Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 26,2008 00:00

\"\"Չի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին:

Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին երեկ առավոտյան հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք են առաջադրել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 3-րդ մասով, 225 պրիմ հոդվածի 1-ին մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ 225 հոդվածը վերաբերում է զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, «որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով», իսկ 3-րդ մասը հավելում է՝ «զուգորդվել են սպանությամբ»: Սահմանված պատժաչափն է 6-12 տարի ժամկետով ազատազրկում:

225 պրիմ հոդվածն ավելի մեղմ է՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելը եւ անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»:

Արամ Սարգսյանին առաջադրված 3-րդ մեղադրանքը դարձյալ խիստ պատժաչափ է նախատեսում. «Պետական իշխանությունը յուրացնելը՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն» ուղղված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով:

Արամ Սարգսյանը հրաժարվել է որպես մեղադրյալ ցուցմունք տալուց, ինչպես նաեւ հրաժարվել է փաստաբանից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Մատենադարանի փոխտնօրենը՝ ձերբակալված

Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի տանը մարտի 24-ի երեկոյան դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել, եւ տարել են նրա համակարգիչը: Իսկ ժամը 21:15-ից մինչեւ ուշ գիշեր նրան որպես վկա հարցաքննել են Հատուկ քննչական ծառայությունում: «Մինչեւ գիշերվա ժամը 2-ը մեզ հավաստիացնում էին, թե անգամ փաստաբանի խնդիր չկա, եւ հասկացնում էին, թե շուտով կազատեն: Բայց ժամը 3-ին տեղեկացանք, որ Բանուչյանին արդեն տեղափոխել են Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարան»,- ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը: Մատենադարանի փոխտնօրենին ձերբակալել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու կասկածանքով: Հիշեցնենք, որ Արշակ Բանուչյանն այն մտավորականներից է, որոնք Ազատության հրապարակում հայտարարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին:

Այլ ձերբակալություններ

Երեկվա հետապնդումների «ամփոփաթերթիկից» այլ տեղեկություններ, որոնք մեզ փոխանցեց Արմեն Խաչատրյանը. առավոտյան ժամը 8-ին 5 ավտոմեքենայով եկել ու ձերբակալել են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Մալաթիա-Սեբաստիա շտաբի ակտիվիստ Լավրենտի Խաչատրյանին: «Ըստ հարազատների պնդման՝ նա ականատես է եղել քաղաքապետարանի մոտ մարտի 1-ին ոստիկանական «Վիլիսի» վրաերթին»,- ասաց մեր զրուցակիցը:

Կեսօրից հետո Արտաշատի հիվանդանոցից բերման է ենթարկվել Էդվարդ Ասատրյանը, որը Եղեգնաձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր եւ մարտի 1-ին ենթարկվել էր խոշտանգումների՝ կոտրել էին նրա ուսը:

Առավոտյան ժամը 8-ին 3 հոգու բերման են ենթարկել Արարատից՝ Արթուր Երեմյանին, Կարապետ Հակոբյանին եւ Ոսկետափում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավար Վարուժանին: Նրանց տարել են նախ՝ ոստիկանություն, հետո՝ 6-րդ վարչություն, հետո՝ հատուկ քննչական ծառայություն: Նաեւ տարել են նարկոդիսպանսեր՝ ստուգման: Ըստ Արմեն Խաչատրյանի, սա համընդհանուր երեւույթ է. «Մարդկանց, որոնք մասնակցել են հանրահավաքների, ինչ-որ կերպ աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբներին՝ փորձում են որակել որպես թմրամոլներ: Մենք գիտենք, որ Եղվարդի եւ Մասիսի ոստիկանությունն է սկսել կիրառել այս պրակտիկան: Մասիսի մեր գործընկերներից մեկը, որին տարել էին դիսպանսեր՝ մեզ ասաց, թե ինքը կյանքում ո՛չ ծխել է, ո՛չ էլ խմել է սիրում, եւ իր համար շատ վիրավորական էր սա: Նա անգամ դեմ չէր լինի, որ իրեն 225 հոդվածով կալանավորեն, բայց հանկարծ իրեն թմրամիջոցների համար չմեղադրեն»:

Օլիգարխը նաեւ ոստիկա՞ն է

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգողը մի ուշագրավ տեղեկություն էլ հայտնեց. «Մալաթիա-Սեբաստիա համայնքի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետի տեղակալ Բագրատ Անդրեասյանին մի անգամ առանց ծանուցագրի հարցաքննության էին հրավիրել, գնացել էր: Իսկ հետո, քանի որ շարունակում էին առանց ծանուցագրի կանչել հարցաքննությունների՝ հրաժարվել էր ներկայանալ: Դրանից հետո՝ մարտի 22-ին, Անդրեասյանի տուն են եկել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահները եւ հրավիրել զրույցի՝ նույն բառապաշարով: Արդեն կարծես մեր օլիգարխներն են սկսում ոստիկանական գործառույթներ կատարել: Բնականաբար, Բագրատ Անդրեասյանը հրաժարվել է նաեւ այդ զրույցից: Եվ մենք մտավախություն ունենք, որ գործը կարող է հասնել արդեն հաշվեհարդարի: Եվ Բագրատ Անդրեասյանին խորհուրդ ենք տվել որեւէ կերպ չարձագանքել Սամվել Ալեքսանյանի հրավերներին: Եվ մեր բոլոր կողմնակիցներին ենք կոչ անում՝ չարձագանքել որեւէ հրավերի, բացի օրինական՝ ոստիկանությունից, ԱԱԾ-ից ու դատախազությունից ստացված ծանուցագրերից»: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն «Առավոտին» պնդեց, որ իր կողմից հրավեր չի եղել:

 Հ. Գ. Ուշ երեկոյան Արմեն Խաչատրյանը մեզ հայտնեց, որ հարկայինն ու ԱԱԾ-ն այցելել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, ՀՀՇ անդամ Վոլոդյա Հովհաննիսյանին պատկանող «Այգ» խանութը՝ ստուգումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել