Անդրանիկ Մարգարյանի՝ ազգային ու պետական նվիրյալ գործչի կյանքի եւ գործի բուն գնահատականը, անկասկած, կտան պատմությունն ու ժամանակը: Բայց այսօր արդեն պարզ է, որ նախախնամությունը որոշակի դեր էր վերապահել նրան հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, եւ նա փայլուն կատարեց իր առաքելությունը: Ամենուր՝ խորհրդային շրջանի ընդհատակյա գործունեության մեջ թե Արցախի ազատագրության ու Հայաստանի անկախացման համար պայքարում, կուսակցական թե պետական պատասխանատու աշխատանքում եղավ անմնացորդ նվիրյալ՝ իր դավանած գաղափարներին, հայրենիքին ու ժողովրդին:
Ազատության ու անկախության տենչը Անդրանիկ Մարգարյանի էության մեջ մեկ օրվա ծնունդ չէր, այլ թրծվել էր տոհմիկ մշեցի իր նախնիների ազատատենչ ոգու, նժդեհյան ազգանվեր գաղափարների հնոցում, ժողովրդի ճակատագրի շուրջ տաք մտորումներում, հասունացել նաեւ իր կյանքի ու պայքարի բազում փորձությունների մեջ:
Այդ հետո պիտի պարզ դառնար, որ ոչ միայն նրա՝ Գեւորգ Չաուշի, Անդրանիկի, Սոսեի ու Սերոբի մասին պատմությունների մեջ մանկությունն անցկացրած պատանու, այլեւ բոլորիս բախտավորությունն էր, որ այդքան վաղ նրա մեջ ծնվեց համոզմունքը, թե «Էրգիր գնալու միակ ճանապարհը պետություն ունենալն է»: Համոզմունք, որը հետագայում, կենսագրության բերումով, նրա համար չմնաց որպես սոսկ գաղափար, այլ՝ մանավանդ Հայաստանի անկախացումից հետո, դարձավ գործ ու նպատակ, ամենօրյա տքնաջան աշխատանք:
Անդրանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց չափազանց դժվարին ու բարդ մի պահի՝ երկրում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական իրադարձության, քաղաքական ու տնտեսական ծանր պայմաններում՝ իր գլխավորած Հանրապետական կուսակցության հետ, աներկբայորեն վերցնելով պատասխանատվությունը կառավարության գործունեության, երկրում իրավիճակի կարգավորման ու բարելավման համար: Ելակետը՝ ազատագրումն էր երկրի անվտանգությանն սպառնացող ներիշխանական խարդավանքներից եւ ազգակործան պառակտումներից, իշխանության թեւերի միջեւ հակասությունների բացառումը, որոնք խարխլում էին պետականության հիմքերը: Ժողովրդի հոգսը կրելու, հասարակության մեջ վստահության մթնոլորտը վերականգնելու, անպտուղ խոսքերից որոշակի գործի անցնելու հրամայականները նրա համար զուգակցվում էին պատասխանատվության բարձր զգացումի հետ: Այդ զգացումով էլ նա՝ ՀՀ նախագահի, Հանրապետական կուսակցության եւ կառավարության հետ միասին, լծվեց, իր բնորոշմամբ, «հայոց պետականաշինության սուրբ գործին»՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով տնտեսության զարգացման, սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետության ամրապնդման, վերջին հաշվով, «հայ մարդու, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ու կենցաղի ապահովման» ուղղությամբ՝ համոզված, որ այդ նպատակներին հասնելու իրական երաշխիքն անմնացորդ աշխատանքն է, պետության հիմքերի ամրացման համար եւս մեկ քար ավելացնելու ջանքը:
Հայաստանի պատմության նորագույն շրջանի ամենամեծ ձեռքբերումը համարելով անկախությունը, նա զգոնության կոչ էր անում բոլորին, շեշտելով, որ «սոցիալական, քաղաքական ժամանակավոր դժվարությունները չպետք է պատճառ դառնան Անկախության, Հայոց պետականության գաղափարը կասկածի տակ առնելու համար»: Նա մտահոգված էր յուրաքանչյուր քաղաքացու, ամեն հայի կյանքով եւ ճակատագրով ու երազում էր, որ պետության քաղաքացին լինի նաեւ պետականության կրողը: Այդ պատճառով էլ չափազանց կարեւորում էր երկրի քաղաքացու մեջ պետության նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի արմատավորումը: Այսօր էլ չափազանց արդիական է Անդրանիկ Մարգարյանի համոզմունքը, թե անկախության պայքարը դեռ չի ավարտվել, պարզապես տեղափոխվել է տնտեսության, պետական շինարարության դաշտ: Խորապես գիտակցելով առաջադրված նպատակների իրագործման տեւականությունն ու դժվարությունը, դրանց գնահատման հարցում նա հավասարապես մերժելի էր համարում ինչպես ամեն բան վարդագույն տեսնելու ինքնախաբեությունը, այնպես էլ ամեն ինչ սեւացնելու բարդույթը: Եվ արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. կարճ ժամանակամիջոցում մշակվեցին եւ սկսեցին իրագործվել մի շարք կարեւոր ռազմավարական ծրագրեր, մարվեցին բնակչությանը պետության ունեցած ներքին պարտքերը, ապահովվեց բարձր եւ կայուն տնտեսական աճ, ոչ միայն սկսեցին ժամանակին ու կանոնավոր վճարվել, այլեւ տարեցտարի ավելանալ աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները: Անհրաժեշտ ուշադրություն դարձվեց գիտության, կրթության, մշակույթի հարցերին, դրվեցին այդ ոլորտներում հիմնարար բարեփոխումների հիմքերը:
Անդրանիկ Մարգարյանը համազգային արժեքներ կրող գործիչ էր: Հայության համախմբման, ազգային ոգու ամրացման, անկախ պետականության ամրապնդման ջանքերն ու ձգտումը նա դիտում էր պատմական լայն խորապատկերի վրա՝ հայոց ազգային հիմնարար նպատակների իրագործման հեռանկարում, ձգտելով հնարավորինս դրանք լսելի եւ ընկալելի դարձնել նաեւ միջազգային հանրության համար: Այդ պատճառով էլ ցեղասպանության հարցերին նվիրված միջազգային համաժողովի բարձր ամբիոնից պիտի հնչեցներ, թե հայության համար հզոր պետության ստեղծումը, «ըստ էության, վերապրածների պատասխանն էր ցեղասպանություն իրագործողներին», արժանապատվորեն պիտի նշեր, որ այդ արհավիրքն ապրելուց հետո, հայ ժողովուրդը «ուժ գտավ վերհառնելու, իր պատմական հայրենիքի մի հատվածում պետություն կերտելու, արարելու, այսօր արդեն՝ անկախ պետականությունն ամրապնդելու, հզորացնելու եւ շարունակելու իր մասնակցությունը համամարդկային մշակութային արժեքների ստեղծման գործին»: Նա համոզված էր, որ «XXI դարում աշխարհի քաղաքակիրթ երկրներին մեր ձեռքը ոչ թե օգնության խնդրանքով, այլ մշտապես համագործակցության առաջարկով է պարզվելու»:
Անդրանիկ Մարգարյանը մեզ համար օրինակելի ու թանկ է նաեւ իր ներաշխարհի հարստությամբ, մարդկային-բարոյական կերպարի անաղարտությամբ: Շատ ու շատ անվանի գիտնականներ, արվեստագետներ, գրողներ ու մշակույթի գործիչներ են վկայել, որ նա՝ ոչ միայն որպես վարչապետ, այլեւ հայ մարդ ու քաղաքացի, մշտապես անվարան թիկունք է կանգնել ազգային գիտակրթական ու մշակութային օջախներին եւ արժեքներին, եղել նրանց երկրպագուն, պաշտպանն ու հովանավորը: Հանրահայտ էր նրա սերը հատկապես թատրոնի ու գրքի, պաշտամունքը՝ ազգային ավանդույթների, ընտանիքի ու երեխաների նկատմամբ:
Շարունակ կրկնում էր, թե «հոգնելու ժամանակ եւ իրավունք չունեմ», երազում էր այն պահը, երբ, թերեւս, կկարողանար բոլորի նման «նորմալ ռեժիմով ապրել»: Հայոց նորագույն շրջանի պատմական գործիչների մեջ այն քչերից էր, ով, շատերի խոստովանությամբ, հավասարակշռության խորհրդանիշ էր դարձել իշխանության, ընդդիմության եւ ընդհանրապես հասարակության տարբեր շերտերի միջեւ, կարողանում էր համախմբել բոլորին, իր կերտվածքով կայունացնող քաղաքական գործիչ էր, համակ բարություն էր, սեր ու նվիրում: Նա իսկական մերան էր, ում անկեղծորեն սիրում էր ժողովուրդը: Վերջապես՝ ազգային ու պետական գործիչ, վարչապետ ու քաղաքացի, մեծատառով հայ, ով՝ նրան ճանաչողներից մեկի դիպուկ բնորոշմամբ, «Սերմնացանի նետած բարի սերմի նման քրտինքով ու տանջանքով խաղաղության բերք բերեց մարդկանց եւ արժանացավ համընդհանուր սիրո եւ գնահատականի:
Հանգավ՝ լուսավորելով բոլորիս: