Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ

Մարտ 26,2008 00:00

\"\"That is the question!

Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է լինի, վերարտադրվելն է:

Վերարտադրվելն ինքնանպատակ է նրանց համար, քանի որ նրանք կարծում են, թե Հայաստանը ոչ թե ժողովրդին պատկանող երկիր է, այլ մի հողատարածք, որտեղ եւ պետք է իշխեն իրենք՝ «գահաժառանգները»: Իրենց պատկերացումներում հանրապետություն հասկացությունը գոյություն չունի, քանի որ հանրությունն ի՞նչ է, նրանք չգիտեն: Էլ ուր մնաց, որ իմանան, թե պետությունը ուրիշ քաղաքակրթություններում պատկանում է հանրությանը:

Նրանց ուղեղներին հասու չէ ժողովրդին ծառայելու, հանրության օգտին աշխատելու գաղափարն իսկ եւ նրանք հակառակը պատկերացնելով, կարծում են, որ ժողովուրդը պետք է նրանց ծառայի:

Նրանք չեն հասկանում, որ ժողովուրդն է ձեւավորում իշխանություններին եւ գործելով հակառակն ապացուցելու մոլուցքով, իրենք են փորձում ժողովրդին ձեւավորել: Ձեւավորել այդպես, ինչպես նրանք են ցանկանում եւ իրենց ձեւավորածին պատկերացնում միայն ֆեոդալական կացութաձեւին հատուկ կարգավիճակում: Նրանց ցանկությունը մեկն է՝ ունենալ կույր, խուլ ու համր հավաքականություն եւ այդ տիրույթներում լսել իրենց հաճելի միակ երաժշտությունը՝ լռության սիմֆոնիան:

Ահա սա է Հայաստանում իշխանություն ներկայացնող փոքրաթիվ մի խումբ մարդկանց մտածելակերտվածքը, այսինքն՝ մենթալիտետը: Եվ հենց այդպիսի մտածելակերտվածքի կրողը հանդիսացողների մոտ առկա բարդույթների պատճառով էլ մեզ մոտ ժողովուրդը հաճախ հայտնվում է զոհի կարգավիճակում: Նա զոհ է, պարզագույն զոհ: Զոհ, հենց այնքան, ինչքան մատաղացու գառները, մի տարբերությամբ, որ այդ չորքոտանիները գոնե անմեղ են: Իսկ ասունների աշխարհին պատկանող ժողովուրդը մեղավոր է, որովհետեւ ինքնիրեն գառ պատկերացնելով՝ սպասում է հերթական գայլի հարձակմանը, որպես հոշոտման ենթակայի դերի մեջ մտածի եւ արդյունքում՝ իր կամքով են նրան հոշոտում, թե իր կամքին հակառակ, այդքան էլ էական չի լինում: Չի լինում, քանի որ նախ գայլերի փորը միշտ էլ լավ կուշտ է լինում, հետո էլ պարզ չէ, որ կուշտը սովածի հալից չի հասկանում: Գառները, ճիշտ է, միշտ էլ շատ-շատ են լինում ու միասին, կողք կողքի են ապրում, իսկ գայլերը մի փոքր ոհմակով անընդհատ տեղափոխվելով՝ գաղտագողի են ապրում: Դե, միեւնույն է, շատ քիչ լինելով հանդերձ, նրանց միշտ էլ հաջողվում է որսալ իրենցից շատ ու շատ եղող գառներին, քանի որ այդ գառներին անհայտ մի ձայն ասել է, թե «սա է բնության օրենքը» եւ խեղճերն էլ հավատացել ու մշտապես հլու-հնազանդ ենթարկվել են բնության այդ օրենքին:

Ինչքան նման է մեր ապրած իրականությանը վերեւում պատմածը ու ինչքան վիրավորական բնության ամենա, չէ՝ միակ «բանական էակ» հանդիսացող մարդուս համար արված համեմատությունն իսկ: Ապա բանականի վիրավորվածությունից մինչեւ մյուս վիրավորվածությանը հասնելը ընդամենը մեկ ընտրություն է: Ավելի ճիշտ, մինչեւ մյուս ընտրություն:

Ի՞նչ անենք, սա է իրերի դրվածքն ու մեզ հասանելին ու բավարարվելով եղածով, մեզ բաժին ընկած օրը «մենք այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում»:

Մեզ մոտ, այն էլ խորհրդային ժամանակաշրջանում, երազելիին հասնելու ուղղությամբ առաջին լուրջ քայլը արվել է 1988թ. սկսած արցախյան շարժման շնորհիվ եւ երկու տարի տեւած պայքարի արդյունքում ձեռք բերվածը եղել է անկախ Հայաստանը: Անկախ Հայաստանն էլ իր հերթին երկարատեւ ու դժվարին պայքարի արդյունքում ձեռք է բերել ազատ Արցախ: Այս երկու ձեռքբերումից հետո արդեն հոգնած ու հյուծված ժողովուրդը ընդմիջել է, հանգստանալու համար մի փոքր դադար է վերցրել՝ իր սկսած պատմական առաքելությունը ավարտին հասցնելու գործում: Իր գործի ավարտը՝ անկախություն-ազատության պատմական ձեռքբերումների ամրացումների եւ դրանց անշրջելիության ապահովմամբ պայմանավորող ժողովուրդը հիմա կրկին ոտքի է կանգնել: Մտածում է հաստատ, որ իր պայքարի շնորհիվ ձերք բերվածը վտանգված է եւ անցնող ժամանակահատվածում հայտնված «ինքնակոչ իշխանները» ապաշնորհ գտնվելով վատնում, փոշիացնում են ամեն ձեռքբերում, ամայացնելով երկիրը իր յուրայիններից: Սա է, հավանաբար, ժողովրդի հոգու խորքում տարիներ շարունակ կուտակված ցավից ազատվելու նպատակով ոտքի կանգնելու եւ իրեն ցավ պատճառողներին ապտակելու շարժառիթը:

Հստակ է, որ ամեն ինչ սահմանվում, պարփակվում է ինչ-որ ժամանակի, տարածության մեջ: Այժմ, ըստ ժողովրդի նետած քայլերի, հասկանում ենք, որ ժամանակը սպառվել է ու քայլելու տարածությունը հատել, վերջացել է վաղուց: Եղածը փոխելու, իրենց ժամանակը ի չարս օգտագործողներին հեռացնելու ժամն է արդեն: Ահա այս իմաստն է պարունակում 2008թ. փետրվարի 19-ին ժողովրդի մեծամասնության անվստահությանն ու պարսավանքին արժանացածների մոտ ի հայտ եկած վախը, սարսափն ու խուճապը: Նրանք ավելի շատ վախենում էին ոչ թե պարտվելուց, այլ պատժվելուց: Քանի որ ամենալավն իրենք գիտեն, թե առաջինը լավ է, երկրորդը բավ է, երրորդը՝ ցավ: Եվ գիտեին, որ մարդկանց անասուններից տարբերող ամենակարեւոր բանը հիշողությունն է: Մարդիկ հիշում էին 1998 եւ 2003թթ. իրենց պարտադրված վիրավորանքը եւ անցնող ժամանակը չէր բուժել ծանր հետք թողած վերքը: Հայ մարդկանց սրտում «զավթիչները» երբեք տեղ չեն գտել, այլ միշտ խորթ ու օտար են մնացել իրենց չարագործություններով եւ դարձել տխրահռչակ, հիշվել ատելությամբ, մնացել իբրեւ պատմության աղբանոցում իրենց արժանի տեղը զբաղեցնողներ: Զավթիչի հոգեբանությունը ավելի լավ, քան իրենք՝ զավթիչները, ուրիշ ոչ ոք այնքան լավ չի հասկանա: Ուստի եւ նրանք ամեն օր հայելու մեջ նայելով են տեսնում իրենց ու տառապում այդ պատկերի ծանր, ցնցող, ճնշող, սարսափազդու հոգեվիճակից: Նրանց ամեն օր, ամեն ժամ տեսնում, հանդիպում են հենց իրենք եւ սա հասկանալի է, որ անտանելի տանջանք է: Եվ, ի վերջո, նրանք կարող են ստել ու խաբել ում ուզեք, բացի իրենք իրենց եւ այդ կեղծ, մշտապես խարդախի հոգեվիճակով էլ ապրում, ավելի ճիշտ՝ գոյատեւում են մի կերպ: Ծանր է, իրոք շատ ծանր՝ նրանց վիճակը, մարդ նույնիսկ իր թշնամուն չի կարող ցանկանա այն, ինչ մեր երկրում «զավթիչները» իբրեւ մարդկային պատիժ կրում են: Սերը նրանց հոգիներում տեղ չունի, նրանք չգիտեն սիրելն ինչ բան է եւ հենց դա է պատճառը, որ սիրելու փոխարեն բռնաբարում են: Բռնաբարության արդյունքում ծնվող երեխան լինում եւ ճանաչվում է ապօրինի, իսկ ժողովուրդը նրան ասում է բիջ: Եվ ոչ սիրո, այլ ատելությամբ սերմանված պտուղն իր աշխարհ եկած օրից մինչեւ վերջին շունչը կրում է բջի ծանր խարանը ու գոյատեւում մշտապես ապօրինու կարգավիճակով:

Մայր Հայաստանը չի կարող բռնաբարվել այլեւս, նրա ենթարկված բռնության ծնունդ ապօրինի զավակները չեն կարող սիրո եւ գուրգուրանքի մթնոլորտին արժանանալ, հարազատ քույրեր, եղբայրներ ունենալ: Նրանք մեղք են, իրոք մեղք են:

Իսկ Մայր Հայաստանի սիրո արդյունքում ծնված բոլոր հոգեպես առողջ զավակները իրենց ամենաբնական զգացումների արտահայտման, դրսեւորման ձեւը գտել են՝ ծնողի հանդեպ ունեցած հարգանքը ի ցույց դնելու համար: Սերը առ հայրենիք, ծնողների, հարազատի, գյուղի, քաղաքի, ապրած միջավայրի ու դեռ հարյուրներով այլ արժեքների համար իր արտահայտման ձեւը գտավ փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը տեւած օրերին հայոց մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաք-նստացույցում:

«Հերիք է»: «Չի կարելի հանդուրժել անհանդուրժելին»: «Չար ծառը բարի պտուղ չի տա»: «Վերջ կեղծարարությանը»: Նմանատիպ այլ ասույթների իրավացի ճշմարտացիությամբ գոյացող հանրահավաքը կերպարանափոխվելով հանուն իր իրավունքների պաշտպանության ու ոտնահարված, վիրավորված մարդկային պատվի եւ արժանապատվությանը տեր կանգնելուն պատրաստ քաղաքացիական շարժման վերածվեց: Ժողովրդից փորձում էին իր ձայնը գողանալ եւ նա այս անգամ որոշել էր չթողնել այդ գողությունն իրագործվի: Ժողովուրդը արդեն հասկանում էր, որ եթե թույլ տա իրենից ձայնը գողանան, ուրեմն նա կդառնա ձայնազուրկ: Իսկ ձայնազուրկին ո՞վ արդեն որեւէ արժեք կտար, բանի տեղ կդներ:

Ոչ, այս անգամ իր ձայնը գողացողներին բռնելով, ուզում էր պատժել: Ուզում էր, որ գողերը իրենց հանցանքի համար պատասխան տան, օրենքն իր խոսքն ասի վերջապես եւ ապօրինի ու ինքնակոչ զավթիչները թողնեն-հեռանան:

Ես գտնում եմ, որ 1988թ. Արցախյան շարժումը Հայաստանում ծնեց ժողովուրդ, իսկ 2008թ. փետրվարը՝ քաղաքացի: Եվ ինչ էլ ասեն հասարակական, ազգային, միջազգային, քաղաքական այս ու այն այրերն իրենց ունեցած կամ չունեցած խոսքի իրավունքով հանդերձ, նորածինը լույս աշխարհ է եկել 2008թ. փետրվար ամսի վերջին շաբաթը, Ազատության հրապարակում, ազգությամբ հայ է, անունը՝ քաղաքացի: Նորածնի ծնունդը նշվել է օր ու գիշեր տեւած աննախադեպ ցնծությամբ, աննկարագրելի ուրախությամբ եւ երգ ու պարով: Մանուկ քաղաքացուն ծնող մայրը՝ Հայաստանը, նրան ներկայացրել է իր հարազատ քույրերին եւ եղբայրներին, ստանալով հարյուր- հազարների շնորհավորանքները: Նորածին քաղաքացու ծնունդից սարսափած ինքնակոչ զավթիչները, շատ լավ հասկանալով, որ հենց նա է դառնալու հայոց աշխարհի իշխանը, իբրեւ օրինական ժառանգ ընդունելով համայն հայության կողմից, հարձակվել են ծննդատան վրա եւ փորձել խեղդամահ անել նրան: Դավադրությունը, բարեբախտաբար, չի հաջողվել եւ նորածնի հարազատ քույրերին, եղբայրներին ծանր վերքեր հասցնելով, անդառնալի կորուստներ պատճառողներից խույս տված մանկիկն այժմ, ասում են, ողջ, առողջ, ապահով ու անվտանգ վայրերում, իրեն ծնած հարազատ մոր գրկում մեծանում է:

Իսկ ժողովուրդն այժմ համբերատար աղոթում է եւ երկար կյանք, առողջ մանկություն ցանկանում նորածնին: Բոլորս ենք միանում բարեմաղթանքներին. ծնունդդ շնորհավոր, մեր առաջին քաղաքացի, դու ես հույսը մեր՝ հայության, քո հույսով ապրենք:

Հ. Գ. Իմ միակ երազանքն է ժողովրդի օրհնյալ զավակ նորածնի մեծանալը տեսնել մեր «Սասնա ծռեր» էպոսի հերոսի օրինակով, ոչ թե ամիսներով, տարիներով, այլ շաբաթներով, օրերով, ժամերով: Վստահում եմ, հավատալով իմ երազանքների բարի փերուն, նա գնալու է փոքր Մհերին ընդառաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել