ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»:
Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Reporter թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին հնչող քննադատությունը: «Բանակցային սեղանին է գտնվում արդարացի եւ հավասարակշռված փոխզիջում. այն իր մեջ պարունակում է Ադրբեջանի համար գրավիչ տարրեր, որոնց մեկնաբանությունը ներառված էր ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի բանաձեւում, սակայն կան նաեւ շատ գրավիչ տարրեր Հայաստանի համար, որոնք չեն արտացոլվել տվյալ բանաձեւում»,- ասել է Մեթյու Բրայզան: Խոսելով ապրիլի սկզբին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի նորընտիր նախագահի հանդիպման անցկացման հնարավորության մասին՝ ամերիկացի միջնորդը նկատել է, որ չի կարող նշել նման հանդիպման անցկացման հստակ ժամկետ: Բրայզան հասկացրել է, որ իրավիճակը մի փոքր բարդանում է նրանով, որ «ընտրված նախագահ Սարգսյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, իսկ Բուխարեստի գագաթաժողովը տեղի է ունենալու ապրիլի 2-4-ին. այսպիսով՝ վարչապետ Սարգսյանն այդ պահին դեռ նախագահ չի լինելու»:
Բրայզան նաեւ նշել է, թե Հայաստանի կողմից ԼՂՀ-ի անկախության հնարավոր ճանաչումը «խաղաղ գործընթացին շատ լուրջ վնաս կհասցնի»: «Կարծում եմ, շարունակվող բանակցությունների արդյունքների կանխորոշմանն ուղղված ցանկացած քայլ օգուտ չի տա: Հենց այդպիսին է եղել մեր վերաբերմունքը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի օրակարգում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւի նկատմամբ: Դա եղել է միակողմանի բանաձեւ, որը չի արտացոլել բանակցային սեղանին առկա արդարացի եւ հավասարակշռված առաջարկի բնույթը: Սակայն եթե հայկական կողմն էլ որոշի գործել միակողմանի կերպով եւ կանխորոշել բանակցությունների արդյունքները Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով, դա շատ լուրջ վնաս կհասցնի խաղաղ գործընթացին»,- ասել է Մեթյու Բրայզան: Նա հավելել է, թե դա կլինի «չափազանց անհամաչափ պատասխան» ՄԱԿ-ում Ադրբեջանի գործողություններին եւ մի քայլ, որը կունենա «ապակայունացնող մեծ ներուժ»: Ամերիկացի դիվանագետի կարծիքով, Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման դեպքում «բանակցությունների համար այլեւս տեղ չի մնա»:
Խոսելով ՀՀ-ում տիրող ներքաղաքակա ն իրավիճակի մասին՝ Բրայզան հույս է հայտնել, որ արտակարգ դրության վերացումը Հայաստանին դուրս կբերի նոր փուլ, որտեղ ազատություններն ու ժողովրդավարության ուղղությամբ շարժումը կվերականգնվեն, ու «մենք կվերադառնանք մեր կարեւոր օրակարգի բոլոր հարցերին»: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ ՀՀ-ի հանդեպ վերաբերմունքի առումով ԱՄՆ-ի վերջնական որոշումը կախված կլինի Հայաստանում ժողովրդավարության ազատությունների վերականգնման աստիճանից: