Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա ո՞վ է «առնվազն ոչ ազնիվ»

Մարտ 26,2008 00:00

Երեկվա համարում հրապարակել ենք ՕԵԿ մամուլի ծառայության պատասխանն «Առավոտի» մարտի 22-ի համարում հրապարակված «Արտակարգ սուտ» վերնագրված հետեւյալ լուրին. «Մարտի 4-ին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների կողմից համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո ասուլիսում Արթուր Բաղդասարյանն անդրադարձել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե ինքը կալանքի տակ է, եւ պնդել. «Ես ինքս առանց անվտանգության գնում էի հանրահավաքների, թող գար իր հանրահավաքի մարդկանց հանգստացներ»: Հիշեցնում ենք՝ վերջին տարիներին «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը ոչ միայն որեւէ հանրահավաքի, այլ անգամ հարցազրույցի չի գնացել առանց թիկնապահների»: ՕԵԿ մամուլի ծառայությունն այս լուրն այսպես է վերաշարադրել. «Իբր Արթուր Բաղդասարյանը ոչ միայն հանրահավաքի, այլ նաեւ հարցազրույցի է գնում թիկնապահների ուղեկցությամբ, ինչը եւ խորհուրդ է տրվել Լ. Տեր-Պետրոսյանին՝ հիմնավոր չհամարելով նրա՝ տնային կալանքի մասին լուրերը: Հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում «արտակարգ սուտ» համարող լրագրողը, բայց նշենք, որ խոսքը պետական պահպանության մասին է, ինչի ծառայություններից Արթուր Բաղդասարյանը չի օգտվում շուրջ երեք տարի»: ՕԵԿ մամուլի ծառայության խղճին թողնենք լուրին նրա հավելած «ինչը եւ խորհուրդ է տրվել Լ. Տեր-Պետրոսյանին» արտահայտությունը, եւ անդրադառնանք ճշտմանը, թե խոսքը եղել է պետական պահպանության մասին: Մենք Արթուր Բաղդասարյանի խոսքից մեջբերումն արել էինք «Ազգ» օրաթերթի մարտի 5-ի համարից՝ https://www.azg.am/AM/2008030507: Հավելենք կառավարության պաշտոնական կայքէջում մարտի 4-ին հրապարակված (https://www.gov.am/armversion/information_centre_8/official_news.php?date=1204574400) Արթուր Բաղդասարյանի խոսքի վերծանությունը. «Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարում է, թե ինքը տնային կալանքի տակ է: Ես ինքս շատ երկար ժամանակ առանց որեւիցե, ժողովրդի լեզվով ասած, ախրանայի, ման եմ եկել»: Կարծում ենք, ակնհայտ է, որ նա նկատի է ունեցել ոչ թե հատկապես պետական պահպանությունը՝ ինչպես այժմ ներկայացվում է «Առավոտին» ուղարկված պարզաբանման մեջ, այլ ընդհանրապես թիկնապահներին, որոնց ծառայություններից անցած տարիներին օգտվել է նաեւ Արթուր Բաղդասարյանը, ինչը եւ մատնանշել էինք մեր լուրի մեջ: Ուստի ՕԵԿ մամուլի ծառայության կողմից հանիրավի կշտամբանք էր ներկայացված. «Այնպես որ, այս ամենը արտակարգ սուտ որակելը առնվազն ազնիվ չէ»: Մեր գնահատականը մնում է ուժի մեջ, մանավանդ՝ ՕԵԿ այս պատասխանից հետո: Ա. Ի.Հ. Գ. Ի դեպ, ըստ «Ա1+»-ի՝ Արթուր Բաղդասարյանը թիկնապահների ուղեկցությամբ է հեռացել անգամ երեկ «Հայաստան-Եվրոպա-2008» թեմայով միջոցառումից՝ չպատասխանելով միջանցքում իրեն սպասող լրագրողների՝ «Դուք զգո՞ւմ եք ձեր մեղքի բաժինը մարտի 1-ի դեպքերի համար», «Դուք փետրվարի 29-ին գիտեի՞ք, որ իշխանությունները զենք են բարձրացնելու ժողովրդի վրա» եւ այլ հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել