Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ

Մարտ 26,2008 00:00

Որոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել

Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց նաեւ մի շարք լրատվամիջոցների աշխատանքը: 20 օր շարունակ տասնյակ թերթեր մատնվեցին հարկադիր պարապուրդի՝ կրելով հսկայական ֆինանսական վնասներ:

Չնայած նախագահի հայտարարության մեջ ուղղակիորեն ասված չէր, որ այս կամ այն լրատվամիջոցը մինչ արտակարգ իրավիճակի ավարտը պետք է դադարեցնի իր գործունեությունը, բայց նշված էր, որ զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական եւ ներքաղաքական հարցերի առնչությամբ հրապարակումները կարող են իրականացվել բացառապես պաշտոնական տեղեկատվության սահմաններում: Այսինքն, մեր երկրում գործող անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցները կամ պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը, կամ էլ պետք է տպագրեին ու եթեր հեռարձակեին միայն այն, ինչ հարմար կգտնեին իշխանության ներկայացուցիչները: Այդ պատճառով էլ բազմաթիվ թերթեր եւ ինտերնետային լրատվական կայքեր գերադասեցին հսկայական ֆինանսական վնասներ կրել ու չաշխատել, քան ապակողմնորոշել իրենց լսարանին եւ լուսաբանել միայն այն, ինչի մասին գրում էին իշխանական թերթերն ու ինչը օրվա մեջ մի քանի տասնյակ անգամ ցուցադրում էին գրեթե բոլոր հեռուստաալիքները:

Այդ օրերին հարկադիր պարապուրդի մատնված թերթերը, բացի այն, որ վաճառք չեն իրականացրել եւ, հետեւաբար, եկամուտներ էլ չեն ստացել, կուտակել են աշխատավարձերի, զանազան մուծումների, կոմունալ ծախսերի համար պահանջվող բավականին մեծ պարտքեր: Գերշահույթներ չունեցող շատ լրատվամիջոցների համար դրանք բավականին խոշոր գումարներ են: Այդ վնասների պատճառով նրանք հայտնվել են այնպիսի դժվար կացության մեջ, որ ստիպված են ամեն ինչ սկսել պարզապես զրոյից: Ներկայումս այդպիսի դժվար իրավիճակում է, օրինակ, «Ա1+»-ը: Լրատվամիջոցի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք մինչ արտակարգ դրություն հայտարարելը մի քանի գովազդատուների հետ պայմանագրեր են կնքել ու չաշխատելու հետեւանքով այդ պայմանագրերը չեն իրականացրել. «Հիմա մենք գովազդատուներին պարտք ենք մնացել: Դա ակնհայտ մեծ վնաս է: Բավականին լուրջ գումար է կազմում նաեւ աշխատավարձը, որը ես պարտավոր եմ վճարել: Այդ օրերին ավելանում էին նաեւ մեր ընթերցողները եւ արդեն օրական ավելի քան 100 հազար ընթերցող ունեինք: Հիմա ստիպված ամեն ինչ սկսում ենք զրոյից»: Մ. Մովսեսյանի խոսքերով՝ «Ա1+»-ին պատճառած թե՛ նյութական եւ թե՛ բարոյական վնասներից մեկն էլ այն է, որ մարտի 2-ին ինտերնետային համացանցից ջնջվել է իրենց կայքէջը. «Բացի այն, որ մեր ինտերնետային էջը վերականգնելու համար եւս ծախսեր են արվել, հիմա նորից պետք է ճանաչելիություն ձեռք բերենք»: Պարոն Մովսեսյանի կարծիքով, անարդար էր պարզապես մարդկանց աշխատանքը չհարգել ու նրանց պարապուրդի մատնել:

Արտակարգ իրավիճակի պայմաններում չի աշխատել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ ամենասովորական հաշվարկն անգամ բավական է՝ պարզելու համար, թե 20 օրվա ընթացքում ինչ հսկայական վնասներ է կրել 10 հազարից ավելի տպաքանակ ունեցող թերթը: Նրա խոսքերով՝ «Միլիոնների հասնող ֆինանսական վնասներ ենք կրել: Սակայն ավելի մեծ վնաս էր այն, որ պաշտոնական սուտ տեղեկատվության ակնհայտ գրոհի միջոցով հասարակությունը պառակտվեց ու թշնամացավ»:

Հարկադիր պարապուրդի մատնված թերթերից մեկն էլ «Փակագիծն» էր: Թերթի խմբագիր Ագապի Հայկազունու տեղեկացմամբ, 20 օր չաշխատելու պատճառով թերթին պատճառվել է 4 միլիոն 4 հարյուր հազար դրամի վնաս: Ա. Հայկազունու խոսքերով՝ «Մենք դատապարտում ու անթույլատրելի ենք համարում նման վերաբերմունքը հատկապես ընդդիմադիր թերթերի նկատմամբ: Ներկայումս քննարկվում է գումարային վնասի փոխհատուցման պահանջով դատարան դիմելու հարցը: «Փակագիծը» ընդդիմադիր թերթ է, եւ իշխանության պահանջով չի կարող վերահսկելի դառնալ»:

Չցանկանալով ստանձնել վերահսկելի եւ զուտ պաշտոնական տեղեկատվություն հաղորդող լրատվամիջոցի դեր, արտակարգ իրավիճակի պայմաններում մեր օրաթերթը եւս չի աշխատել, իսկ թերթին պատճառվել է ավելի քան 5 միլիոն դրամի վնաս:

Նշենք, որ շատ խմբագրություններում դեռեւս գումարային հաշվարկ չէին կատարել ու դժվարացան ասել, թե իրենք կոնկրետ որքան դրամի վնաս են կրել 20 օրվա ընթացքում: Որոշ լրատվամիջոցներ չեն էլ պատրաստվում առաջիկայում նման հաշվարկ կատարել, քանի որ վստահ են, որ, միեւնույն է, դատարանի միջոցով որեւէ փոխհատուցում չեն ստանա:

«Հայք» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ Գեղամ Նազարյանի խոսքերով՝ «Մենք նույնպես նման հաշվարկ չենք արել: Կանեինք, եթե նորմալ երկիր լինեինք ու անկախ դատարան ունենայինք: Բայց անկախ ֆինանսական վնասից, այն, որ չենք տպագրվել ու մարդիկ տեղեկատվությունից զուրկ են եղել, շատ ավելի մեծ վնաս է, քան նյութականը»:

«Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Արմեն Դուլյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ, ի տարբերություն այլ լրատվամիջոցների, իրենք ֆինանսական վնասներ չեն կրել: Նրա խոսքերով՝ «Մենք եկամտով աշխատող կազմակերպություն չենք եւ աշխատել-չաշխատելուց որեւէ վնաս չենք կարող կրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել