Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»

Մարտ 26,2008 00:00

\"\"Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը

«Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի գնահատել ողբերգության, այս սարսափելի հանցագործության մասշտաբները»,- մարտի 1-ին տեղի ունեցածի եւ դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, նախագահական ընտրությունները Հայաստանի պատմության մեջ «ամենախայտառակն էին», դրանք կազմակերպեցին եւ իրականացրին ոստիկանությունը, թաղի խուժանը, վարչական ռեսուրսը: Այս ամենից հետո արդարության պահանջ ներկայացրած մարդկանց նկատմամբ իշխանության դրսեւորած վարքագիծը պարոն Ասատրյանը բացատրում է մի բանով. «Թվում է, որ ուզում են լեգիտիմության տեսք տալ ընտրություններ կոչվող միջոցառմանը, սակայն իրական նպատակը Հայաստանում ավտորիտար կարգը հավերժ սահմանելն է»: Զուգահեռներ անցկացնելով 2004-ի ապրիլի 12-13-ի դեպքերի հետ՝ նա ասում է. «Այն ժամանակ Քոչարյանը կասկածելի ընտրություններից հետո ընդամենն ուզում էր վերահաստատել նախագահ լինելու իր ցանկությունը. հասարակության մի ստվար հատված ըմբոստացավ այդ փաստի դեմ, սակայն իշխանությունների կազմակերպած ծեծկռտուքը առժամանակ հանդարտեցրեց ժողովրդին: Հիմա մարդիկ հասկանում են, որ հարցը անձերի այս կամ այն ցանկության մեջ չէ: Եթե Սերժ Սարգսյանը ուզեր, ասենք, մի քանի տարով նախագահ դառնալ՝ ժողովուրդն ի վերջո գուցե նաեւ համակերպվեր: Սակայն այսօր իրավիճակն այլ է՝ իրենք ուզում են Հայաստանում մի հավերժական համակարգ ներդնել, որում ժողովրդի կամքը ոչինչ է, կարեւորը իրենց ցանկությունն է: Բարգավաճող այս խանությունում ՀՀ քաղաքացիներն ամեն առավոտ պետք է փառք տան Աստծուն, որ այսպիսի ղեկավարներ է իրենց պարգեւել, օրվա ընթացքում պետք է քայլեն այն վայրերով, որտեղով անցել են այս «մեծամեծները», համբուրեն նրանց ոտքերի հետքը եւ երեկոյան նորից շնորհակալություն հայտնեն Աստծուն»: Մեր զրուցակցի համոզմամբ, ինչքան էլ գործող իշխանությունը «ջանա»՝ ժողովրդի մեջ ըմբոստությունը չի կարող սպանել. «Մարդիկ լավ գիտեն՝ թե ինչ են ուզում: Ուզում են ապրել մի երկրում, որտեղ իշխողն օրենքն է, ոչ թե թաղի խուժանն ու ոստիկանը: Ընտրությունների օրը ես Ավան թաղամասում ականատես եմ եղել բազմաթիվ ընտրախախտումների, մարդ էր առեւանգվել, ես անձամբ զանգահարել եմ ոստիկանապետին, որը առժամանակ հետո պատասխանեց, որ «հերթապահը փորձառու չէր եւ ահազանգը ճիշտ չի գրանցվել», ու ոչ մի գործողություն այդպես էլ չձեռնարկեց: Տասնյակ էդպիսի բաներ եղան, բազմաթիվ կեղծիքներ ու լցոնումներ, հանրապետության առանձին տարածքներում խորհրդային վատագույն ավանդույթներով արձանագրվեց մոտ 100%-ոց արդյունք: Պարզվեց, որ ամենամեղավորը Սամվել Գեւորգյանը, Երջանիկ Աբգարյանն ու Կարապետ Ռուբինյանը, Գրիգոր Ոսկերչյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք ու ներկայացուցիչներն են եղել՝ խախտելով օրենքներն ու «խանգարելով» հանձնաժողովների աշխատանքներին: Ու ոչ մի իրավապահ չհիշեց, որ Աբովյանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին տասից ավելի տեղամասերից հանել ու ծեծել են»:

Թե ի՞նչ ավարտ կունենա այս պայքարը՝ «Հասարակության մի հատված կա, որը երբեք չի համակերպվի այս իրավիճակի հետ. նրանց կամ պետք է գնդակահարեն, կամ արտաքսեն… այնքան ժամանակ՝ մինչեւ արդարությունը գերիշխող կդառնա, մինչեւ իշխանավորը, պետական պաշտոնյան հասկանան, որ իրենց պարտքը օրինականությունն ապահովելն է եւ ոչ թե այս կամ այն թեկնածուի օգտին հանդես գալը, մինչեւ ոստիկանը կհասկանա, որ իմ՝ քաղաքացուս իրավունքները պաշտպանելու համար է ինքը ստեղծված, ոչ թե մեկ-երկու ղեկավարի, մինչեւ ոստիկանությունը կհասկանա, որ իր պարտականությունը հանցագործին բռնելն է, ոչ թե բանտից բաց թողնելը, որ գա ու ընտրություն կեղծի»: Որ մարդկանց ըմբոստությունը 20-օրյա արտակարգ դրության պայմաններում չնվազեց, ըստ Բագրատ Ասատրյանի՝ ցույց տվեց ամսի 21-ի սգո երթը եւ դրան հաջորդող օրերի «զբոսանքները»՝ Ազատության հրապարակից մինչեւ Ֆրանսիական դեսպանատուն: Հետաքրքրվեցինք՝ այս ակցիաները տեղի են ունենում առա՞նց առաջին նախագահի թիմի կողմից ինչ-որ կերպ կանոնակարգվելու: «Մինչեւ փետրվարի 19-ը, այո, հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմն էր: Այսօր այդ թիմը արդարության համար պայքարող մարդկանց համախումբ է, որտեղ չկա առաջնորդ, չկան կազմակերպիչներ: Հետագայում այս շարժումը հավանաբար ինչ-որ կազմակերպական ձեւեր կստանա, բայց այսօր դրա մասին խոսելը դեռեւս վաղ է: Ես, իհարկե, տեսնում եմ ԱԱԾ եւ ոստիկանության այն ծառայողների սարսափը, որ ամեն կերպ ուզում են կազմակերպիչներին գտնել, բայց այդպիսիք այսօր իրականում չկան: Ամսի 21-ին ոչ ոք ոչինչ չէր կազմակերպել»,- պատասխանում է մեր զրուցակիցը:

Կոալիցիայի կազմին պարոն Ասատրյանը հումորով է վերաբերվում. «ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն շատ հեռու են քաղաքական ուժ լինելուց, սա միայն իշխանությունների պատվերը կատարողների գլխաքանակ է, Դաշնակցության անլրջության մասին էլ չեմ խոսում…»: «ՕԵԿ-ը մոռացաք» մեր դիտարկմանն էլ արձագանքեց. «Կներեք, նա բան պիտի լինի, որ չմոռանամ… ի՞նչ է տալիս մեր երկրին Բաղդասարյան Արթուրը, բացի նրանից, որ արտասահմանցի մի փորձագետ իր զեկույցում մի տող կլրացնի, թե ձեւավորվել է կոալիցիա՝ նաեւ ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ: Մեր հասարակությանն ինչ-որ բան տվե՞ց նա: Ոչ»: Այդ դեպքում ինչո՞ւ էր Տեր-Պետրոսյանի թիմը նախընտրական շրջանում բանակցում ՕԵԿ-ի հետ. «Նախընտրական փուլում հասարակության որոշ շրջանակներում տվյալ անձի հետ կապված որոշակի սպասումներ էին ձեւավորվել, սակայն նա նախընտրեց մնալ իշխանությունների գործիքը»,- նշեց Բագրատ Ասատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել