Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակա՞ն, թե՞ իրավական վճիռ

Մարտ 26,2008 00:00

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում

թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց:

Հիշեցնենք, որ վստահված անձը մեղադրվում էր ընտրության եւ դրան նախորդող օրը ընտրատեղամասային հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու, պրովոկացիաներ կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը, որով հանդես էր գալիս Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, որպես պ ատիժ պահանջում էր 50

0000 դրամի տուգանք: Դատարանը հաշվի առնելով Քալանթարյանի չդատվածության հանգամանքը եւ կենսագրական տվյալները, որոշեց «մեղմ» մոտենալ եւ Քալանթարյանի նկատմամբ տուգանք սահմանեց 300000 դրամ:

Սոֆյա Քալանթարյանի պաշտպան Կարեն Թումանյանը պաշտպանական ճառում ասում էր. «Մեղադրող կողմի բոլոր պնդումները այն մասին, որ հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտվել են, դատաքննությամբ չհիմնավորվեց: Չհիմնավորվեց, որովհետեւ նման բան տեղի չի ունեցել: Դատաքննության ընթացքում իմ կողմից բոլոր վկաներին, որոնք հանդիսացել են թիվ 30/22 ընտրական հանձնաժողովի անդամ, ուղղակի հարց է ուղղվել՝ ձեր աշխատանքին Սոֆյա Քալանթարյանը խանգարել կամ խոչընդոտե՞լ է: Պատասխանը նույնքան ուղղակի է եղել՝ ոչ, որոշ դեպքերում պատասխան է եղել, որ անձամբ իր աշխատանքներին չի խոչընդոտել»: Ինչեւէ, դատարանը կայացրեց իր վճիռը, որի հիմքը այդպես էլ պարզ չդարձավ դահլիճում գտնվողներին: Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի կառույցի ղեկավար Արթուր Սաքունցը, ով հետեւում էր դատական նիստերի ընթացքին, ասաց. «Սա ունիկալ դատավարություն էր: Սոֆյա Քալանթարյանը որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, մեղադրվում է ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու մեջ: Այստեղ, սակայն, հարցն այն է, որ դատական պրոցեսն ուղղված էր վստահված անձի ինստիտուտին, որը քաղաքացիական վերահսկողություն է իրականացնում ընտրական պրոցեսում: Այսօր պետությունը դատապարտեց այդ վերահսկողությունը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտելի համարեց քաղաքացիական վերահսկողությունը իշխանության գործունեությանը, քաղաքացիական կանխարգելման դերը ցանկացած խախտումների առումով: Պատկերացրեք, դա այնքան լուրջ գործ էր համարվում, որ մարզի դատախազը անձամբ էր հանդես գալիս մեղադրողի դերում: Դա առնվազն պետք է շատ մեծ մակարդակի եւ մեծ հնչեղություն ու պետական նշանակություն ունեցող գործ լինի, որ մարզի դատախազը իր բոլոր գործերը թողած՝ զբաղվի այս գործով: Այսինքն, ընտրական հանձնաժողովների աշխատանքների խոչընդոտումները համարվում են պետական աստիճանի նշանակություն ունեցող հանցագործություն: Սա արդեն ամեն ինչ հուշում է: Դատական պրոցեսի ընթացքում դատավորը ինքն այդպես էլ չկարողացավ իրեն ազատ զգալ. պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները եթե դատախազի կողմից մերժելի էին, դատարանը չէր բավարարում: Այսինքն, չապահովվեց անկախ դատական պրոցես:

Դատաքննության ընթացքում նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների միջեւ կային էական տարբերություններ՝ եւ նույն անձի, եւ վկաների: Դատարանը բացարձակապես ուշադրություն չդարձրեց դրանց: Ուստի կարելի էր ընդհանրապես դատաքննություն չանցկացնել, այլ նախաքննական ցուցմունքների վրա վճիռ կայացնել: Բնականաբար, մենք կշարունակենք բողոքը մինչեւ բոլոր ատյաններ: Բնականաբար, Հայաստանում չենք ակնկալում, թե դատական իշխանության կողմից կարող ենք հաջողության հասնել, բացառության՝ քաղաքական իրադրության դեպքում: Մենք դիմելու ենք մինչեւ Եվրոպական դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել