Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆ. «ՊԵԿԻՆՈՒՄ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆՍ ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ԻՆՁ»

Մարտ 26,2008 00:00

\"\"Հրաձիգ Նորայր Բախտամյանը ոչ միայն օգոստոսին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի առաջին մարզիկն է, այլեւ օլիմպիական մեդալի մեր ամենահավանական թեկնածուներից մեկը:

– Նորայր, ե՞րբ եւ ո՞ր մրցումում վարկանիշ ձեռք բերեցիր:

– Անցած տարվա մայիսին Մյունխենում անցկացված աշխարհի գավաթի առաջնության փուլում:

– Իհարկե, լավ է, որ մարզիկն օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքն այդքան վաղ է ստանում: Բայց դրանից հետո պայքարի սրության, մշտապես լավ մարզավիճակում գտնվելու պատասխանատվության զգացումի բթացման վտանգ չկա՞:

– Ընդհակառակը, ձեր ասած պատասխանատվության զգացումը բազմապատկվում է: Մեր մարզաձեւում բարձրակարգ մրցումներն ամբողջ տարվա ընթացքում հաջորդում են միմյանց: Եվ եթե դրանց մասնակցում ես՝ պարզապես չես կարող մշտապես լավ մարզավիճակ չպահպանել:

– Որքան հիշում եմ, Մյունխենից հետո դու հանդես եկար մի քանի միջազգային մրցաշարերում, սակայն արդյունքներդ այնքան էլ բարձր չէին:

– Այո: Դա կապված էր առողջության հետ: Հրաձգությունն իր առանձնահատկություններն ունի: Մարզիկը մարզումների եւ մրցման ժամանակ միշտ նույն դիրքում է գտնվում: Իմ պարագայում ողնաշարի հետ կապված խնդիր էր առաջացել՝ նյարդս սեղմվում էր, ինչն էլ խանգարում էր դիպուկությանս: Բավականին երկար ժամանակ է, որ մարզումների հետ զուգահեռ բուժման կուրս եմ անցնում մեր սպորտդիսպանսերում՝ Տիգրանուհի Աղաջանյանի մոտ: Հիմնական բարդությունները, կարծես, անցել են: Դա են վկայում վերջին մրցելույթներս: Այս տարի կրկին Մյունխենում անցկացված միջազգային խոշոր մրցաշարում 3-րդ տեղ եմ գրավել, դրանից հետո Եվրոպայի առաջնությունում 2-րդ արդյունքով մտել եմ եզրափակիչ ու առաջնությունն ավարտել 4-րդ տեղով: Պլանավորել եմ մասնակցել Պեկինում (ապրիլին), Մյունխենում եւ Միլանում (մայիսին) կայանալիք աշխարհի գավաթի առաջնության փուլերին, որոնք անչափ կարեւոր են օլիմպիական խաղերի նախաշեմին լավագույն մարզավիճակ ձեռք բերելու համար: Հույս ունեմ, որ այդ ընթացքում նաեւ լրիվ կապաքինվեմ:

– Որտե՞ղ ես հիմա մարզվում:

– Երեւանի նորաբաց հրաձգարանի մարզադպրոցում, որը հագեցած է տեխնիկական վերջին սարքավորումներով ու թիրախներով: Այն թիրախներով, որոնք օգտագործվում են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու լինելու են նաեւ օլիմպիական խաղերում: Դա շատ կարեւոր հանգամանք է: Բացի դա, Երեւանում մարզվելը նպատակահարմար է նաեւ այն պատճառով, որ Հայաստանն ու Չինաստանը գտնվում են աշխարհագրական նույն գոտում ու բնակլիմայական պայմաններն էլ շատ ընդհանրություններ ունեն: Այնպես որ, Խաղերի ժամանակ կլիմայափոխության անհրաժեշտություն գրեթե չի լինի: Պատահական չէ, որ արդեն մեր մարզադպրոցում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու ցանկություն ունեն Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի օլիմպիական հավաքականները:

– Հրաձգությունում, մարզիկի հոգեկան հավասարակշռության աստիճանից բացի, շատ կարեւոր են նաեւ զենքն ու օգտագործվող փամփուշտների որակը: Այդ հարցում խնդիրներ ունե՞ս:

– Ոչ: Զենքերս գերժամանակակից են: Փամփուշտների ընտրության խնդիրներն էլ են լուծված: Առաջ օգտագործում էի գերմանական արտադրության փամփուշտներ, իսկ հիմա անցել եմ անգլիականի, որոնք ավելի որակյալ են:

– Մեկ մարզման ժամանակ քանի՞ փամփուշտ ես կրակում:

– Առնվազն 70: Դա պաշտոնական մրցումներին ընձեռվող կրակահերթերի նվազագույն քանակն է:

– Շա՞տ թանկ հաճույք է:

– Ոչ շատ թանկ է, ոչ էլ էժան: Մեկ տուփը (50 փամփուշտ) ձեռք ենք բերում մինչեւ 15 եվրոյով:

– Դու հանդես ես գալիս ատրճանակով՝ 50 եւ 10 մետր մրցատարածություններում: Որո՞ւմ ես ավելի վստահ զգում:

– Երկուսում էլ՝ հավասարապես:

– Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակ եզրափակիչում մինչեւ 7-րդ կրակահերթն ընթանում էիր առաջին տեղում: Ութերորդում մի թեթեւ վրիպեցիր ու արդյունքում՝ զբաղեցրիր 4-րդ հորիզոնականը: Մրցման ավարտից անմիջապես հետո ինձ ասացիր, որ չհասկացար, թե ինչ կատարվեց:

– Մեր մարզաձեւում՝ մանավանդ եզրափակիչ փուլում, մարզիկի վրա հոգեբանական այնպիսի ծանրաբեռնվածություն է ընկնում, որ հաճախ ինքն էլ չի հասկանում, թե տվյալ պահին ինչ է կատարվում իր հետ: Աթենքում ես հայտնվեցի հենց այդպիսի վիճակում եւ այդ մի վրիպումը ճակատագրական եղավ՝ զրկվեցի մեդալից:

– Չինաստանում մեդալ կնվաճե՞ս:

– Հույս ունեմ՝ այո: Ու հույսս կապում եմ փորձառությանս հետ: Հատկապես Աթենքից հետո ես մշտապես աշխատում եմ իմ հոգեբանական կայունության վրա: Կարծես ստացվում է: Ժամանակից առաջ չանցնենք, բայց որ մեդալի համար պայքարելու եմ՝ միանշանակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել