Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխայի են դուբինկայով խփել»

Մարտ 27,2008 00:00

Վկայել են մարտի 1-ի առավոտյան կատարվածի ականատեսներից

Կլինեի՞ն մարտի 1-ի գիշերվա իրադարձությունները, եթե այդ օրվա առավոտյան ոստիկանական զորքերը խուզարկության պատրվակով չհարձակվեին խաղաղ ցուցարարների վրա եւ ուժ չկիրառեին: Պատմությունը չի ընդունում «եթե» պարունակող հարցադրումներ: Սակայն այն զրույցները, որոնք մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատուն եկածների հետ ունեցել էր «Առավոտի» աշխատակից Նաիրա Մամիկոնյանը՝ վկայում են, որ ցուցարարներն անասելի վրդովված էին կատարվածից, եւ այդ վրդովմունքն էր նրանց գործողությունների շարժառիթը:

Այսպես, մի տղամարդ, ըստ պահպանված ձայնագրության, մեր թղթակցին ասել էր. «Եկել եմ Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ մեր ազատությունների համար բողոքելու, պահանջելու մեր իրավունքները… Իմ ընկերներն այնտեղ են եղել գիշերը եւ պատմում են, որ մի ծեծ ու ջարդ էր, մի խայտառակ, մղձավանջային վիճակ»: Ներկաները մանրամասներ էին պատմում առավոտյան կատարվածի մասին: Մի տղամարդ ասաց. «Ես դուրսն էի այդ ժամին: Եկա, տեսա, որ «ցեպ» տված կանգնած են ու ոչ մեկի չեն թողնում ո՛չ ներս մտնել, ո՛չ դուրս գալ: Ներսում առնվազն մի 5-6 հազար մարդ կար»: Մի կին հավելեց. «Հավաքվածներից բավական մարդկանց մեքենաների մեջ գցեցին, տարան»: Իսկ մի տղամարդ հավելեց. «Առավոտյան փողոցում քայլող մարդկանց թեւերից էլ բռնում էին, տանում ոստիկանություն»:

Գլուխը պատռած վիրավորն էլ, որի լուսանկարը հրապարակել ենք երեկ՝ պատմում էր. «Ժամը 6-ին խաղաղ ցուցարարների վրա զինված, կնիկ-երեխա տապալեն գետնին ու էթա՞ն… Գլուխս տրաքած ա»:

Եվս մի ականատեսի վկայություն. «Հաղթանակ գյուղից Վարդուհի Սուքիասյանն եմ: Ինքս 4-րդ գյուղից եմ, միշտ նստել եմ այնտեղ, այսօր 6.20-ի ժամանակահատվածում մի քանի պրովոկատորներ՝ քաղաքացիական հագուստներով, մտան ժողովրդի մեջ եւ սկսեցին քաշքշել: «Կոլցո» կազմեցին ու դրանից հետո համատարած ջարդեցին: Սկզբում բանակը մոտեցավ. նրանց մի քիչ հետ հրելուց հետո մեզ մոտեցավ հատուկ ջոկատը: Իսկ 1,5 ժամ առաջ Ֆրանսիայի դեսպանատան առաջ կնոջը գետնին գցած՝ 3 հոգով, դուբինկայով ծեծեցին: Թող հիմա աշխարհից չպահանջեն ցեղասպանություն ճանաչել՝ թող նախ մեր զորքից պահանջեն: Մինչեւ վերջ պայքարելու եմ»:

Ավելի ուշ, երբ դատախազությունը հրապարակեց սպանված երեխայի մասին պնդում արած կնոջ՝ Մարտունի քաղաքի բնակիչ Լաուրա Մելքոնյանի լուսանկարը՝ Նաիրա Մամիկոնյանը ճանաչեց իր եւս մի զրուցակցին: Այդ կինը թղթակցի հարցադրմանը՝ պատմեք, թե ինչու եք եկել այսօր՝ պատասխանել էր. «Եկել եմ, որովհետեւ առավոտով ո՞վ է հարձակվում խաղաղ, քնած ժողովրդի վրա: Թող էդ հարցին պատասխանեն»: Հաջորդած վիրավորանքները չենք հրապարակում, բայց դրանց իմաստը հետեւյալն է, որ միայն օտարը կարող էր այդպես վարվել մեզ հետ:

Մկրտիչ Արմենակյանը, որը «Հայլուր» ծրագրով կատարվածի բոլորովին այլ պատկեր էր ներկայացրել՝ հարցազրույց էր տվել նաեւ «Առավոտի» թղթակցին եւ ասել. «Մոտ 6.20 էր՝ առանց զգուշացնելու չորս կողմից վրա տվեցին: Մենք մոտ 10 րոպե դիմադրեցինք: Սկզբում ոստիկանության զորքերն էին: Հետո նրանց միացավ Ղարաբաղի սպեցնազը: Նրանց վահանների վրա գրված էր, որ Ղարաբաղինն են: Եվ առանց խնայելու՝ կանանց, երեխաներին գցում էին ավտոների դեմն ու ծեծում: Նույնիսկ երեխայի են դուբինկայով խփել: Չգիտեմ, մենք այստեղ չենք ուզում ապրել: Կա՛մ մեր նախագահը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, կա՛մ էլ մենք այս երկրից շատ հեռու կգնանք»:

Ի դեպ, մեր թղթակցի ձայնագ րիչն արձանագրել է նաեւ ավելի ուշ արված մի վկայություն, ըստ որի՝ իրավապահները կատարվածի համար մեղադրել են մեկին, որն այդ օրն ընդհանրապես այդտեղ չի եղել. «Մարտի 1-ին, առավոտյան 8.30-ին, «Գազել» մեքենայով 12 հոգի ընկերներով գալիս էին Երեւան՝ Մարտունիից: 9-ից 20 պակասի սահմաններում կանգնեցրել են մեքենան եւ բոլոր ուղեւորներին տարել ուղիղ ոստիկանություն: Հետո պահել են մինչեւ մարտի 2-ը, ժամը 1-ը, որից հետո բաց են թողել: Հետո Վարդենիկում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետի՝ Վեմիր Մխիթարյանի վրա քրեական գործ են հարուցել, թե ինքն ամսի 1-ին գտնվել է այստեղ՝ Երեւանում, եւ հանցանք գործել՝ հեղափոխություն է ուզել անել եւ այլն: Բայց իրենք կրակն են ընկել իրենց արածի ձեռքը, քանի որ 12 հոգի վկա են, այդ թվում եւ՝ ոստիկանությունում գրանցված է, որ այդ մարդը գտնվել է այնտեղ: Ես չգիտեմ՝ էդ մարդը կարող է Թուլա՞դ լինել՝ կեսն ընտեղ, կեսը գար այստեղ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել