Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ խնդիրներ են դրված:
Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան: Մրցաշրջան 2007-ում Հայաստանի ծանրորդներն աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են 47 մեդալ: Այս տարի հաջողությունը զարգացնելու նպատակներ կա՞ն:
– Իհարկե՝ այո: Բայց ավելի կարեւորում ենք օլիմպիական խաղերը: Եթե Պեկինում կարողանանք Հայաստանի դրոշը բարձրացնել, առավել եւս՝ օրհներգը հնչեցնել, մեր առջեւ դրված խնդիրը կարելի կլինի լուծած համարել: Բայց դա չի նշանակում, որ մյուս մրցումներում մեդալներ նվաճելուն կարեւորություն չենք տալիս:
– Ապրիլի 11-ին Իտալիայում մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մեր հանրապետությունն այնտեղ ովքե՞ր են ներկայացնելու:
– Տղաների եւ աղջիկների թիմերը Լիգնանո մեկնում են ամբողջական կազմերով: Աշոտ Մխիթարյանը մրցավայր տանելու է 69 կգ քաշայիններ Արայիկ Միրզոյանին եւ Տիգրան Գ. Մարտիրոսյանին, 77 կգ՝ Արա Խաչատրյանին, 85 կգ՝ Տիգրան Վ. Մարտիրոսյանին եւ Վահրամ Գեւորգյանին (նա նոր մարդ է մեծահասակների հավաքականում), 94 կգ՝ Էդգար Գեւորգյանին՝ Վահրամի ավագ եղբորը, 105 կգ՝ Արթուր Բաբայանին եւ +105 կգ՝ Արտակ Մկրտչյանին: Իսկ Արտաշես Ներսիսյանը թիմ ընդգրկել է Թեհմինե Կարապետյանին եւ Լիաննա Մանուկյանին (երկուսն էլ՝ 53 կգ քաշային կարգ), Աննա Գովելյանին եւ Հեղինե Եփրեմյանին (58 կգ), Մելինե Դալուզյանին՝ 63, Նազիկ Ավդալյանին՝ 69 եւ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ 75:
– Հավանաբար, տղաների եւ աղջիկների առջեւ տարբեր խնդիրնե՞ր են դրված:
– Այո: Տղաները օլիմպիական նոր ուղեգիր ձեռք բերելու խնդիր չունեն: Այս իմաստով նրանք անկաշկանդ են եւ պայքարելու են մեդալներ նվաճելու համար: Այ, աղջիկների գործն ավելի դժվար է: Գիտեք, որ մենք այստեղ առայժմ մեկ վարկանիշ ունենք: Իտալիան նրանց երկրորդի հնարավորություն է տալիս: Դրա համար պահանջվում է թիմային պայքարում գրավել առաջին տեղը կամ առնվազն հաղթել մեր հիմնական մրցակցին՝ Թուրքիային: Որքան էլ բարդ լինի, կարծում եմ, դա մեր աղջիկների ուժերի սահմանում է:
– Տղաների հավաքականում չթվարկեցիք Գեւորգ Դավթյանի եւ Ռուբեն Ալեքսանյանի անունները:
– Այդ երկու ծանրորդներն էլ անցած տարի գերազանց մրցելույթներ ունեցան: Մարզչական խորհրդի հետ նպատակահարմար ենք գտել, որպեսզի Գեւորգը օլիմպիական խաղերին նախապատրաստվի անհատական ծրագրով: Իսկ Ռուբենը դեռ պատանի է (18 տարին չի բոլորել): Եկեք նրան առայժմ հանգիստ թողնենք: Նա այս ամռանը կմասնակցի Կոլումբիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը, դրանից հետո հանդես կգա նույն տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում: Ասեմ, որ Ռուբենը (2007-ին նա սահմանեց Եվրոպայի երիտասարդների 13 ռեկորդ) նպատակ է դրել այս տարի գրոհել աշխարհի ռեկորդները:
– Այսինքն, նա Պեկին չի՞ մեկնելու:
– Ոչ: Դա բացառվում է: Ռուբենի հարցում շտապել պետք չէ: Տղան թող իր բնական հունով աճի: Առջեւում նոր օլիմպիական խաղեր կան: Ի դեպ, հիմա մենք ծանր քաշային կարգերում ունենք հեռանկարային 3-4 ծանրորդներ: Եվ եթե նրանց հետ ճիշտ աշխատենք, բացառված չէ, որ ոչ հեռու ապագայում աշխարհի ամենաուժեղ մարդը հայաստանցի լինի:
– Իսկ աղջիկների մասի՞ն ինչ կասեք:
– Նրանցից շատերի, հատկապես Հռիփսիմե Խուրշուդյանի, Մելինե Դալուզյանի, Նազիկ Ավդալյանի հետ հիմա ամբողջ աշխարհն է հաշվի նստում: Երեքն էլ արժանի են օլիմպիական խաղերի մեկնելու: Բայց հանգամանքների բերումով այսօր ստիպված ենք պայքարել գոնե երկրորդի մասնակցության համար: Մի հաճելի լուր ասեմ, որ մարզասերները, հավանաբար, չգիտեն: Մրցաշրջան 2007-ի արդյունքներով, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Հռիփսիմե Խուրշուդյանին ճանաչել է տարվա լավագույն մարզուհի եւ նրա նկարը տեղադրել հատուկ հրատարակված օրացույցի հունիս ամսվա էջում:
– Ասացիք, որ տղաները Իտալիայում պայքարելու են մեդալների համար: Արժե՞, արդյոք, հաշվի առնելով, որ շատ ժամանակ չանցած նրանցից ոմանք հանդես են գալու նաեւ օլիմպիական խաղերում:
– Եթե նկատի ունեք մարզավիճակի գագաթին գտնվելը, նման խնդիր չի լինի: Նախ, Լիգնանոյում բարձրացրած կիլոգրամների արդյունքով են մարզիչները վերջնականապես ընտրելու, թե ո՞վ պետք է մեկնի օլիմպիադա: Իսկ ինչ վերաբերում է օլիմպիական խաղերին, Եվրոպայի առաջնությունից հետո մինչեւ դրանց մեկնարկը (օգոստոս) երեք-երեքուկես ամիս մնում է: Դա լիովին բավարար է ուժերը վերականգնելուն եւ Չինաստանում կրկին լավագույն մարզավիճակ ունենալուն: Այդ նպատակով արդեն մայիսի սկզբներից, երբ մարզիչները որոշած կլինեն հավաքականների վերջնական կազմը, անցկացվելու են նախաօլիմպիական հատուկ ուսումնամարզական հավաքներ:
– Ֆեդերացիան աշխատանքների կազմակերպման հարցում դժվարություններ ունի՞:
– Ոչ մի: Տղաները հիմա մեկնում են Պոդոլսկ: Մի երկու օրից աղջիկները կմիանան նրանց եւ ապրիլի 11-ին միասին կուղեւորվեն Լիգնանո: Ես որպես մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ, անում եմ ամեն բան, որպեսզի ծանրորդները որեւէ խնդիր չունենան: Անգամ աղջիկների հետ ծանրաձողեր եմ ուղարկում Պոդոլսկ, քանի որ այնտեղինը տարբերվում է Եվրոպայի առաջնությունում գործածվողներից: Էլ չեմ ասում բարձր կալորիականությամբ բնական սննդի, վիտամինների մասին:
– Ու կրկին դոպինգի մասին:
– Ես արդեն հոգնել եմ այդ հարցին պատասխանելուց: Նաեւ որպես փոխնախարար, որը պատասխանատու է սպորտի գծով, կրկնում եմ, որ հատկապես մեր առաջատար մարզաձեւերում, այդ թվում՝ նաեւ ծանրամարտում, դոպինգի հարցն անչափ խիստ է դրված ու յուրաքանչյուր մարզիկ եւ մարզիչ, լինի անձնական, թե հավաքականի, լավ գիտի, թե ինչպիսի պատասխանատվություն է կրում կարգը խախտելու համար: Մեր «դոպինգը» հայկական թարմ ծիրանն է, դրա հյութը, չիրը: