Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Մարտ 26,2008 00:00

Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին:

Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ գործող եւ ընտրված նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նախարարներ, հանրապետականներ, պաշտոնատար այլ անձինք, շարքային քաղաքացիներ, մտավորականներ: Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի տիկնոջը՝ տիկին Սուսաննային Պանթեոնի մուտքի մոտ դիմավորեց եւ դեպի հուշարձան ուղեկցեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հոգեւոր արարողակարգից հետո երկրի ղեկավարները՝ բոլորն անխտիր, խունկ լցրեցին խնկամանի մեջ եւ հեռացան, իսկ լրագրողների հարցերին պատասխանեցին միայն մի քանի հանրապետականներ: «Անդրանիկ Մարգարյանը մնաց ժողովրդի հիշողության մեջ, որովհետեւ ժողովուրդը կարողացավ ստեղծել կերպար եւ մատնացույց արեց, թե ինչպիսին պետք է լինի պետական պաշտոնյան, որի հետեւից կգնա ինքը»,- ասաց Գալուստ Սահակյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանի խոսքով. «Անդրանիկ Մարգարյանի գլխավոր պատգամն այն էր, որ պետք է ամեն ինչ անել պետության հզորացման համար, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա այս պետության, ընտանիքի հարազատ անդամը եւ յուրաքանչյուր մարդ կարողանա իր լուման դնել պետության զարգացման ու ամրապնդման մեջ»: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա մեզ հետ է: Այս մեկ տարին արագ անցավ, սակայն վերքը դեռ չի սպիացել: Նա ազգային քաղաքական գործիչ էր, եւ պետք է ցավով նշենք, որ «ազգային» բառը, որով մենք բնութագրում ենք քաղաքական գործիչներին, այսօր խիստ պակասում է մեզանում»:

Հ. Գ. Երեկ Պանթեոն էր այցելել նաեւ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, ով որոշ մարդկանց հետ մի քանի խոսք փոխանակելուց հետո արագ հեռացավ իր թիկնապահների շքախմբով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել