Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ

Մարտ 26,2008 00:00

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների իրազեկման մակարդակը միմյանց եւ քաղաքացիական դաշտում տեղի ունեցող նախաձեռնությունների մասին:

Ծրագրի շրջանակներում անցկացվել են հարցազրույց-հարցումներ Հայաստանի եւ Թուրքիայի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ վերլուծաբանների հետ, որոնք մենք սկսում ենք տպագրել «Հայ-թուրքական հարաբերություններն այսօր» ներդիրում (հարցազրույց-հարցումները անցկացվել են 2007 թ. նոյեմբեր-դեկտեմբերին): Կհրատարակվի վեց ներդիր՝ շաբաթը երկու անգամ հաճախությամբ:

«Բիզնեսին Ընդառաջ» ՍՊԸ

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Արայիկ Մակարյան, տնօրեն

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Որակի Կառավարման համակարգերի գնահատում եւ սերտիֆիկացում

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Ոչ բավարար:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Հարեւան երկրները առնվազն պետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, որը ներկայումս չկա:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Էական տարբերություն չկա:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Անցյալի պատմական հիշողությունները (1890 – 1915), որը ազդում է ներկա հարաբերությունների վրա: Թուրքիայի կարծր միակողմանի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Էապես կնպաստի սահմանի բացումը երկու երկրների միջեւ առեւտրի զարգացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը: Երկու ազգերի փոխադարձ շփումից կմեղմանա տարիներով կուտակված թշնամանքը, կզարգանա տուրիզմը: Հայաստանը հնարավորություն կունենա ավելի արագ ինտեգրվել եվրոպական շուկա, կավելանա առեւտրաշրջանառությունը: Թուրքիան Հայաստանի միջոցով կմտնի Միջին Ասիա եւ Չինաստան:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Երկու երկրների համար էլ վնաս է:

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Առաջին հերթին հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների: Երկրորդ՝ գործարարները հաստատեն փոխադարձ գործարար կապեր:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):

– Տնտեսական զգալի աճ, տուրիզմի զարգացում, քաղաքական երկխոսություն, Թուրքիայի համար դիվիդենդներ Եվրամիություն մտնելու համար, պատմական հուշարձանների պահպանման խթանում:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Հայաստանը կհեղեղվի էժանագին որոշ ապրանքներով (հատկապես թեթեւ արդյունաբերական եւ սնունդ), որը անմիջականորեն կազդի տեղի արտադրողի վրա: Ստրատեգիական որոշ վտանգ թուրքերի կողմից՝ անշարժ գույքի գնման կամ ձեռքբերման ժամանակ:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Հայ – թուրքական գործարար խավից եւ դիվանագիտական մերձեցումից:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Միանշանակ՝ այո:

– Ի՞նչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Անկասկած, ունի կարեւոր նշանակություն դավանանքը, սակայն պետք է հաղթահարել: Հայաստանը ունի լավ հարաբերություններ արաբական աշխարհի հետ՝ չնայած կրոնի տարբերությանը:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Այո:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Նշանակալից: Պետք է ակտիվ մեկնաբանվի յուրաքանչյուր քայլը եւ հնարավորինս շատ լինեն փոխադարձ այցելություններն ու «կլոր սեղանները»:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Պատմական փաստը անտեսել հնարավոր չէ, սակայն պետք է ըմբռնումով նայել ներկային:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Մինչեւ 1915 թվականը հայերը գրավել են նշանակալից դիրք Օսմանյան Թուրքիայում: Բոլոր նշանավոր առեւտրականները հայեր են եղել: Հայ ճարտարապետները կարեւորագույն դեր են խաղացել Կոստանդնուպոլիս (Ստամբուլ) քաղաքի ձեւավորման գործում: Թուրքական օրենսդիր մարմնում շատ հայ երեսփոխաններ են եղել, որոնք ձեւավորել են թուրքական օրենսդրությունը: Հայ արվեստի գործիչները կարեւոր դեր են խաղացել Թուրքիայի մշակույթի ձեւավորման գործում (Պ. Ադամյան, Սիրանույշ, Վ. Փափազյան, Հ. Ներսիսյան, Գ. Զոհրապ եւ այլք):

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդ րի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Թուրքիայի միակողմանի միջամտությունները Ադրբեջանի օգտին խիստ բացասական ազդեցություն են գործում հայ-թուրքական հարաբերությունների վրա, ինչպես նաեւ շրջափակումը Թուրքիայի կողմից:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Նշանակալից: Հայաստանը հնարավորություն կունենա ինտեգրվելու տարածաշրջանային որոշ ծրագրերի:

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:

– Անշուշտ՝ կան: Օրինակ, ավելի կզարգանա եւ կբարելավվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Հայաստանը կկարողանա ուղիղ, ավելի կարճ ճանապարհ հաստատել իր հարավային սահմանների հետ, կմեղմանա հարաբերությունները Ադրբեջանի հետ:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:

– Տարածաշրջանի կայունությունը:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Անշուշտ՝ այո:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Դրական: Անդամակցությունից հետո Թուրքիան, կարծում եմ, ավելի դեմոկրատական կդառնա:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– ԵՄ անդամակցությունից հետո Թուրքիան, կարծում եմ, կթուլացնի կարծր դիրքորոշումը 1915 եղեռնի ճանաչման վերաբերյալ, երկխոսությունները Հայաստանի հետ ավելի կաճեն, հնարավորություն կլինի ԵՄ շրջանակներում փոխադարձ այցերը եւ քննարկումները:

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– Կարծում եմ՝ այո:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Այո:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Հնարավոր է դա կայանա 2008թ. ընթացքում, եթե դիվանագետները եւ Աշխարհը կարողանան ավելի ինտենսիվ ազդել:

Հարցազրույցը՝ ՄԱՐԻԱՄ ՓԵՏԵՎՈՏՅԱՆԻ
ARI Շարժում (Թուրքիա)

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Ուրալ Աքուզում, նախագահ

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Կամավոր գործունեությանն ու երիտասարդների ներգրավվածությանը նպաստելը, ապագա առաջնորդների զարգացմանը աջակցելը

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Հարաբերությունները ճգնաժամ են ապրում: Ապագայի համար նախաձեռնություններ պետք է առաջարկվեն:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Վերջերս Թուրքիայի կառավարությունը իրականացնում է արխիվները բացելու քաղաքականություն: Երկխոսության համար նպաստավոր կլինի, եթե Հայաստանի կառավարությունը նույնպես նման նախաձեռնություն ցուցաբերի:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Ոչ, թուրք հասարակությունը բավականին անհանգստացած է, այսպես կոչված, ցեղասպանության մասին պնդումներով: Եվ կառավարությունը փորձում է պարզություն մտցնել իրավիճակի մեջ՝ ձերբազատվելով տարակուսանքներից ու չպարզաբանված հանգամանքներից:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Պատճառն այն է, որ մինչ օրս կողմերից ոչ մեկն ընդունակ չգտնվեց բացահայտ կերպով անհրաժեշտ քայլերն իրականացնել:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Սահմանները բացելու ցանկությունը դրական է, սակայն սահմանի բացումը Թուրքիային մեծ տնտեսական օգուտներ չի բերի: Երբ քաղաքական տարաձայնությունները կվերացվեն, այսպիսի մոտեցումներն ավելի նպաստավոր կարող են լինել երկու երկրների միջեւ երկխոսության համար:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը կատարվում է Վրաստանի եւ Իրանի տարածքով: Սահմանի փակ լինելուց շահում են հարեւան երկրները: Սակայն առավել կարեւոր է այն, որ փակ սահմանը ծառայում է հայկական սփյուռքի շահերին, որին ձեռնտու են հայ-թուրքական վատ հարաբերությունները: Երկխոսության կողմնակիցներն են տուժում:

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Այսպես կոչված, ցեղասպանության վերաբերյալ պնդումները պետք է հետազոտվեն անկախ համատեղ հանձնաժողովի կողմից: Խնդրի չպարզաբանված լինելը, ինչպես նաեւ այն փաստը, որ լուծումը թողնված է քաղաքական գործիչներին, խանգարում են երկու երկրների միջեւ երկխոսությանը: Բաց, գործնական քայլեր պետք է կատարվեն այդ խնդրի լուծման ուղղությամբ՝ սահմանի բացման հարցում առաջընթացի հասնելու համար:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում:

– Տնտեսական կապերը խորացնում են ինտեգրացիան գլոբալացվող աշխարհում: Բարդ խնդիրների վրա ծախսվող ժամանակը կուղղվի ներդրումների իրականացմանը: Երկու երկրների միջեւ կապերը կարող են ամրապնդվել եւ կարող է համագործակցություն ծավալվել տնտեսական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Սահմանի բացումը Թուրքիայի կամ Հայաստանի համար որեւէ բացասական հետեւանք չի ունենա: Այն երկրները, որոնց միջոցով այժմ կատարվում է առեւտուրը՝ կզրկվեն այս հնարավորությունից:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Նախ եւ առաջ՝ քաղաքական խնդիրները պետք է լուծվեն: Դրան կարող է հետեւել քաղաքական եւ հասարակական ոլորտներում առաջընթացը:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Այո: Նման քայլերը ցույց են տալիս, որ մշակույթների միջեւ կա փոխադարձ հարգանք եւ կանաչ լույս են հետագա երկխոսության համար:

– Ի՞նչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Թուրքիան երկիր է, որտեղ տարբեր մշակույթներն ու դավանանքները կարողացել են համատեղ գոյատեւել, նաեւ երկիր, որը կարողացել է ինտեգրվել աշխարհի հետ: Թուրքիան զարգացած հարաբերություններ ունի մեծ մասամբ քրիստոնեական Եվրոպայի, հրեական Իսրայելի եւ մահմեդական Մերձավոր Արեւելքի հետ: Այն փաստը, որ Թուրքիայում եւ Հայաստանում տարբեր են դավանանքները, երկխոսության վրա դրական կամ բացասական ազդեցություն չունի:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Այո: Համատեղ խորհրդարանական երկխոսության հանձնաժողովներ կարող են ձեւավորվել, որոնք կարող են առանցքային դեր խաղալ ապագայի համար համատեղ նախագծեր ստեղծելու գործում:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները կարող են երկխոսության համար այլընտրանքային հնարավորություններ ստեղծել: Երկու հասարակությունների միջեւ նմանությունները կարող են ընդգծվել եւ համատեղ նախագծեր կարող են իրականացվել:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Եթե կողմերից մեկը ճնշում է բանեցնում երկու ազգերի նախկինում ունեցած տհաճ փորձի ճանաչման համար, դա մյուս կողմի նկատմամբ բացասական կարծիք է առաջացնում եւ հանգեցնում է երկխոսության ուղիների փակմանը: Խնդիրը պարզաբանելու եւ երկխոսություն հաստատելու համար կարեւոր է փորձել ստեղծել օբյեկտիվ հանձնաժողով՝ կազմված բոլոր առնչվող ոլորտների ներկայացուցիչներից (հետազոտողներ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ եւ այլն):

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Օսմանյան կայսրությունում հայերը բնակչության ամենավստահելի հատվածն էին համարվում: Այդ է պատճառը, որ Մեծ վեզիրների մեծամասնությունը ծագումով հայկական համայնքից էին:

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Այդ խնդիրը նախ եւ առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ է: Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը խորանար, դա բարենպաստ ազդեցություն կունենար ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Թուրքիան տարածաշրջանի հզորագույն պետությունն է, իսկ Հայաստանը՝ զարգացող երկիր: Եթե երկրների միջեւ խնդիրները լուծված լինեին եւ հնարավոր լիներ ծավալել համաձայնեցված գործողություններ, դա կնպաստեր տարածաշրջանի տնտեսական եւ քաղաքական կայունությանը:

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:

– Էներգետիկ եւ այլ ռեսուրսների, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ոլորտներում:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Նախ, երկու երկրները պետք է դրական քայլեր կատարեն: Հիմնվելով դրա վրա, միջազգային կառույցները կարող են դեր խաղալ երկխոսության զարգացման եւ կոնկրետ նախագծերի մշակման ընթացքում:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Թուրքիան կարեւոր քայլեր է կատարել անդամակցության նպատակով: ԵՄ-ն կունենա Թուրքիայի անհրաժեշտությունն իր բնակչության ծերացման պատճառով, նաեւ այն կանխատեսման կապակցությամբ, որ 2050թ. հետո կառաջանան սոցիալական ապահովության հետ կապված խնդիրներ (կենսաթոշակներ, առողջապահական ծախսեր եւ այլն), ինչպես նաեւ հավելյալ աշխատուժի եւ հավելյալ արտադրանքի համար սպառման շուկայի կարիք: Գլոբալացող աշխարհը ԵՄ-ի համար Թուրքիայի անհրաժեշտությունն է մեծացնում, իսկ Թուրքիայի համար՝ ԵՄ-ի անհրաժեշտությունը: Եթե հարաբերությունները հիմնվեն փոխշահավետ մոտեցումների վրա, նաեւ ողջ աշխարհի համար ավելի շահավետ կլինի:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– Ավելի բարգավաճող Թուրքիան, բնականաբար, տարածաշրջանի համար առավել շատ հնարավորություններ կստեղծի:

– Ի՞նչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– Ռազմական տեսանկյունից հակառակ կողմերը թշնամի չեն ընկալվում, սակայն քաղաքական խնդիրները վնասում են քաղաքական երկխոսության զարգացմանը: Երկու երկրներն էլ պետք է առավել բաց եւ դեպի երկխոսություն միտված մոտեցումներ ցուցաբերեն:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Թուրքիայի տեսանկյունից Հայաստանը թշնամի չի ընկալվում: Թշնամու կերպար գոյություն չունի: Թուրք հասարակությունում խիստ տարածված է այն կարծիքը, որ հայկական սփյուռքը հետեւողականորեն շարունակում է պահանջատիրական պնդումներն, այսպես կոչված, ցեղասպանության մասին եւ դրսեւորում է հարձակողական մոտեցում, ինչը չի ընկալվում: Եթե այսպես շարունակվի՝ կարող է առաջանալ թշնամու կերպար:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Սա բարդ խնդիր է: Կախված է նրանից, թե երբ երկու երկրները դրական քայլեր կիրականացնեն երկխոսության ուղղությամբ:

Հարցազրույցը՝ ԷՔԻՆ ՈՒՐՋԱՆԻ

Ազատության եւ Համերաշխության կուսակցություն (Թուրքիա)

Կազմակերպության ղեկավարը՝ Ուֆուք Ուրաս

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Բարըշ Ինջե, փոխնախագահ

Կազմակերպության գործունեության ոլորտը. Քաղաքական կուսակցություն

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Առկա է լարվածություն եւ արհեստածին թշնամանք՝ պետությունների եւ մեծ տերությունների հրահրած շովինիզմի հետեւանքով:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Կառավարությունների միջեւ երկխոսության մթնոլորտը վերանում է, հատկապես երբ օրակարգում է հայտնվում հարցը. «արդյոք հայերի ջարդերը ցեղասպանությո՞ւն էին, թե՞ ոչ»: Մենք խնդրից լավատեղյակ չենք, քանի որ պաշտոնական փոխհարաբերություններում բացակայում է թափանցիկությունը: Բայց որքան մեզ հայտնի է, կողմերի միջեւ երկխոսություն չի ընթանում՝ բացի սահմանափակ առեւտրային հարաբերություններից եւ սահմանի բացման հետ առնչվող խնդիրներից:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Թուրք հասարակությունում գերակշռող տեսակետը ձեւավորվում է պաշտոնական գաղափարախոսության եւ պաշտոնական պատմագրության ազդեցությամբ: Կրթական համակարգի եւ հիմնական լրատվամիջոցների շովինիստական քարոզչության հետեւանքով թուրք հասարակությունն ընկալում է հայկական հարցը ազգայնական տեսանկյունից՝ աննշան բացառություններով:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Երկու պետությունների պաշտոնական մոտեցումները խոչընդոտում են երկխոսությանը: Ազգայնական տեսանկյունից գրված պատմությունը մի նպատակի է ծառայում՝ մարդկանց թշնամացնելուն:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Հանուն խաղաղության՝ յուրաքանչյուր քայլ արժանի է հարգանքի:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ մարդկանց միջեւ բոլոր սահմաններն արհեստական են: Մենք կողմ ենք ամեն տեսակի սահմանների եւ դասակարգերի վերացմանը: Գոյություն ունեցող սահմանները, անշուշտ, ծառայում են ազգայնական գաղափարախոսության պահպանման կողմնակիցներին եւ իմպերիալիզմի երկարաժամկետ նպատակներին:

– Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Թուրքիան պետք է սեղմի Հայաստանի պարզած ձեռքը: Բայց Հայաստանն էլ ցեղասպանության հետ կապված խնդիրը պետք է լուծի ոչ թե իմպերիալիստական տերություններին դիմելու միջոցով, այլ աշխատի սպիացնել անցյալի վերքերը՝ երկու հասարակություններին միավորելու միջոցով:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում:

– Առեւտրի զարգացումը չնայած դրական բան է, սակայն միակ լուծումը չէ: Չնայած երկու երկրների առեւտրականներին միավորելը կարեւոր խնդիր է, երկու երկրների պրոլետարական դասակարգերի մերձեցումն ավելի նախընտրելի է: Դա հնարավոր է միայն գոյություն ունեցող կապիտալիստական ազգային պետությունների համակարգը էգալիտար, ազատական եւ խաղաղ համակարգով փոխարինելու միջոցով:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Ոչ մի բացասական հետեւանք չի լինի:

– Ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Նախ պետք է ձեւավորվի համապատասխան մթնոլորտ՝ մշակութային համագործակցության համար: Այնուհետեւ պետք է կազմակերպվի երկու կողմերի պրոլետարական դասակարգերի պայքարն՝ ընդդեմ ազգայնականության:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Այդօրինակ գործողությունները մենք կարեւոր ենք համարում:

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Մեր համոզմամբ, տարբեր դավանանքները եւ տարբեր լեզուները պետք է համարվեն տարածաշրջանի հարստությունը: Սակայն հետադիմական-ֆաշիստական ուժերն օգտագործում են այդ տարբերությունները՝ թշնամանք հրահրելու համար:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Ազգայնական եւ պահպանողական կուսակցությունները բացարձակ մեծամասնություն ունեն Թուրքիայի ներկայիս խորհրդարանում: Սակայն Ազատության եւ Համերաշխության կուսակցությունը, որպես հանուն խաղաղության եւ ժողովրդավարության պայքարող կուսակցություն, նույնպես կարող է մուտք գործել խորհրդարան: Երկու երկրների խորհրդարաններում էլ խաղաղության, ժողովրդավարության եւ հավասարության կողմնակից կուսակցությունները պետք է ընդլայնեն երկխոսությունը:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– ԶԼՄ-ները բոլոր երկրներում կարեւոր ուժ են ներկայացնում: Սակայն գերիշխող ԶԼՄ-ները, ելնելով իրենց դասակարգային դիրքերից, չեն ցանկանում, որ ազգայնականության մթնոլորտը փոփոխվի: Սակայն Թուրքիայում գոյություն ունեն նաեւ ձախակողմյան, ժողովրդավարական թերթեր, օրինակ «Բիրգյուն», «Էվրենսել», «Գյունդեմ»: Այս թերթերը մեծ պարտականություն ունեն խնդրո առարկայի վերաբերյալ: Հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են գործել ազգայնական քաղաքականության դեմ:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Օսմանյան կայսրությունը բազմազգ կառուցվածք ուներ եւ այնտեղ տարբեր ժողովուրդներ էին բնակվում: «Բայա», ինչպես հայտնի է, իշխող դասակարգը ծագումով թուրքա-իսլամական էր: Չնայած նրանք ճանաչում էին այլ ժողովուրդների ինքնությունը՝ նրանք չէին ցանկանում, որ այլազգիները ղեկավար դիրքերում հայտնվեին: Կոլապսային իրավիճակում հայտնված պետության փրկության նպատակով առաջացած ազգայնական մոտեցումների հետեւանքով կարեւորվեց թուրքական ինքնության ստեղծումը՝ ինչին հաջորդեց ոչ մահմեդական եւ ոչ թուրք ժողովուրդների հետապնդումը: Այդ իրավիճակում հայերը հավանաբար ամենամեծ վնասը կրողներն էին: Սակայն թուրք ժողովրդին դրանում մեղադրելը նույնպես ազգայնական շեղում է: Որովհետեւ կայսերական համակարգում իշխող դասակարգերը մեծապես ճնշում են նաեւ սեփական պրոլետարիատին, գյուղացիներին, աղքատներին:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ., ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Այդ ճնշումը մեծացնում է շովինիստական ազդեցությունը թուրք ժողովրդի վրա: Երկու հասարակությունների միջեւ առկա լարվածությունն իմպերիալիզմի ներգրավմամբ անլուծելի է դառնում:

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Թուրք հասարակությունում որոշ հզոր ուժեր հանդիսանում են թուրանիզմի հետեւորդներ եւ օգտագործում են ադրբեջանցիների ու թուրքերի միջեւ ազգակցական կապերը: Այդ քաղաքականությունն իր ազդեցությունն է թողնում նաեւ մեր ժողովրդի վրա: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրները թուրք հասարակությունում բացասական տրամադրություն են ստեղծում Հայաստանի նկատմամբ: Դրանք արհեստական տրամադրություններ են: Մենք կարծում ենք, որ ազգային պետությունների միջեւ առկա սահմանային խնդիրները կեղծ են եւ հասարակությունների համար կարեւորություն չեն ներկայացնում:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Լարված հարաբերությունները խնդիրներ են հարուցում նաեւ զարգացման համար:

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ-թուրքական շահերը համընկնում են:

– Երկու երկրների միջեւ խաղաղության հաստատումը կարեւոր է նաեւ տարածաշրջանային խաղաղության հաստատման համար: Այս երկու եղբայրական հասարակությունները պետք է խաղաղության կոչ անեն՝ տարածաշրջանում իմպերիալիստական խաղերի եւ պատերազմական մթնոլորտի դեմ: Դա նպաստավոր կլիներ թե այս երկու հասարակությունների, թե տարածաշրջանի մյուս հասարակությունների համար:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:

– Մենք պաշտպանում ենք ոչ թե երկրների համընկնող շահերը, այլ այդ երկրներում բնակվող աղքատ պրոլետարների համընկնող շահերը: Երկրները միատարր չեն: Օրինակ, մասնավորեցումը Թուրքիայում ձեռնտու է որոշ մարդկանց, սակայն մյուսներին ձեռնտու չէ: Կամ, օրինակ, արտասահմանյան կապիտալի մուտքը ձեռնտու է որոշ կապիտալիստական շրջանակների, սակայն կարող է վնասակար լինել մանր առեւտրականների համար: Մեր կարծիքով, երկու երկրների պրոլետարների, աղքատների շահերը համընկնում են՝ անհրաժեշտ է պայքար հանուն խաղաղության, ժողովրդավարության, եղբայրության եւ հավասարության, հանուն միասին բնակվելու՝ եղբայրների պես:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Որոշ այդպիսի կառույցներ ծառայում են միմիայն իմպերիալիզմի շահերին: Սակայն մենք գնահատում ենք այն միջազգային կառույցները, որոնք պայքարում են հանուն խաղաղության:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Մեր կուսակցությունը Թուրքիայում պայքարում է հանուն հավասարության եւ խաղաղության: Մենք կողմնակից ենք համատեղ պայքարի՝ այն կազմակերպությունների հետ, որոնք Եվրամիությունում նույն պայքարն են մղում: Մենք պաշտպաններն ենք պրոլետարական Եվրոպայի՝ ընդդեմ կապիտալի Եվրոպայի: Մենք դեմ ենք Եվրամիությանը, քանի որ այն շարունակում է ծառայել կապիտալիստական շահերին: Սակայն մենք օգտագործում ենք բոլոր միջազգային հնարավորությունները՝ իրավիճակը փոխելու համար: Օրինակ՝ մեր կուսակցությունն անդամակցում է Եվրոպական ձախերի կուսակցությանը:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– Ժողովրդավարացումը չի կարող դրսից ներդրվել՝ որոշ կառույցների ճնշմամբ: Մենք կողմնակից ենք, որ երկու երկրներում ժողովրդական զանգվածները պայքարեն հանուն ժողովրդավարության: Չենք կարծում, որ խնդիրները կարող են լուծվել՝ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու միջոցով:

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու կերպար»:

– Երկու երկրներում էլ կան այնպիսիք, ովքեր մյուսներին դիտում են որպես թշնամիներ կամ եղբայրներ: Կարելի է նկատել, որ երկու երկրներում էլ ուժեղանում են ֆաշիստական տենդենցները: Սակայն, ինչպես երեւաց Հրանտ Դինքի թաղման ժամանակ՝ կան մարդիկ, որոնք ընդդիմանում են այդ տենդենցներին: Թուրք առաջադիմականների՝ «բոլորս հայեր ենք» հայտարարությունը շատ կարեւոր է հայերի համար: Մենք ակնկալում ենք, որ հայ հասարակությունը կգնահատի դա եւ ձեռք կմեկնի Թուրքիայի ժողովրդավարական համայնքին:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու կերպարից»:

– Թշնամանքը լրիվ արհեստական է: Անհնար է սերմանել այդօրինակ թշնամանք ժողովուրդների միջեւ: Մենք պետք է ձգտենք վերացնելու այդ արհեստածին վիճակը:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Երկու երկրներում էլ պետք է ի հայտ գա խաղաղության կողմնակից ընդդիմություն:

– Ունե՞ք որեւէ լրացում:

– Մեր երկու հասարակություններն ընդհանուր մշակույթի տեր են: 1915-ին իշխանավորների կազմակերպած ջարդերի համար այսօրվա թուրք պրոլետարները պատասխանատվություն չեն կրում: Այդ պատճառով հայերը թուրքերին որպես թշնամի չպիտի ընկալեն: Ներկայիս խնդիրները իշխող ազգայնական խմբավորումների սադրանքի արդյունք են: Ֆաշիզմը բոլորի համար օգտակար է դարձել: Մենք, որպես թուրք առաջադիմականներ, ժողովրդավարներ եւ հեղափոխականներ, հավատացած ենք, որ մեր երկու ժողովուրդները եղբայրներ են: Մենք շեշտում ենք, որ անհրաժեշտ է միասնական պայքար՝ հանուն խաղաղության: Եթե որեւէ հայի վնաս է հասցվում՝ հայ լինելու պատճառով, այդ պահին բոլորս հայեր կլինենք, հայի զգացողություն կունենանք: Նույն կերպ բոլորս թուրքեր կլինենք, թուրքի զգացողություն կունենանք՝ եթե Գերմանիայում ֆաշիստները տուն կայրեն, նույն կերպ ԱՄՆ-ում աֆրոամերիկացիներ կլինենք: Մենք դիմում ենք կոչով Հայաստանի առաջադիմական, ժողովրդավար եւ խաղաղասեր համայնքին՝ միասին պայքարելու ազգայնականության եւ կապիտալի իշխանության դեմ: Եկեք միասին դեն նետենք իմպերիալիզմը, աղքատությունը եւ ֆաշիզմի բոլոր տեսակները՝ պատմության աղբանոց:

Հարցազրույցը՝ ՉԻՉԵՔ ՋՈՇՔՈՒՆԻ

Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի նվիրատվության շնորհիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել