր ուզածը: Ավելին, խոսվում է նաեւ ՕԵԿ-ին տրվող մի քանի նախարարական պորտֆելների մասին:

– Ձեր տեղեկությունները հավաստի չեն, որովհետեւ թե խորհրդարանական եւ թե նախագահական ընտրությունների արդյունքներից ելնելով կարելի է փաստել, որ ճիշտ կլիներ, որ վարչապետի թեկնածուին առաջարկեին երկրի նոր նախագահը եւ Հանրապետական կուսակցությունը, որ ԱԺ-ում ունի 60 հոգուց ավելի պատգամավորական խմբակցություն: Նախարարական պորտֆելների շուրջ եւս որեւէ բանակցություն չի եղել: Խոստանում եմ դրանց ավարտից հետո տալ սպառիչ պատասխաններ: Ի դեպ, ես եղել եմ նաեւ այն մարդկանցից մեկը, որ առաջարկել է այս հարցին անդրադառնալ ավելի ուշ եւ առաջնայինը դիտարկել բարեփոխումները երաշխավորող քաղաքական փաստաթղթի ստորագրումը: Ինձ համար պաշտոնը չի եղել առաջնայինը, չնայած որ, ինչպես հայտարարել է նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը երկրի 3-4 պաշտոնն է եւ ունենալու է բավարար լիազորություններ՝ բարձր արդյունավետությամբ աշխատելու Հայաստանի առաջընթաց զարգացման համար: Չմոռանանք, որ անկախ տարաբնույթ շահարկումներից՝ ես միակ բարձրաստիճան պաշտոնյան էի վերջին գրեթե 20 տարում, որ կամովին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից, իսկ մեր քաղաքական թիմը դուրս եկավ իշխանությունից: Այսօր արդեն տեւական ժամանակ է անցել եւ կարելի է բացել որոշ փակագծեր: Ռոբերտ Քոչարյանը լինելով երկրի նախագահ, ինձ երբեք չի ասել՝ հրաժարական տուր: Դա եղել է մեր քաղաքական թիմի որոշումը. դա հրաժարական էր հանուն իրական բարեփոխումների: Այսօրվա մեր մուտքն իշխանություն հենց այդ բարեփոխումների համար է, եւ ես համոզված եմ, որ մենք այդ փոփոխությունները մեր գործընկերների հետ կատարելու ենք ոչ միայն որ դրանք նաեւ պահանջում է մեր հասարակությունը, այլ նաեւ, որ բազմաթիվ ոլորտներում դրանք իրապես հասունացել են: Ավելին, մեզ համար, որպես քաղաքական ուժ, հեշտ չէր ծանրակշիռ հաղթանակ տանել 2003թ. խորհրդարանական ընտրություններում, լինելով իշխանություն, այնուհետեւ բարձր քվեներ ստանալ 2007թ. խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններում՝ լինելով արդեն ընդդիմություն: Բայց սա արդեն խոսում է մեր առաջարկած ծրագրերի եւ գաղափարների մրցակցայնության եւ առկա ժողովրդային վստահության մասին, որը մենք պարտավոր ենք բարձր պահել:

– Մարտի 1-ի գիշերը, երբ ֆրանսիական դեսպանատան մոտ մարդկանց ծեծում էին, դուք Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ելույթ ունեցաք՝ առանց քննադատելու նույն օրը գիշերն Ազատության հրապարակում կատարված բռնությունները. արդյոք տեղյա՞կ եք, որ հասարակության մեջ կարծիք կա, որ ձեր եւ Սերժ Սարգսյանի միջեւ ստորագրված համաձայնագիրը ազատեց իշխանությունների ձեռքերը, եւ նույն գիշերն իսկ տեղի ունեցան հայտնի դեպքերը:

– Նախ իմ ելույթը եղել է մինչ մարտի 1-ի գիշերվա դեպքերը, այնպես որ, նման զարգացումներ կանխատեսել ես չէի կարող, որ նաեւ գնահատականներ տայի: Երկրորդ՝ ես չեմ ընդունում նաեւ իշխանությունների հասցեին հնչող միակողմանի մեղադրանքները: Ի վերջո սա այն դեպքը չէ, որ ասեղը պարկի մեջ կմնա, եւ վստահ եմ, որ գործի քննությունը եւ ժամանակը դեռ շատ հարցերի պատասխանը կտան: Հիմա ինչ վերաբերում է մեր ստորագրած համաձայնագրին եւ տեղի ունեցած դեպքերին: Դեռեւս փետրվարի 25-ին մենք հայտարարեցինք, որ չենք միանալու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանրահավաքային պայքարին, որովհետեւ մեզ համար, ինչպես արդեն նշեցի, ընդունելի չէին նրանց մոտեցումները: Սերժ Սարգսյանի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է նրա հրապարակային առաջարկից հետո: Ես կարծում եմ նաեւ, որ ոստիկանները մարտի 1-ի առավոտյան ոչ մի բռնություն ցուցաբերելու նպատակ չեն ունեցել, նրանք պարզապես փորձել են զննություն կատարել օպերատիվ տեղեկատվություններով ստացված ապօրինի զենքը առգրավելու համար: Այս փաստի օգտին է խոսում նաեւ այն պարագան, որ նրանք ոչ միայն պատրաստված չեն եղել, այլեւ նույնիսկ այն, որ հրապարակում չեն եղել նույնիսկ ջրցան մեքենաներ, որ, որպես կանոն, այդ դեպքում կիրառվում է: Ավելին, դեպքերից մեկ-երկու օր առաջ խոսեց երկրի նախագահ Ռ. Քոչարյանը՝ առաջ քաշելով 4 հավանական սցենարներ, եւ նրա ելույթից էլ պարզ էր տպավորությունը, որ նման մտադրություն չի եղել: Ավելին, եղել է ձգտում՝ սպասել ՍԴ-ի որոշմանը: Այս ամենի պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ իշխանությունը բռնի ուժով հրապարակը ցրելու անհրաժեշտությունը չուներ, առավել եւս այն բանից հետո, երբ ես եւ Ս. Սարգսյանը ստորագրեցինք քաղաքական համագործակցության հուշագիր, ինչը նշանակում էր արդեն, որ Հայաստանի ապագա քաղաքական իշխանությունը ուներ 70%-ից ավելի հանրային վստահություն: Ի դեպ, նշեմ, որ ամբողջ աշխարհում կոալիցիաները ձեւավորվում են ոչ թե իշխանությունների միջեւ, այլ իշխանության եւ ընդդիմության միջեւ: Դրա վառ օրինակներն են թե Գերմանիայի, թե հաշված օրեր առաջ Իսպանիայի ընտրությունները, երբ ընդդիմություն եւ իշխանություն կազմող քաղաքական ուժերը ընտրությունների արդյունքում ձեւավորեցին քաղաքական կոալիցիա:

– Դուք շատ էիք խոսում եվրոպական արժեքներից, եվրոպական չափանիշներից, ձեր կարծիքով՝՝ այն, ինչ կատարվեց մեր երկրում մարտի 1-2-ին, տեղավորվո՞ւմ է նույն այդ արժեհամակարգում:

– Եվրոպական չափանիշները, եվրոպական արժեհամակարգը եւ եվրոպական ինտեգրացիան դա մեր ապագայի ճշմարիտ ճանապարհն է, որ մենք պետք է անցնենք՝ պատվախնդրորեն իրականացնելով լայնածավալ բարեփոխումներ բոլոր ոլորտներում, եւ կատարվածը չի կարելի դիտարկել այս տեսանկյունից: Այն, ինչ որ տեղի ունեցավ, խիստ ցավալի էր եւ ապագայում պետք է հնարավորը անել նման զարգացումներից խուսափելու համար: Սա նշանակում է նաեւ նոր որակի բարեփոխումներ Հայաստանի թե՛ քաղաքական եւ թե՛ իրավական համակարգում, սա նշանակում է քաղաքական եւ հասարակական երկխոսության խորացում, լուծման կարոտ հիմնախնդիրների ոչ թե քողարկում, այլ իրական լուծումներ: Ի վերջո սա նշանակում է ժողովրդավարության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում, կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ վճռական պայքար, հասարակության կարծիքը հաշվառող համարձակ ու իրատեսական սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, այսինքն՝ գաղափարներ, որ ներառված են Հայաստանի ապագա քաղաքական իշխանության ծրագրերում, եւ մենք պետք է հետամուտ ու վճռական լինենք այն կյանքի կոչելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել