Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոչընդոտել են լրագրողների աշխատանքին

Մարտ 26,2008 00:00

\"\"Նրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները:

Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Բացի այդ՝ երեկ առավոտյան բերման են ենթարկել նախորդ օրվա ցույցի մասնակիցներին՝ Հրազդանի ավագանու անդամ Համեստ Ստեփանյանին ու 4 անչափահաս երեխայի մայր Ալիսիա Միքայելյանին: Երկուսին էլ մի քանի ժամ պահել են ոստիկանությունում, եւ զգուշացնելով այլեւս չմասնակցել հանրահավաքների՝ բաց թողել:

Երեկ Վանատուր մեկնած «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Թագուհի Թովմասյանն «Առավոտին» պատմեց. «Ոստիկաններն անգամ երեխաներից էին խլել իրենց պլակատները: Մի երեխայի գլուխը ծակվել էր, մի քանի կանանց քաշքշել էին: Մենք հասանք, երբ արդեն ձեռնամարտը վերջացել էր: Ես զրուցեցի ոստիկանապետի հետ՝ հարցրի, թե ինչ մեղադրանքով են տարել երեկվա ցույցի մասնակիցներին: Պատասխանեց, թե որեւէ մեկին բերման չեն ենթարկել: Մինչդեռ իմ կողքին կանգնած էին ձերբակալված կանանց հարազատները»: Իսկ Գագիկ Շամշյանը պատմեց. «Ինձ մոտեցան քրեական բաժնի 3 աշխատակիցներ եւ հայհոյանքով՝ «էսինչի տղա, էդ ապարատը հլը տուր ստե»: Ես պատասխանեցի՝ դուք ձեր աշխատա՞նքն եք կատարում, մենք էլ մեր աշխատանքն ենք անում՝ ինչո՞ւ եք խոչընդոտում: Ինձ ասացին՝ լսի, այ տղա, ապարատդ տուր ստեղ, թե չէ էս մարզից դուրս չես գա: Ու հարձակվեցին, որ քաշքշեն, նստեցնեն ավտոմեքենա՝ կանայք հեռվից տեսան, ու «դո՞րա կտանիք» ասելով՝ վրա տվին»:

Լրագրողները գյուղացիներից տեղեկացել են, որ Վանատուր ժամանած «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինե Հարությունյանին բերման են ենթարկել Հրազդանի ոստիկանության բաժին: Կարինե Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ին պատմեց, որ երբ փորձել է Երեւան վերադառնալ, իրեն ստիպողաբար՝ բռնի ուժով նստեցրել են մեքենան եւ տարել ոստիկանություն. «Սպիտակ «Նիվա»-ով՝ առանց պետհամարանիշի, կանգնեցրին երեք քաղաքացիական հագուստով տղամարդիկ եւ ասացին, որ մեզ տանում են բաժին: Ինձ հրեցին մեքենայի մեջ: Մարզային ոստիկանությունում երբ ես ուզում էի միացնել հեռախոսս, որ խոսեմ, երկու հոգի հասան հետեւիցս, մեկը ձեռքս ոլորեց եւ քաշում էր, որ հեռախոսս վերցնի, մյուսն էլ կողքից էր նրան օգնում»: Ոստիկանության բաժանմունքում ստուգել են լրագրողի վկայականը, պահանջել ջնջել հանրահավաքում արված լուսանկարները: Մեկ ժամ անց լրագրողին ազատ են արձակել՝ տեղի ոստիկանապետին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զանգահարելուց հետո:

Իսկ Թագուհի Թովմասյանն ու Գագիկ Շամշյանն այդ ընթացքում թաքնվել են գյուղացիների տներում: «Մեր հետեւից էլ ոսկեգույն «Միցուբիշի-Պաջերո» ավտոմեքենա էր գալիս: Զգացինք, որ մեզ հետեւում են»,- պատմեց Թագուհին: Լրագրողները դիմել էին մարդու իրավունքների պաշտպանի օգնությանը եւ Երեւան վերադարձել օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբի ջանքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել