Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթները կարող են բուժել

Մարտ 26,2008 00:00

Կամ վնասել երեխաների առողջությանը

«Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Նա շատ էր սիրում խաղատներ այցելել, որտեղ էլ մի անգամ պարտվում է եւ կորցնում իր հարստությունը: Նա սոված-ծարավ օրեր էր անցկացնում, քանի որ ոչ մի ռեստորան կամ սրճարան նրան առանց գումար չէր կերակրում»,- իր հորինած հեքիաթը «Առավոտին» պատմեց թիվ 114 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Արմենը: Թիվ 131 դպրոցի 4-րդ դասարանի Արտակի պատմած հեքիաթն էլ այս էր. «Լինում է, չի լինում՝ մի փոքրիկ տղա: Նա անընդհատ համակարգչային խաղեր է խաղում: Այնքան երկար է նստում համակարգչի առաջ, մտածում խաղերի հերոսների մասին, որ մի օր ռոբոտ է դառնում»: Թիվ 144 դպրոցի 3-րդ դասարանցի Աննան ներկայացրեց իր հեքիաթը. «Լինում է, չի լինում՝ մի աղջիկ է լինում: Նա շատ է սիրում գեղեցիկ շորեր հագնել ու շատ-շատ մատանիներ ունենալ: Ու որոշում է, որ անպայման ամուսնանալու է մի շատ հարուստ տղայի հետ, որպեսզի առանց աշխատավարձի սպասելու, երբ ցանկանա՝ իր համար զգեստ գնի»: Թիվ 92 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Արթուրն էլ պատմեց. «Մի անգամ թզուկների եւ հսկաների աշխարհում թզուկներն ըմբոստանում են հսկաների դեմ եւ որոշում ցույց կազմակերպել նրանց դղյակի առաջ ու պահանջել, որ իրենց լավ կերակրեն, որ գոնե մի քիչ մեծանան: Սակայն սա ջղայնացնում է հսկաներին եւ նրանք իրենց բանակով դուրս են գալիս եւ տրորում բոլոր թզուկներին»:

Զրուցելով տարբեր տարիքի երեխաների հետ, «Առավոտը» պարզեց, որ հեքիաթներով հետաքրքրվելու, խնձորներով գումարում-հանում սովորելու փոխարեն՝ այսօրվա փոքրիկները հիմնականում խոսում են դոլարի, ուժի, իշխանության, ռոբոտների «լեզվով»: Մասնագետները հավաստիացնում են, որ ոչ միայն երեխաները, այլեւ առհասարակ բոլոր մարդիկ այսօր հեքիաթի կարիք ունեն:

ԵՊԲՀ դասախոս, հոգեբան Գայանե Ղազարյանը «Առավոտին» հայտնեց. «Փոխվել են հեքիաթների տեսակները: Այդտեղ եղած փորձությունները կան նաեւ համակարգչային խաղերում, պարզապես վտանգավոր է շեշտը դնել սպանությունների վրա, ինչն այժմ գերակշռում է: Սերիալներն էլ մեծահասակների համար նախատեսված հեքիաթներ են: Բայց դրանք էլ ունեն անձնային ռեգրեսի՝ ետաճի վտանգ: Մյուս կողմից էլ սերիալ նայելը պաշտպանական մեխանիզմ է: Այն մարդիկ, ովքեր կյանքում ունեն դժվարություններ կամ դժգոհություններ, իրենց նմանեցնում են սերիալի այս կամ այն հերոսին, որի միջոցով ուզում են լուծել սեփական խնդիրները»: Երեխաների՝ սերիալ դիտելու մասին էլ Գ. Ղազարյանն ասաց. «Ամեն հասակում երեխաներն ունեն հեքիաթային հատուկ հերոսներ: Օրինակ՝ մինչեւ 3-5 տարեկանը նրանց հերոսները կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են, ավելի մեծ հասակում՝ արքայազնը, արքայադուստրը: Սերիալային հերոսներն ու ապրումները երեխաների համար վնասակար են: Նրանք դեռ սեռահասուն չեն, բայց սերիալներում տեսնում են տեսարաններ, որոնք հարիր չեն իրենց: Երեխայի համար ավելի հաճելի կլիներ սերիալ դիտելու փոխարեն հեքիաթ լսել, ինչը հաճախ չեն անում այսօրվա բազմազբաղ ծնողները»:

Պարզվում է՝ հոգեբանության մեջ կա հեքիաթաթերապիա կոչվող ուղղությունը, որի միջոցով բուժվում են վարքային, մտավոր շեղումները, կարգավորվում միջանձնային, ծնող-երեխա փոխհարաբերութունները եւ այլն: Հոգեբանական այս ուղղությունը ՀՀ-ում կիրառվում է 2002-2003-ից, իսկ ավելի խորը ուսումնասիրություններ այս ուղղությամբ կատարվում են Սանկտ Պետերբուրգի հեքիաթաթերապիայի ինստիտուտում, տեղի Զինկեւիչի եւ Ստիգնեւայի դպրոցում, ԱՄՆ-ում: «Հեքիաթի ամենակարեւոր բուժիչ հատկություններից է դրական ավարտը: Ժողովրդական հեքիաթներն անվնաս են, քանի որ դրանց հիմքում ընկած են մարդուն անհրաժեշտ արժեքային համակարգեր, սովորություններ: Իսկ հեղինակային հեքիաթները երբեմն կարող են վնասակար ազդեցություն ունենալ: Օրինակ, Անդերսենի հեքիաթներում արտահայտված են հեղինակի ծանր ապրումները: Նրա Ջրահարսի հեքիաթը մեծ ցավ կարող է պատճառել երեխային, քանի որ այդտեղ պատկերված է հերոսի ծանր կյանքը»,- նկատեց Գ. Ղազարյանը: Ըստ նրա՝ բացի հեքիաթի ընտրությունից, պետք է նաեւ ճիշտ պատմել այն, որ բուժի տվյալ անձնավորության կամ երեխայի խոցելի կողմերը, ոչ թե վնասի: «Չի կարելի ասել, թե հիմա դուռը կբացենք, չար պառավը կգա ներս եւ կկախարդի: Պիտի հեքիաթում ասվի, որ յոթ սարի, ձորի հետեւում կար մի երկիր, որտեղ ապրում էր չար պառավը: Այդպիսով երեխայի մոտ ապահովություն է ստեղծվում, որ չնայած չարը գոյություն ունի, բայց հեռվում է: Հեքիաթ պատմելիս դաժան փորձությունները չպիտի մանրամասնորեն պատմել, այլապես երեխայի մեջ վախի զգացումը կավելանա: Օրինակ՝ պետք չէ նկարագրել, թե գայլը կարմիր գլխարկի տատիկին ինչպես էր ծամում, կուլ տալիս: Մի անգամ երեխաներից մեկը լաց լինելով ասաց, թե ինքը ծամած տատիկ չի ուզում: Կամ «Անահիտը» պատմելիս չպետք է նկարագրել ստորգետնյա կյանքը, եւ թե ինչպես են ամանների մեջ ոսկորներ եփվում»,- վստահեցնում է մասնագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել