Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղին» «Երեւան ջրի» ջուրն է օգտագործում

Մարտ 26,2008 00:00

\"\"Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»:

«Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր է պակասում: Այդ ջուրը հիմնականում օգտագործում են այդ ճանապարհի վրա գտնվող գյուղերի բնակիչները: Ընդ որում, այս տարածքները ջրով ապահովելը մեր ընկերության պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»: Նշեմ, որ այդ ջրի համար մենք մոտ 150 միլիոն դրամ էլ վճարում ենք որպես էլեկտրաէներգիայի վարձ: Հատկանշական է նաեւ այն, որ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը այդ տարածքի բնակիչներից, որոնք, այսպես ասած, «Երեւան ջրից» ջուր են գողանում, օգտագործած ջրի համար գումարներ է գանձում՝ մեկ խմ-ի դիմաց 140 դրամ»,- «Առավոտի» հետ զրույցում Երեւան քաղաքի վատ ջրամատակարարումն այսպես բացատրեց «Երեւան ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Սերժ Պոպոֆֆը: Նկատենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը 1 խմ ջրի դիմաց գանձում է 172,8 դրամ: Սերժ Պոպոֆֆի խոսքերով՝ այս ջրատարներով իրենց ընկերությունը ջուր է մատակարարում Մալաթիա-Սեբաստիային ու հարակից թաղամասերին: Ս. Պոպոֆֆը համոզված է, որ եթե ընկերությունը կարողանա ջրի կորստի այսքան քանակությունը գոնե կիսով չափ նվազեցնել, ապա մայրաքաղաքի 500 հազար բնակիչ 2-3 ժամով ավելի ջուր կունենա, քանի որ այդ ջրատարի օգնությամբ այլ թաղամասերին էլ կկարողանան ավելի շատ ջուր տրամադրել:

Ըստ ընկերության գլխավոր տնօրենի, իրենց մասնագետները բազմիցս այցելել են Մասիսին հարակից մի քանի համայնքներ՝ բնակիչների հետ բացատրական աշխատանքներ տանելու: Ընկերության պատասխանատուները բնակիչներին տեղեկացրել են, որ ջրատարից տներ գնացող անօրինական ջրախողովակներն ապամոնտաժելու են, սակայն Արգավանդ, Գեղանիստ, Ղուկասավան գյուղերում բնակիչները ընդդիմացել են, անգամ որոշ «լավ տղաներ» սպառնացել են ընկերության աշխատակիցների հետ հաշվեհարդար տեսնել, եթե իրենց ջուրը կտրեն: Մեր հարցին, թե Ս. Պոպոֆֆը կարո՞ղ է կոնկրետ անուններ նշել, թե ովքեր են այդ «լավ տղաները», նա ասաց, որ ինքը տեղյակ չէ. «Միգուցե հենց նույն գյուղերի բնակիչներն էին»: Այս գյուղերում ընկերությունը հայտնաբերել է 24 ապօրինի ստորգետնյա ջրագիծ: Հարցին, թե չե՞ն պատրաստվում ջուր գողացողներին պատասխանատվության ենթարկել, Ս. Պոպոֆֆը պատասխանեց. «Մենք այս խնդրի առնչությամբ դիմել ենք տարբեր մարմինների, այդ թվում՝ Ջրային տնտեսության պետական կոմիտե, Ծրագրերի իրականացման գրասենյակ, ինչպես նաեւ փորձել ենք համաձայնության գալ «Հայջրմուղկոյուղու» հետ, սակայն բոլորն էլ իմ նամակներին պատասխանել են, որ կիսում են իմ անհանգստությունը, սակայն այդ հարցը դրանից չի լուծվում: Կարծում եմ, «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ցանկություն էլ չունի այս հարցը կարգավորել, քանի որ նրանց համար չափազանց ձեռնտու է այս իրավիճակը, ձեռնտու բիզնես են անում: Մենք մոտ ժամանակներս նորից ենք այցելելու գյուղական համայնքներ եւ եւս մեկ անգամ փորձելու ենք խաղաղ լուծել այս հարցը, սակայն ամեն դեպքում որոշել ենք դիմել դատարան: Առաջին հերթին մենք ցանկանում ենք ջուր չկորցնել, ոչ թե պատասխանատվության ենթարկել, չէ որ այդ մատակարարման դիմաց ստացած գումարներով պետք է մենք պարտավորվենք կատարել մեր ներդրումները»: Իսկ այն հարցին էլ, թե ե՞րբ են վերջապես Երեւան քաղաքի բնակիչները շուրջօրյա ջրամատակարարում ունենալու, ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանեց, որ Երեւանը 95%-ով շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելու համար վերջնական ժամկետ սահմանված է 2016 թվականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել