Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոսը՝ մեղադրյալի աթոռին

Մարտ 25,2008 00:00

Դատավճիռը կհրապարակվի այսօր

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանի դատավարությունը: Քալանթարյանը Լոռու մարզի ՀՀՇ կառույցի նախկին նախագահ եւ ներկայիս ակտիվիստ Վանիկ Մանուկյանի կինն է:

Փետրվարի 19-ին թիվ 30/22 հանձնաժողովի նախագահ Էդուարդ Վահանյանը դիմել էր Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնի պետ Անուբախ Համբարյանին, տեղեկացնելով, որ Սոֆյա Քալանթարյանը կազմակերպել է «պրովոկացիաներ եւ խանգարել ընտրական գործընթացը», ինչի առնչությամբ, ըստ դիմողի, հանձնաժողովը կազմել է արձանագրություն: Նշենք, որ մինչ այդ, ժամը 14.00-ի սահմաններում, Վահանյանի պահանջով վստահված անձը ոստիկանների միջամտությամբ արդեն դուրս էր տարվել ընտրատեղամասից: Այդ առնչությամբ մարզի դատախազ Կարեն Շահբազյանին էր դիմել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Արմեն Հովհաննիսյանը, տեղեկացնելով, որ հանձնաժողովի նախագահը «ապօրինի եւ բռնի կերպով» ընտրատեղամասից դուրս է հանել իրենց վստահված անձին, ինչի հետեւանքով այդ ընտրատեղամասում ավելի քան մեկ ժամ նախագահի թեկնածուն ոչ մի վստահված անձ չի ունեցել: Երկու դիմում- բողոքների արդյունքում միայն Ս. Քալանթարյանն է հայտնվել մեղադրյալի աթոռին: Մեղադրողն անձամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն էր: Ս. Քալանթարյանի պաշտպան Էդմոն Մարուքյանն իր պաշտպանական ճառում այս առնչությամբ նշեց. «Նախաքննական մարմինը տարբերակված վերաբերմունք է ցուցաբերել, քրեական գործ հարուցելով Սոֆյա Քալանթարյանի նկատմամբ եւ քրեական հետապնդում չիրականցնելով Էդուարդ Վահանյանի նկատմամբ»:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Վահանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Էդ աղջիկը էրկու օր կյանքս կերավ: Արդեն համբերությունս հատել էր», խոսքը վստահված անձի մասին էր: Իսկ Քալանթարյանն իրեն մեղադրյալի աթոռին նստեցնելը մեկնաբանեց քաղաքական դրդապատճառներով. «Այս ամենը քաղաքական հետապնդում է իմ ընտանիքի նկատմամբ, քանի որ ամուսինս ընդդիմադիր կողմի ակտիվիստներից է, սրանով ուզում են մեզ, այսպես ասած, պատժել: Դեռեւս ընտրության նախորդ օրն էր նկատելի, որ ընդգծված չարություն կա ամուսնուս հանդեպ, նախագահը երբ խոսում էր, անընդհատ չարացած նշում էր, թե ես ում կինն եմ եւ մեր հասցեին շատ վիրավորական արտահայտություններ էր անում: Իսկ այդ ընտրական հանձնաժողովը կարծես թե երկրի քաղաքական կառուցվածքի փոքր պատկերը լիներ. հանձնաժողովում «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ներկայացնող անդամները միահամուռ մի դիրքորոշում ունեին՝ այնպես, ինչպես պահանջում էր ՀՀԿ-ական նախագահը: Միակ ընդդիմադիրն այստեղ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչն էր, որն իրեն օբյեկտիվ էր պահում: Եվ, բնականաբար, իմ դեմ մեղադրանք առաջադրելն ամենեւին էլ դժվար չէր նախագահի համար, որն ի սկզբանե ուզում էր ձերբազատվել ինձանից, քանի որ ես տեսնում, նկատում եւ ներկայացնում էի ԸՕ-ի այն պահանջները, որոնք ինքը կամ չգիտեր, կամ պարզապես չէր ուզում կատարել եւ շրջանցում էր դրանք»: Դատական վիճաբանությունների փուլում նախագահի՝ ԸՕ-ի չիրազեկվածության մասին կարծիք հայտնեց նաեւ մեղադրյալի պաշտպան Կարեն Թումանյանը: Հիմնականում ԸՕ-ին վերաբերող նրա տված որոշ հարցերին հանձնաժողովի նախագահը չէր կարողանում սպառիչ պատասխաններ տալ, երբ պաշտպանը հարցնում էր, թե նախագահը ինչո՞ւ չէր նախապես վարագույրով ծածկել քվեախցիկների առջեւի լուսամուտները, չհրկիզվող պահարանը ընտրության նախորդ օրը ինչո՞ւ չի կապարակնքել՝ ճիշտ ձեւով եւ ճիշտ տեղում: Այս ամենի մասին, ըստ պաշտպանի, տեղեկացրել եւ ուղղում է պահանջել Սոֆյա Քալանթարյանը, ինչն էլ առաջացրել է նախագահի բուռն զայրույթը եւ ստեղծել լարվածություն: Իբրեւ վկա հանդես եկող Վահանյանը չկարողացավ հստակ պատասխանել նաեւ պաշտպանի այն հարցին, թե Ս. Քալանթարյանը կոնկրետ ումի՞ց է պահանջել անձամբ հաշվել քվեաթերթիկները, ինչի մասին ցուցմունք է տվել Վահանյանը: «Հստակ այս պահին չեմ կարող ասել, հանձնաժողովից պահանջեց, եթե չեմ սխալվում՝ Խաչատրյան Ռուդոլֆից, բայց հստակ չեմ կարող ասել: Չեմ հիշում: Հնարավոր է, որ սխալվեմ»,- եղավ Վահանյանի պատասխանը: Նա չկարողացավ հստակեցնել նաեւ, թե կոնկրետ ում հետ է վիճաբանել Քալանթարյանը, ինչի մասին նույնպես Վահանյանը ցուցմունք էր տվել: «Երեւի թե բոլորի»,- եղավ պատասխանը:

Այդ եւ դատական նիստի մյուս մանրամասները կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել