Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ

Մարտ 25,2008 00:00

Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է նաեւ մեկ տարի հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին է հանձնել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, գաղափար կա այդ հանձնաժողովում ընդգրկել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչին: Մինչ այս, պարոն Դալլաքյանը հանդես էր եկել նաեւ այլ առաջարկություններով, մասնավորապես՝ անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկվել է նաեւ, որ ՀՀ նոր նախագահը, պաշտոնը ստանձնելուն պես, ներում շնորհի այն անձանց, ովքեր անմիջականորեն մասնակից չեն հայտնի բռնարարքներին, այլ պայքարել են իրենց քաղաքական հայացքների համար, քայլեր իրականացնել «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների վերաբացման ուղղությամբ, մշակել մեխանիզմ՝ Հանրային հեռուստաընկերությամբ ընդդիմությանը հեռուստաեթեր տրամադրելու համար, ՀՀ նոր նախագահի կողմից ստեղծել լուրջ լիազորություններով օժտված քաղաքական խորհուրդ, որում ներկայացված կլինեն նաեւ արտախորհրդարանական ուժեր եւ այլն:

Վիկտոր Դալլաքյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իր առաջարկը՝ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին, կարող է լուրջ քայլ դառնալ ներքաղաքական լարվածության թուլացման ուղղությամբ. «Ես ունեմ որոշակի մտահոգություններ երկրում ստեղծված ներքաղաքական լարվածության հետ կապված եւ այդ մտահոգությամբ եմ ներկայացնում իմ առաջարկությունները»: Հանձնաժողովի առջեւ դրվելու են մի շարք խնդիրներ՝ մարտի 1-2-ի դեպքերի, հետընտրական շրջանում մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն, ներքաղաքական դրության գնահատում եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական, իրավական ուղիների քննարկում, քաղաքական ընդդիմության գործունեության երաշխիքների ապահովմանն ուղղված առաջարկություններ եւ այլն: Հանձնաժողովը կարող է ձեւավորվել խորհրդարանական խմբակցությունների անդամ եւ անկախ պատգամավորներից, նաեւ՝ արտախորհրդարանական ուժերից: Օրենքով սահմանված կարգով հանձնաժողովականները կարող են այցելել ձերբակալվածներին եւ կալանավորվածներին:

Եթե նշված է, որ հանձնաժողովը գործելու է մինչեւ հունիս, ուրեմն չի՞ ենթադրում, որ բոլոր ձերբակալվածները կամ կալանավորվածները մինչ այդ պահը դեռ շարունակելու են գտնվել անազատության մեջ, մինչդեռ բոլոր միջազգային կառույցները, հայտնի պետությունները առաջարկում են, որ անհապաղ ազատ արձակվեն հանիրավի ձերբակալվածները: Մեր այս դիտարկմանն ի պատասխան, պարոն Դալլաքյանը հիշեցրեց, որ ինքն առաջարկ է արել, որ ՀՀ նոր նախագահը պաշտոնը ստանձնելուց հետո ներում շնորհի այն անձանց, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել բռնարարքներին, այլ պայքարել են իրենց քաղաքական հայացքների համար. «Իսկ սա նշանակում է, որ գործող վարչապետ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո, օրինակ՝ 1-2 կամ 5 շաբաթ հետո պետք է ներում շնորհի քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց, այսինքն՝ իմ հայտարարությունը եւ ձեր նշած կառույցների հայտարարությունները իրար չեն հակասում: Նաեւ կարեւորում եմ ժողովրդի այսօրվա ակտիվությունը։ Եվ երկրորդը՝ ուշադրություն դարձրեք, որ այս հանձնաժողովը մինչեւ հունիսի 12-ը համակարգային փոփոխությունների հետ կապված առաջարկություններ պետք է ներկայացնի ԱԺ-ին, եւ տվյալ պարագայում, եթե հաջորդ քառօրյայում այս հանձնաժողովը ստեղծվի, ես բոլոր քայլերը կատարելու եմ դրա համար: Եթե հավաքվի 44 պատգամավորի ստորագրություն, ԱԺ հենց առաջիկա քառօրյայի առաջին օրը՝ ապրիլի 7-ին, հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը կարող է ընդունվել, եւ եթե այդ որոշումը ընդունվի, մենք արդեն ապրիլի 8-ին կարող ենք այցելել կալանավորվածներին»:

Մենք նկատեցինք, որ խորհրդարանի պատմության մեջ ժամանակավոր հանձնաժողովների պակաս չի եղել, մասնավորապես՝ «մազութի», «ջրի» կամ՝ «Հոկտեմբերի 27-ի» ժամանակավոր հանձնաժողովները: Սրանցից եւ ոչ մեկը իր գործունեության ընթացքում ու ընդունած որոշումների արդյունքում չի հասել ցնցող արդյունքների: Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ համամիտ չէր եւ ասաց. «Իսկ ձեր կարծիքով, քաղաքական կոալիցիան ուրա՞խ կլինի այս հանձնաժողովի ստեղծմամբ։ Ես ընդամենը մեկ օրինակ կարող եմ բերել՝ «Հոկտեմբերի 27-ի» ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության հիման վրա ինքս առաջարկեցի ԱԺ որոշման նախագիծ ընդունել ՀՀ նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար: Հիշեք, որ հենց այդ ժամանակ պատգամավորները գրավել էին ամբիոնը, եւ միայն իշխանությունների կողմից ԱԺ ամբիոնը ետ վերցնելով հնարավոր եղավ կանխել այդ որոշման ընդունումը, եւ դրանից հետո էր, որ իշխանությունները փոխեցին ԱԺ Կանոնակարգ-օրենքի համապատասխան հոդվածը, եւ կատարվեց «ականջ քաշելու մասին» հայտնի կանոնակարգային փոփոխությունը: (Պատգամավորների «ականջները քաշելու» սպառնալիքը հնչել էր նախագահ Քոչարյանի ելույթում – Մ.Ե.): Իսկ այս հանձնաժողովի ստեղծումը եւ, ասենք՝ ձեր նշած՝ «մազութի» հանձնաժողովի ստեղծումը տարբեր բաներ են»: ԱԺ անկախ պատգամավորը նշեց՝ իր կողմից արված բազմաթիվ առաջարկները հիմնականում ներառում են միջազգային կառույցների նկատառումները: «Քաղաքական ասպարեզ է վերադարձել Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ որպես ընդդիմության առաջնորդ, եւ մենք հնարավորություն ենք տալիս, որ այս հանձնաժողովում, բացի խորհրդարանական ընդդիմությունից, ներկայացված լինի նաեւ նրա ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովը լրացուցիչ հնարավորություն կտա ապահովել հրապարակայնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել