Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիսի հինգ առիթ

Մարտ 25,2008 00:00

Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը խոսեց առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին:

Գ. Գյուրջյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 46 եզակի նմուշների կրկնատիպեր: Նշենք, որ բրոնզի արվեստը Չինաստանի 5000-ամյա քաղաքակրթության անքակտելի բաղկացուցիչներից է:

Մարտի 26-ից մայիսի 4-ը կանցկացվի Թավջութակի երաժշտության հանրապետական առաջին փառատոնը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանին: Փառատոնի կազմակերպիչներն են Կոմիտասի անվան պետական քառյակը, Երեւանի կամերային երաժշտության տունն ու «Նարեկացի» կամերային երաժշտության ընկերությունը: Կոմիտասի անվան քառյակի տնօրեն Արման Պադարյանի ձեւակերպմամբ, վախ կար, որ ութ տարի հետո Հայաստանում թավջութակ այլեւս չի լսվի, այդ պատճառով էլ ճանաչված թավջութակահար Արամ Թալալյանի հետ որոշել են անցկացնել փառատոն: Ա. Թալալյանի փոխանցմամբ էլ՝ փառատոնի շրջանակներում Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ստեփանակերտում, Աբովյանում, Չարենցավանում կկազմակերպվեն համերգներ: Կատարումներով հանդես կգան Այդին Ահմադինեջադը՝ Իրանից, Միքայել Հախնազարյանը՝ Շվեյցարիայից, Ալեքսանդր Չաուշյանը՝ Մեծ Բրիտանիայից, կոնսերվատորիայի լավագույն ուսանողները եւ այլք: Ըստ Ա. Թալալյանի, քանի որ Հայաստանում թավջութակի անհետացման խնդիր կա, այդ պատճառով փառատոնը նաեւ ուսուցողական բնույթ է կրում: Նա հավելեց, որ այն մարզերում, որտեղ դեռեւս նվագում են թավջութակ, կանցկացվեն վարպետության դասեր:

Այսօր Ազգային պատկերասրահում էլ կբացվի Վրաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը: Հռչակավոր նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստր Զուլեյկան այժմ ապրում եւ ստեղծագործում է Թբիլիսիում՝ շարունակելով թիֆլիսահայ նկարչական դպրոցի ավանդույթները: Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 1976-2006 թթ. շուրջ 50 աշխատանք՝ հորինվածքներ, նատյուրմորտներ եւ բնանկարներ, կգործի մինչեւ ապրիլի 2-ը:

Մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Էդգար Հովհաննիսյանի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա բեմադրված «Վարդանանք» եւ Պիացոլլայի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծված «Տանգո» մեկ գործողությամբ բալետային ներկայացումների պրեմիերան (խորեոգրաֆ՝ Ռ. Խառատյան):

Ապրիլի 2-ին Ազգային պատկերասրահում կբացվի «Հրաշագործ կանանց աշխարհում» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայ գեղանկարի եւ քանդակի հավաքածուներից ընտրված 20 կին հեղինակների 29 ստեղծագործություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել