Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ

Մարտ 26,2008 00:00

\"\"Գյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար:

Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի մայթում հարձակվել էին ինչպես ժողովրդի, այնպես էլ տեղի՝ մասնավորապես մեր օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի ու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողների վրա՝ նրանց քաշքշելով, ծաղրելով, սպառնալով ու այսպիսով քաղաքում արտակարգ իրավիճակ ստեղծելով: Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի. «Դեռ չէր հասցրել բարեւել մայթին կանգնած ժողովրդին ու ոստիկաններին, երբ Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վազգեն Հարությունյանը հարձակվեց իր վրա, գոռալով՝ «հերիք չէ՞ արյուն խմեք» ու հրահանգեց արագ հեռանալ տեղանքից: Մի հիստերիկ պաթոսով բռնեց վերարկուիս օձիքից ու սկսեց քաշքշել էս կողմ, էն կողմ ու դեպի փողոց հրեց ինձ, ասելով, թե բերման է ենթարկելու: Մյուս ոստիկաններից ես դժգոհություն չունեմ, մյուսների վարքի մեջ ես որեւէ աննորմալ բան չեմ տեսել: Սկսեցին ժողովրդին հրել- գցել, մի մարդ ընկավ ու չելավ, պարզվեց՝ ողնաշարի վիրահատություն է տարել, էդ մարդուն գրկեցի, շտապօգնություն կանչեցի: Մոտ երկու հարյուր հոգի մարդ հավաքվեց, սրանք սկսեցին հայհոյել էդ ուղղությամբ, էդ պահին լսեցի, որ ինչ-որ տեսախցիկ են կոտրում, դու մի ասա էդ պահին «ԳԱԼԱ»-ի նկարահանող խումբն է եկել, կախ են ընկել հեռուստաընկերության նկարահանող խմբի թեւերից ու գործիքներից, ժուռնալիստին սկսել են քաշքշել: Ասի գնամ նայեմ՝ ինչ է եղել, որոշեցի չվազել, որպեսզի ինչ-որ բան չսադրվի, որ հետո չասեն՝ հիշու՞մ ես, որ վազեցիր, հետեւիցդ երեսուն հոգի վազեցին, մենք էլ ստիպված կրակեցինք: Քայլելով գնացի, մոտեցա, բայց չտեսա նկարահանող խմբին, իրենց արդեն տարել էին քաղմաս, ինչպես կասեր Գյումրու քաղաքապետը՝ «ԳԱԼԱ» քաղմասին տարել էին Գյումրու քաղմաս: Ոստիկանապետը բացականչեց, թե բերման եմ ենթարկելու, երեւի սպասում էր, թե ես պիտի զարկեմ կամ ինձ իր նման պահեմ, նորից հրեց դեպի փողոց ու սկսեց բերման ենթարկել: Ես իմ կամքով նստել եմ իրենց մեքենան ու գնացել եմ ոստիկանություն: Երկու ժամ անց ինձ դեմ են տալիս բերման ենթարկելու արձանագրությունը, կարդում եմ՝ մեջը գրված է. «Լեւոն Բարսեղյանը իջավ տաքսուց, մտավ թատերական հրապարակ եւ ժողովրդին կոչ արեց հավաքվել հարթակի մոտ: Մենք բացատրեցինք, որ հանրահավաքը արտոնված չէ (ես իրենց հուշեցի արտոնված բառը հանել եւ գրել իրազեկված չէ, ուղղումը ընդունեցին), Լեւոն Բարսեղյանը չենթարկվեց ոստիկանության օրինական պահանջներին»: Բարսեղյանին հրահանգել են ստորագրել, որից հրաժարվել է՝ պահանջելով փաստաբան: Նրա մեկնաբանմամբ, ոստիկանների պահանջը օրինական լինել չէր կարող, որովհետեւ Սայաթ-Նովայի մայթը արգելափակված չէր, եւ ոստիկանները չէին կարող արգելել իրեն ճամփեզրին կանգնել, իսկ ժողովրդին, բնականաբար, հանրահավաքի կոչ չի արել. այնտեղ համարյա մարդ էլ չի եղել:

Շիրակի մարզի վարչական դատարանում շուտով կլսվի ոստիկանության քննչական բաժնի կողմից հարուցված վարչական գործն՝ ընդդեմ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի, որը ենթադրում է հիսուն հազար դրամի տուգանք: Լեւոն Բարսեղյանն էլ իր հերթին պատրաստվում է դատի տալ ոստիկաններին՝ հայցը որակելով անօրինական: Ի դեպ, վարչական դատարանում գործը դարձյալ քննելու է Էդուարդ Նահապետյանը՝ Գյումրվա ամենատխրահռչակ դատավորը, որի թեթեւ ձեռքով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վրա ջարդվեց հարկայինի նկարած 26 միլիոն դրամի պարտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել