Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեխնիկական» վարկածը

Մարտ 26,2008 00:00

Հայաստանը կգնա «դասակա՞ն» ճանապարհով

Եթե Հայաստանում ամեն ինչ զարգանար դասական սցենարով, ապա հաջորդ վարչապետը պետք է լիներ Հանրապետական կուսակցության հայտնի դեմքերից մեկը: Այս դեպքում տրամաբանությունը պարզ է. 2005 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն, խորհրդարանի դերը վարչապետ նշանակելու եւ ընդհանրապես կառավարություն ձեւավորելու հարցում զգալիորեն մեծանում է, եւ, նախագահը, ըստ օրենքի, պարզապես հնարավորություն չունի վարչապետ նշանակելու առանց ԱԺ մեծամասնության կամքի հետ հաշվի նստելու: Հետեւաբար, կառավարությունը պետք է ղեկավարի հենց այդ մեծամասնության ներկայացուցիչը: Մանավանդ որ, նորընտիր նախագահն էլ այս կուսակցության ղեկավարն է:

Հայաստանը, սակայն, «դասական» երկիր չէ: Նախ՝ մեզանում չկա որեւէ վստահություն որեւէ (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունների վերաբերյալ, եւ խորհրդարանական մեծամասնությունը դժվար թե արտահայտի հասարակության մեծամասնության դիրքորոշումն ու տեսակետները: Երկրորդ՝ այդ մեծամասնության զգալի մասը թեեւ հիմնականում ձեւականորեն կուսակցության անդամներ են, բայց իրականում խիստ ապաքաղաքական են, եւ մտել են ԱԺ եւ ՀՀԿ՝ իրենց բիզնեսն ապահովագրելու համար: Մասնավորապես, այս պատճառներով է, որ քննարկվում են վարչապետի ոչ միայն հանրապետական թեկնածուները, այլեւ բազմաթիվ այլ տարբերակներ:

«Տեխնիկական» վարչապետի (կամ նախարարի) փորձն ունեն մեզ նման «ոչ դասական» երկրները: Հիշեցնեմ, օրինակ, որ Ռուսաստանում այդպիսիք էին թե՛ Ֆրադկովը եւ թե՛ ներկայիս վարչապետ Զուբկովը: Ի՞նչ խնդիրներ էին նրանք իրականացնում: Ուժեղ ու ժողովրդի կողմից ընդունված նախագահի մոտ նրանք, քաղաքականությունից հեռու լինելով, կատարում էին զուտ տնտեսական ֆունկցիաներ, եւ Պուտինը վստահ էր, որ նրանք չեն զբաղվի որեւէ տնտեսական խմբի լոբբինգով: Հիմա, ճիշտ է, իրավիճակը Ռուսաստանում կփոխվի, երբ վարչապետ կդառնա հենց Պուտինը, եւ արդեն պարզ չի լինի, թե ով է երկրի առաջին դեմքը՝ նախագա՞հը, թե՞ կառավարության ղեկավարը:

Վրաստանում նույնպես կարելի է գտնել նման մի դեպք: Այստեղ «տեխնիկական» (ապակուսակցական, ապաքաղաքական) նախարարի պաշտոնն է զբաղեցնում ռուսաստանցի նախկին օլիգարխ Կախա Բենդուկիձեն, որն իր հայրենիք է եկել՝ տնտեսությունը ժամանակակից հիմքերի վրա դնելու համար (Բենդուկիձեն տնտեսական զարգացման նախարար է): Վրաստանի նախագահ Սահակաշվիլին հրավիրել էր նրան՝ հաշվի առնելով Բենդուկիձեի՝ խոշոր տնտեսական կառույցներ ղեկավարելու հարուստ փորձը:

«Տեխնիկական» փորձերից անմասն չէր մնացել նաեւ Հայաստանը: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս հնարավորություն չուներ վարչապետի պաշտոնում նշանակել ՀՀՇ ներկայացուցչի, եւ սկզբից Բրիտանիայից բերեց Արմեն Սարգսյանին, իսկ հետո Ղարաբաղից՝ Ռոբերտ Քոչարյանին, որոնք որեւէ քաղաքական ուժ չէին ներկայացնում: Վերջինս էլ, նախագահ դառնալով «իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսով, նշանակեց, այսպես կոչված, «արհեստավարժների» կառավարություն, որը, ճիշտ է, երկար կյանք չունեցավ:

Այսօր Հայաստանի մամուլում քննարկվում են վարչապետի եւ նախարարների տարբեր անուններ: Շրջանառվում է, մասնավորապես, նաեւ «տեխնիկական» վարկածը: Այստեղ, իմ կարծիքով, հստակություն պետք է լինի տերմինաբանության մեջ. եթե մարդը որեւէ պաշտոն է զբաղեցնում, նա չի կարող «տեխնիկական» լինել՝ նա այսպես թե այնպես տվյալ քաղաքական թիմի անդամ է: Այս առումով «տեխնոկրատ» կարելի է համարել պաշտոն եւ պատգամավորական մանդատ չունեցող, անկուսակցական գործարարներին: Այդ առումով շրջանառվում է, ասենք, Հրանտ Վարդանյանի անունը: Սակայն կգնա՞ արդյոք նորընտիր նախագահը նման «ոչ դասական» քայլերի: Ժամանակը ցույց կտա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել