Այս օրերին շուկայում ազոտական պարարտանյութերի գնի կտրուկ աճ է նկատվում: Եթե աշնանը մեկ պարկ պարարտանյութը գյուղացիները ձեռք էին բերում 4700-5500 դրամով, հիմա այն արժե 6300-7000 դրամ: Այդ առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում գյուղնախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ իրենք այդ թանկացումը կանխատեսել էին դեռեւս աշնանը, քանի որ Ուկրաինայում եւ Ռուսաստանում պարարտանյութն արդեն թանկացել էր: Ըստ Գ. Պետրոսյանի, այդ մասին մարզպետարանների միջոցով գյուղացիներին տեղեկացրել էին ու զգուշացրել, որ գյուղապետարաններում հերթագրվեն եւ մինչեւ դեկտեմբերի 31-ը ձեռք բերեն էժան պարարտանյութ՝ մեկ պարկի համար վճարելով 3800 դրամ. «Սակայն համայնքապետերի մեղքով, մինչեւ նշված ժամանակահատվածը մեր նախատեսած 20 հազար տոննայի փոխարեն հավաքագրվել էր 13 հազար տոննայի գումար, այդ քանակի պարարտանյութը բաժանել ենք, այժմ էլ մնացած 7 հազար տոննայի համար կառավարությունը գումար է հատկացրել, որպեսզի այն ձեռք բերենք հին գնով եւ հատկացնենք գյուղացուն»: Գ. Պետրոսյանը նշեց, որ հատկացման գործընթացը կսկսվի 2-3 օրից: Նա նշեց, որ պարարտանյութի իրական շուկայական գինը հայտնի կդառնա ապրիլի կեսերից. «Հիմա ինչ գին ուզում են՝ կրակում են, շուկայի իրական պատկերը կերեւա մեկ-երկու շաբաթից»: Մեր հարցին, թե կառավարությունը կմիջամտի՞, եթե ներկայիս գները պահպանվեն, պրն Պետրոսյանը նշեց. «Կառավարության միջամտությունը էժան գներով պարարտանյութի ձեռքբերումն է, դրանով աջակցում ենք փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին, իսկ ավելի խոշորներն ի վիճակի են պարարտանյութը շուկայից գնելու»: Նշենք, որ էժան գներով պարարտանյութը գյուղացուն հատկացնում են առավելագույնը 500 կիլոգրամ, մինչդեռ, գյուղացիների խոսքերով՝ իրենց շատ ավելին է պետք, բացի այդ, գումարները հավաքագրում են ձմռան նախաշեմին եւ շատերն այդ սեզոնին գումար չեն ունենում, հազիվ մի 2-3 պարկի համար են կարողանում վճարել: Այս վիճակից օգտվում են գյուղի ունեւորները, նրանք ուրիշի անուններով են պարարտանյութը վերցնում՝ մի մասը վաճառում են, մի մասն էլ օգտագործում իրենց տնտեսություններում: