Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են բարեփոխել

Մարտ 26,2008 00:00

Երեկ հրավիրված ասուլիսին ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին: Ըստ նրա, այժմ Հայաստանում գործում է միջին մասնագիտական պետական 80 եւ ոչ պետական 30 քոլեջ ու 28 պետական արհեստագործական ուսումնարան: Ա. Աղբալյանը հայտնեց, որ 2008 թ. պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին կհատկացվի 2520 ուսուցման տեղ՝ 93 մասնագիտությունների գծով, իսկ նախնական մասնագիտական կրթության համար՝ արհեստագործական ուսումնարաններին՝ 2585 անվճար ուսուցման տեղ՝ 25 մասնագիտությունների գծով: Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվճար տեղեր զբաղեցնելն իրականացվելու է մրցութային կարգով՝ ընդունելության քննությունների արդյունքներով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթի հիման վրա: Վարչության պետի համոզմամբ, նախնական եւ միջին մասնագիտական ոլորտները լուրջ բարեփոխումների, արագացված եւ արդյունավետ զարգացման կարիք ունեն: Ա. Աղբալյանը հայտնեց, որ 2008-2010 թթ. համար՝ ԵՄ Հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում ՀՀ-ին պետք է տրամադրվի 15 մլն եվրո, ինչն էլ ուղղվելու է ոլորտի բարեփոխումներին:Անդրադառնալով ձեռքբերումներին, պրն Աղբալյանը կարեւորեց 2008 թ. Մասնագիտական կրթության ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ձեւավորումը. «Սա այն կառույցն է, որը հիմնական բարեփոխումների կրողն ու օժանդակություն ցույց տվողը պետք է լինի: Այն առայժմ ձեւավորվել է Ազգային ինստիտուտի կազմում՝ առանձին հիմնարկի կարգավիճակով, 11 հաստիքով: Նախատեսել ենք, որ հետագայում հաստիքների թիվը կավելանա, կենտրոնն էլ կառանձնանա ու կունենա առանձին հիմնարկի կարգավիճակ»: Վարչության պետը հավելեց, որ արդեն պատրաստ է նաեւ վարչապետի որոշումը՝ Մասնագիտական ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու մասին, որտեղ կընդգրկվեն հ/կ-ներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, արհմիություններ, գործատուներ: Ա. Աղբալյանը տեղեկացրեց նաեւ, որ 2007-2010 թթ. Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի կողմից էլ իրականացվում է «Աշխատանք եւ հմտություններ» ծրագիրը, որը նպատակ ունի կրթությունը համապատասխանեցնել աշխատանքի շուկայի եւ գործարար աշխարհի պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է 2007թ. ՄԱԿ-ի «Օժանդակություն միջին եւ մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին» ծրագրին, այս առիթով էլ բանախոսը նշեց, որ ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել են 5 ուսումնական հաստատությունների վերանորոգման, կրթական չափորոշիչների, մոդուլային ծրագրերի եւ դասախոսների վերապատրաստման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել