Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու:
«ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը» ծավալուն հոդվածում նշում է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելով՝ վերջ դրեց «վիճելի որոշումների եւ ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան»: Եվ շարադրում է մի քանիսն այդ հարցերից:
«*Եթե, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, իրենք զինվում էին հանպատրաստից, միայն ինքնապաշտպանության համար, ապա որտեղի՞ց հայտնվեցին Մոլոտովի կոկտեյլները, որոնք նախատեսված չեն անձնական պաշտպանության համար: (Դեպքի վայրից արված որոշ հաղորդումներում նշվում է, որ դրանք պատրաստվում էին ընդդիմության գրաված ավտոբուսների բենզինով:)
* Եթե իրավապահները, ինչպես իրենք են պնդում, գնացել են Ազատության հրապարակ զենքի խուզարկություն անցկացնելու նպատակով, ապա ինչո՞ւ են գնացել մթով, երբ մեկ-երկու ժամ սպասելուց հետո կարող էին խուզարկություն անցկացնել լույսով:
* Եթե ոստիկանությունը, ինչպես հայտարարում է, իր ուժերը մտցրել է Ազատության հրապարակ «իրավիճակի անկանխատեսելիության պատճառով», ապա ինչո՞ւ էր այն այդքան պատրաստ ուժ գործադրելու՝ միաժամանակ բոլորովին անպատրաստ լինելով 10 օր խաղաղ ցույցեր արած բազմությունը խաղաղ ճանապարհով ցրելուն:
* Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող բողոքավորները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա՝
1. Ինչպե՞ս կարող էր կանխամտածված կերպով ատրճանակ կրողն այնքան անհոգ լինել, որ վայր գցեր զենքը, այն էլ այնպես, որ դրանք, ինչպես գրել է «Նյու Յորք թայմզ» թերթը՝ «Զատկի ձվերի նման դրված լինեն խոտերի մեջ»:
2. Եթե այդ հարբած ու թմրանյութ օգտագործած բողոքավորները (ինչպես նրանց ներկայացնում էին ոստիկանությունն ու հեռուստատեսությունը) այդքան զենք ունեին, ապա ինչպե՞ս եղավ, որ նրանց ցրելու ժամանակ ոչ մի կրակոց չեղավ:
* Եթե, ինչպես ներկայացնում է հեռուստատեսությունը՝ կադր կադրի հետեւից ցույց տալով ներարկիչները, որ պետք է վկայեն թմրանյութերի զանգվածային չարաշահումները բողոքավորների շարքերում, դա այդպես է, ապա ինչո՞ւ անպատիժ թալանի ընթացքում կոշիկի, հագուստի ու մթերքի խանութները թալանած ամբոխը չթալանեց դրանց մոտ գտնվող երկու դեղատները, որոնք պիտի որ լիքը լինեին թմրանյութերով:
* Եթե, ինչպես հայտարարել էր գլխավոր դատախազը, Մաշտոցի պողոտայում ամբոխը սկսել էր ամեն ինչ թալանել ու ավերել, ապա ինչպե՞ս եղավ, որ ընդամենը կես թաղամաս հեռու գտնվող կենցաղային սարքերի ու համակարգիչների չորս խանութներին, որոնք սովորաբար դառնում են զանգվածային թալանի առաջին թիրախները, ձեռք չէին տվել:
* Եթե, ինչպես հայտարարել էր ոստիկանությունը եւ ցուցադրել էր հեռուստատեսությունը, Ազատության հրապարակը մաքրելու ընթացքում առգրավվել էր մեծ քանակությամբ զենք, ապա ինչպե՞ս եղավ, որ հիստերիկ թալանով զբաղված ամբոխը նորից չզինվեց՝ թալանելով Մաշտոցի պողոտայում ու մերձակայքում գտնվող երկու որսորդական խանութները:
Ջոն Հյուզի հարցերին հավելենք մեր հարցերից առայժմ այս մեկը. եթե ոստիկանության գործողություններն այդքան իրավաչափ էին, ինչո՞ւ մարտի 1-ի առավոտյան բռնագրավվեցին այդ տարածքում նկարահանումներ կատարած «Ա1+»-ի, «Երկիր Մեդիա»-ի տեսաերիզները, ջարդեցին «ԱԼՄ»-ի տեսախցիկը, «Առավոտի» արտահաստիքային լուսանկարիչ Գագիկ Շամշյանին ծեծելով՝ խլեցին նրա նկարահանած կադրերը… Արդյոք ո՞չ այն պատճառով, որ հետո հնարավորություն ունենան ներկայացնելու իրադարձությունների միայն այն պատկերը, որ իրենց է ձեռնտու: