Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»

Մարտ 26,2008 00:00

\"\"Ըստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում:

«Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել են «Հայկական ջազ-70» կազմակերպություն եւ կազմկոմիտե, որի նախագահն է ճանաչված ջազմեն Լեւոն Մալխասյանը: Տարվա ընթացքում ունկնդիրը կլինենք ինչպես հայաստանցի ջազմենների, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի երաժիշտների արվեստին: Փառատոնի մեկնարկը կտրվի «Ա. Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 4-ին: Այդ օրը համընկնում է կոմպոզիտոր, ջազի գիտակ Մարտին Վարդազարյանի 70-ամյա հոբելյանին: Բազմազբաղ երաժիշտը ժամանակ գտավ զրուցելու մեզ հետ:

Ջազը, որ ծնունդ է առել ԱՄՆ-ի սեւամորթների ժողովրդական երաժշտությունից, ի տարբերություն Արեւմուտքի, ուր անցյալ դարասկզբից ի վեր ճանաչում էր գտել, նախախորհրդային Ռուսաստանում այն դեռ իր առաջին վարանոտ քայլերն էր անում: Հայկական ջազի ծնունդը հաշվվում է 1938 թվականից, երբ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանը ԽՍՀՄ-ում առաջինը ստեղծեց Հայաստանի պետական ջազ նվագախումբ:

Փոքր էքսկուրս կատարելով, Մ. Վարդազարյանը տեղեկացրեց, որ Երեւանում առաջին ջազ խումբն էլ սկսել է գործել 1936թ., «Մոսկվա» կինոթատրոնում, իր հոր՝ կոմպոզիտոր Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ. «Այդ տարիներին խմբի հետ համագործակցում էին մեր անվանի ստեղծագործողները՝ Գրիգոր Հախինյանը, Էդվարդ Բաղդասարյանը, Կոնստանտին Պետրոսյանը եւ այլք»: Իսկ հետո ջազ խմբեր հայտնվեցին «Նաիրի» կինոթատրոնում, Կոմունարների այգում ու էլի մեկ-երկու տեղ: «1954թ. ռադիոյում Կոնստանտին Օրբելյանը ստեղծեց էստրադային կվինտետ, որը հիմնադրի՝ պետական ջազ նվագախումբ տեղափոխվելուց հետո, ղեկավարեց Էդվարդ Բաղդասարյանը: 1966թ. ռադիոյում հիմնադրվեց Էստրադային նվագախումբը, որի ղեկավարումը վստահվեց ինձ: 1972-ից կոլեկտիվը վերաճեց էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի՝ Մելիք Մավիսակալյանի ղեկավարությամբ: Այն մինչ օրս ղեկավարում է Երվանդ Երզնկյանը: Հետո արդեն իր գործունեությունը սկսեց ռադիոյի ջազ սեքստետը՝ Ստեփան Շաքարյանի գլխավորությամբ: Ժամանակի ընթացքում երեւան եկան Դավիթ Ազարյանի, Արտաշես Քարթալյանի ջազ տրիոները, իսկ մինչ այդ հիանում էինք Լեւոն Մալխասյանի ջազ եռյակի արվեստով, որի կազմում էին Արմեն Թութունջյանը (Չիկո) եւ Արթուր Աբրահամյանը (1998թ. սկսած, Երեւանում, Լեւոն Մալխասյանի ջանքերով, պարբերաբար անցկացվում են ջազի միջազգային փառատոներ- Ս. Դ.): Թե Հայաստանում, թե արտերկրում այսօր էլ հիանալի ջազմեններ շատ ունենք՝ Արմեն Մարտիրոսյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց… Հայկական ջազի մասին կարելի է հատորներ գրել: Այսօր երիտասարդ ջազմենների համար էլ մեծ դպրոց է անվանի թմբկահար Ռոբերտ Յոլչյանի արվեստը, որի ձայնագրությունները պահպանվում են ռադիոյի ոսկե ֆոնդում»,- տեղեկացրեց Մ. Վարդազարյանը:

Մեր զրուցակիցը հիշեց, որ խորհրդային տարիներին ջազմենները կատակում էին խոսելով արգելված «բուրժուական» այդ ուղղության մասին՝ այսօր նվագում ես ջազ, վաղն էլ կծախես հայրենիքդ: «Իսկ այսօր իմ երիտասարդ կոլեգա Վահագն Հայրապետյանը փոխելով «ջան ասենք, ջազ լսենք» արտահայտությունը, սիրում է կրկնել՝ ջազ ասենք, ջան լսենք»,- տեղեկացրեց Մ. Վարդազարյանը:

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս կբացատրի սեւամորթներից «ծնունդ առած» երաժշտության նկատմամբ աշխարհի հետաքրքրությունը, կոմպոզիտորն ասաց. «Բարություն, հարմոնիկ համեմվածություն, ռիթմիկ սրություն, լավատեսություն, մտածելակերպ, յուրօրինակ աշխարհընկալում…Ահա թե ինչու ջազը դարձավ համամարդկային»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել