Օրենքի պաշտպանների համար թերեւս հարկ է դասընթացներ կազմակերպել՝ պարզաբանելով մեր օրենսդրությունը: Նման դասընթացների անհրաժեշտությունը պարզ դարձավ նաեւ երեկ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանին Հյուսիսային պողոտայում մոտեցավ Կենտրոնի ոստիկանության ավագ հետաքննիչ Գասպարյանը եւ փորձեց ծանուցագիր հանձնել, ըստ որի՝ Լեւոն Զուրաբյանի նկատմամբ սկսվել է վարչական վարույթ, նյութեր են նախապատրաստվում, եւ նա մարտի 27-ին, ժամը 11:00-ին, հրավիրվում է Կենտրոնի ոստիկանություն: Մինչ ծանուցագիրը ստորագրելը՝ Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե հատկապես ինչ նյութեր են նախապատրաստվում: «Դուք հրավիրվում եք ոչ արտոնագրված հանրահավաքների մասնակցելու եւ կազմակերպելու համար»,- պարզաբանեց հետաքննիչ Գասպարյանը՝ ի ցույց դնելով անտեղյակությունը, որ մեր օրենքում չկա արտոնված հանրահավաք հասկացություն եւ առավել եւս՝ արտոնագրված: Լեւոն Զուրաբյանը չկարողացավ նաեւ պարզել, թե որ հանրահավաքի մասին է խոսքը, սակայն նշեց. «Ի տարբերություն մեր ոստիկանության, ես օրինապաշտ մարդ եմ եւ կատարում եմ օրենքի բոլոր պահանջները եւ նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս», ու ստորագրեց ծանուցագիրը:
Կարդացեք նաեւ՝