Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ «ԼԱԴԱ»՝ ՈՒՐԵՄՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ «ԳԼՈԲԼ ՄՈԹՈՐՍ»-ԻՑ

Մարտ 25,2008 00:00

\"\"Հետխորհրդային շատ երկրների պես ռուսաստանյան ամենահայտնի ավտոհսկաներից մեկի՝ «ԱվտոՎազ»-ի կողմից արտադրվող ավտոմեքենաների տեսականին շարունակում է իր ուրույն տեղը պահպանել նաեւ հայաստանյան շուկայում: Դրան նպաստում են մի շարք գործոններ, որոնցից կարեւորագույնը, թերեւս, այս ավտոմեքենաների գնի եւ որակի ավանդական ճիշտ հարաբերակցությունն է, գնորդների համար ավտոմեքենաների համեմատաբար գնային մատչելիությունը եւ պահեստամասերի ու սպասարկման գների անհամեմատ էժան լինելը:

Պատահական չէ, որ «ՎԱԶ» ավտոմեքենան դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից «ժողովրդական ավտոմեքենայի» համբավ է ձեռք բերել: «ԼԱԴԱ» բրենդի չափազանց մեծ «ժողովրդականությամբ» եւ հայ ավտոսիրողների շրջանում մեծ պահանջարկ ունենալու հանգամանքով էր պայմանավորված ավտոշուկայում «ԱվտոՎազ»-ի տարբեր տարիներին հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչների բավականին ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը: Իսկ այս տարվա սկզբից Հայաստանում «ԱվտոՎազ» գործարանի միակ պաշտոնական ներկայացուցիչ է հանդիսանում «Մուլտի գրուպ» կոնցեռնի կառուցվածքում գործող «Գլոբլ Մոթորս» ընկերությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Գեւորգյանի խոսքով, «ԱվտոՎազ»-ի նոր պաշտոնական ներկայացուցչի մուտքը հայաստանյան շուկա՝ սոսկ նախկին պաշտոնական ներկայացուցչին նորով փոխարինում չէ, այլ սպասարկման նոր մշակույթի, նոր որակի եւ, եթե կուզեք, բիզնեսի այս ասպարեզում եվրոպական ժամանակակից չափանիշների ներդրման գործընթաց է»: «Մեզանում հանրահայտ «ԼԱԴԱ» բրենդը նոր մոտեցումների, նախ եւ առաջ հարմար գնային եւ վարկավորման ճկուն քաղաքականության շնորհիվ հաճախորդների համար նոր երանգներ կստանա»,- ասում է «Գլոբլ Մոթորս»-ի տնօրենը: Ինչ վերաբերում է պոտենցիալ գնորդներին թերեւս առաջին հերթին հուզող գնային հարցին, ապա «Գլոբլ Մոթորս»-ում խոստանում են, որ նախկինի համեմատ՝ ավտոմեքենաներն առնվազն ավելի թանկ չեն լինելու, թեեւ արտադրող գործարանի կողմից վարվող գնային քաղաքականության պայմաններում դա այնքան էլ հեշտ չի լինելու իրականացնել: Միեւնույն ժամանակ, «Գլոբլ Մոթորս»-ի տնօրենի պնդմամբ, «ԱվտոՎազ»-ի մեքենաների որակն էլ այսօր անհամեմատելի է, ինչ, ասենք, 5 կամ 10 տարի առաջ։ Նա մասնավորապես առանձնացրեց «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, որոնք իրենց տեխնիկական տվյալներով եւ հագեցվածությամբ, ինչպես նաեւ գնի ու որակի արդյունավետ հարաբերակցության շնորհիվ բավականին մրցունակ են լինելու շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի ավտոշուկաներում: Ի դեպ, այս տարվանից բոլոր ավտոմեքենաները Հայաստանում պետք է համապատասխանեն «Եվրո-3» կոչվող ստանդարտին եւ, բնականաբար, «Գլոբլ Մոթորս»-ից ձեռք բերված ավտոմեքենաները լիովին համապատասխանելու են նշված պահանջներին:

Հատկանշական է, որ գնորդները կարող են իրենց անհրաժեշտ ծառայությունները ստանալ ամբողջ ծավալով հենց ավտոսրահում, քանի որ «Գլոբլ Մոթորս»-ի սրահում են տեղակայված լինելու եւ՛ տեխնիկական սպասարկման, եւ՛, այսպես կոչված, «տյունինգային» կենտրոնները, իսկ ապագայում նաեւ՝ ավտոմեքենաները գազով աշխատելու համար վերաձեւավորելու ստորաբաժանումը: Ավելին, ըստ պարոն Գեւորգյանի, անգամ ապառիկ եղանակով մեքենաներ գնել ցանկացողները վարկավորման խնդիրները, ամենայն հավանականությամբ, լուծելու են տեղում, քանի որ նախապատրաստվում է վարկավորող բանկերի մասնաճյուղերը տեղակայել ավտոսրահի տարածքում: Իսկ որպեսզի անգամ ապառիկ եղանակով գնելու դեպքում «ՎԱԶ» ավտոմեքենաները գնային առումով շարունակեն մնալ մատչելի, «Գլոբլ Մոթորս»-ը բանակցություններ է վարում հայաստանյան բոլոր բանկերի հետ թե՛ վարկերի տոկոսադրույքների նվազեցման եւ թե՛ մարման ժամկետների երկարաձգման ուղղությամբ: «Սա մեզ համար չափազանց կարեւոր եւ սկզբունքային մոտեցում է, քանի որ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «ՎԱԶ» ավտոմեքենաների գնորդները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են, երիտասարդությունը եւ նրանք, ում համար «ԼԱԴԱ» մակնիշի մեքենան, ինչպես ասում են, առաջին ավտոմեքենան է լինելու»,- նշեց «Գլոբլ Մոթորս»-ի տնօրենը:

Պակաս կարեւոր գործոն չէ նաեւ այն, որ մեր գրեթե յուրաքանչյուր ավտոսիրողի առաջին մեքենան ժամանակին եղել է հենց «ՎԱԶ» մակնիշի: Բացի այդ, «ՎԱԶ» ավտոմեքենաների գնային ու տեխնիկական սպասարկման եւ պահեստամասերի համեմատաբար մատչելիությունը մեծ խթան է մեզանում բավականին արդյունավետ գործող տաքսի ծառայությունների համար, որոնց սեփականատերերը, ըստ Սամվել Գեւորգյանի, ոչ միայն հնարավորություն ունեն աստիճանաբար թարմացնել իրենց ավտոպարկը, այլեւ ընդլայնել իրենց բիզնեսը կամ հնարավորության դեպքում նոր տաքսի ծառայություններ բացել:

 Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել «Գլոբլ Մոթորս» ընկերությանը, որը գտնվում է Երեւան-Սեւան մայրուղու աջակողմյան հատվածում: Հեռ./ֆաքս՝ (374 10) 28 99 47, 28 99 48  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել