Դիվանագետ Լեւոն Սարգսյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում:
Կիրակի օրը, Սուրբ Զատկի տոնի առիթով, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պետք է այցելեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ժամը 12-ից սկսած եկեղեցի էին գալիս ազատության մեջ գտնվող եւ ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունեցող ընդդիմության ներկայացուցիչները՝ Լեւոն Զուրաբյանը, Բագրատ Ասատրյանը, Ստեփան Գրիգորյանը, Ղուկաս Սիրունյանը, ՀՀՇ մի շարք անդամներ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ կուսակիցների հետ, ՆԺԿ քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը եւ Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման ակտիվիստներ ու համակիրներ: «Առավոտին» հայտնի դարձավ, որ Վահան Շիրխանյանն անդամագրվել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը: Երդման արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Եռաբլուրում: Պաշտպանության նախկին փոխնախարարը կուսակցական հավատարմության երդում է ընդունել զենքի, կուսակցության դրոշի եւ կանոնադրության վրա: Ինքը՝ Վ. Շիրխանյանը, ՍԴՀԿ-ին անդամագրվելը հետեւյալ կերպ է բացատրում. «ՍԴՀԿ-ն ազգային կուսակցություն է՝ սոցիալական, սոցիալիստական հստակ ուղղվածությամբ, ինչն ինձ հոգեհարազատ է: ՍԴՀԿ-ն իրեն շատ ճիշտ է պահել իր պատմության ընթացքում, հատկապես 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Լինելով այս կարգի կուսակցության մեջ՝ ես կարող եմ երկրին ավելի օգտակար լինել եւ լուրջ ծառայություններ մատուցել»:
Ժամը 13-ից սկսած Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու այցելուների թիվը սկսեց նկատելիորեն ավելանալ: Ակնհայտ էր, որ, բացի օրվա խորհրդից, այցելուներին հետաքրքրել էր նաեւ առաջին նախագահի ներկայությունը: Սպասումներն այդպես էլ չարդարացան: Տեր-Պետրոսյանը չեկավ: Խոսակցություններ էին պտտվում, որ խնդիրներ են առաջացել Պահպանության պետական ծառայության ղեկավար Գրիշա Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ օրերս փոփոխություններ կատարվեցին «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, որով զգալի լիազորություններ են տրվում ՊՊԾ ղեկավարին, եւ այդ փոփոխությունները, ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք նշանակելու մասին են: Եկեղեցու բակում եւ ներսում քիչ չէին նաեւ ոստիկանները՝ համազգեստով եւ քաղաքացիական հագուստներով, որոնք 5-6 մարդուց ավելի կուտակումների դեպքում անհանգստության նշաններ էին ցուցաբերում:
Եկեղեցի էր այցելել նաեւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալժիրում եւ Թունիսում ՀՀ դեսպան Լեւոն Սարգսյանը՝ տիկնոջ հետ: Օրվա առիթով նա հայ ժողովրդին մաղթեց «լինել քրիստոնյա, իսկ քրիստոնեությունը, իմ խորին համոզմամբ, առաջին հերթին սեր է եւ հանդուրժողականություն՝ միմյանց նկատմամբ»: Պարոն Սարգսյանը զրուցեց «Առավոտի» թղթակցի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական զարգացումները:
– Անկեղծ ասած, ես առանձնապես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց իբրեւ քաղաքացի՝ իհարկե, գնահատականը միանշանակ բացասական է: Այդպես չպիտի լիներ, որովհետեւ դա նշանակում է, որ մենք, մեր պետությունը, մեր ժողովուրդը դեռ չենք կայացել որպես պետություն: Քաղաքակիրթ երկրներում, իսկ մենք մեզ քաղաքակիրթ ազգ ենք համարում, այդպիսի զարգացումներ չպիտի լինեին: Եթե մենք հիշենք քաղաքակիրթ երկրների պատմությունը՝ 8 տարի առաջ Բուշն ընդամենը 37-38 ձայնով հաղթեց եւ ընտրված նախագահ ճանաչվեց:
– Դուք այն կարծիքին եք, որ ընտրությունները Հայաստանում ազատ, արդար եւ օրինակա՞ն էին:
– Այո, միանշանակ: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, տեսել եմ՝ առանց որեւէ բաների են եղել: Ես չեմ ասում՝ կատարյալ. կատարյալ ոչ մի բան ընդհանրապես կյանքում չկա, եւ եթե որեւէ բան կատարյալ լինի՝ կյանքը կդադարի: Համենայնդեպս, մեզ այդպես են սովորեցրել: Բայց որ օրինական էր, արդար էր՝ միանշանակ:
– Ի՞նչ կասեք մարտի 1-ին տեղի ունեցածի եւ դրան հետեւած զանգվածային ձերբակալությունների մասին:
– Ես չէի ասի՝ զանգվածային: Ես ոչ դատախազ եմ, ոչ էլ, ասենք, ոստիկան եմ, ըստ երեւույթին՝ կարգազանցներին կամ օրինախախտներին ձերբակալել են, եւ դատարանը կորոշի:
– Ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների մեղքը բարդում է իշխանության վրա, իշխանությունը՝ ընդդիմության: Արդյունքում՝ հասարակությունը, կարծում եմ՝ արդարացիորեն, նորից ընդվզում է եւ անհանդուրժողականություն ցուցաբերում:
– Որոշ խավ, ովքեր մասնակցել են այդ իրադարձություններին, կարծում եմ, կարող են ընդվզել: Բայց մի շատ ավելի զգալի մաս լրիվ հակառակ կարծիքին է: Իհարկե, շատ վատ է եւ ցանկալի չէր լինի այդպիսի զարգացումներ, բայց ուղղակի հասցրին դրան: Եվ նույն ընդդիմադիր գործիչները թող մի քիչ ավելի քաղաքակիրթ վարվեին եւ ավելի քաղաքակիրթ պայքարեին:
– Իսկ իշխանությունը չէ՞ր կարող ավելի քաղաքակիրթ…
– Այսինքն՝ ի՞նչ պիտի աներ իշխանությունը:
– Ուժ չկիրառեր խաղաղ ցուցարարների դեմ:
– Խաղաղ ցուցարարների դեմ իշխանություններն ուժ չեն կիրառել: Այդ «խաղաղ ցուցարարների» «գործիքները» ես ինքս տեսել եմ:
– Իսկ ի՞նչ եք տեսել:
– Թեկուզ այն «ոզնիները»:
– Պարոն Սարգսյան, լուրեր էին պտտվում, որ ԱՄՆ-ում հրդեհել են ձեր եղբայր Ալեքսանդր Սարգսյանին պատկանող գործարաններից մեկը եւ անգամ մահափորձ է իրականացվել նրա նկատմամբ. համապատասխանո՞ւմ են դրանք իրականությանը:
– Դրանք միայն բամբասանքներ ու հերյուրանքներ են: Իմ եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, Ամերիկայում գործարան չունի, որպեսզի վառեին: Այդպիսի բան չի եղել, ես համարյա ամեն օր եղբորս հետ կապի մեջ եմ: Եվ ավելացնեմ, որ այդպիսի բամբասանքներ ոչ միայն եղբորս, այլ, ցավոք, նաեւ ծնողներիս մասին էին տարածել՝ անամոթաբար, լկտիաբար: