Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԲՈՍԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Մարտ 25,2008 00:00

\"\"Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները:

«Միակ հենքը սվիններն են»

Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի Ազատության հրապարակին հարակից հատվածում կարելի էր ականատես լինել միեւնույն տեսարանին: Հավաքվում էին մի քանի խմբեր՝ կանայք, երիտասարդներ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից քաղաքական գործիչներ եւ այլք: Երբեմն հնչում էին «Լեւոն-Լեւոն» բացականչություններ: Երիտասարդներն էլ երբեմն երգում էին՝ մասնավորապես հենց այս պողոտայում նկարահանված «Ես սիրում եմ իմ երկիրը» երգը: Սակայն թերեւս սա երգ է անպատասխան սիրո մասին, քանի որ, որպես կանոն, այս ամենից հետո Ազատության հրապարակում եւ դրա մատույցներում մշտապես ներկա ոստիկանության զորքերի որեւէ ներկայացուցիչ բարձրախոսով հայտարարում էր. «Իրավունք չունե՛ք այս հանրահավաքն այստեղ անցկացնելու: Ձեզ տրվում է 10 րոպե ժամանակ: Խնդրում ենք ազատել հրապարակը: Հակառակ դեպքում ձեր նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ»: Դրանից հետո էլեկտրաշոկերով ու «դուբինկաներով» սպառազեն ոստիկանները վահաններով՝ առանց ուժ գործադրելու, հավաքվածներին իջեցնում էին ներքեւ: Հետո նույնը կրկնվում էր Աբովյան պողոտայում, Հանրապետության հրապարակում:

«Ազգային զարթոնք» հասարակական կազմակերպությունների միությունը մարտի 23-ին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Իշխանություններն իրականում չեն հանել արտակարգ դրությունը եւ շարունակում են կապանքի տակ պահել մեր ազատության խորհրդանիշը՝ Ազատության հրապարակը: Որպես մեր երկրում ազատության եւ ժողովրդավարության վերականգնման առաջին քայլ՝ մենք պետք է վերականգնենք մեր սիրված հրապարակը ազատորեն այցելելու եւ այնտեղ զբոսնելու մեր իրավունքը: Մենք միանում ենք ժողովրդի որոշմանը՝ ամեն օր, ժամը 18.00-ից սկսած, ժողովրդական զբոսանք անցկացնել Ազատության հրապարակում, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նաեւ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների, որոնց առջեւ փակված են վարչախմբին սպասարկող հեռուստատեսությունների դռները: Թո՛ղ վարչախումբը նորից ոստիկաններով փակի մեր հրապարակը, մենք կգանք մյուս օրը: Սակայն մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ այս իշխանությունների միակ հենքը սվիններն են: Մենք ավելի համառ կլինենք մեր խաղաղ ճնշման իրականացման մեջ, քան ռեպրեսիվ մեքենան՝ իր անպտուղ զորաշարժերով եւ բռնի գործողություններով»:

Շարքայինների հետապնդումներ

Ամեն անգամ ոստիկանությունը բերման է ենթարկում նման «ժողովրդական զբոսանքի» մասնակիցների եւ հետո, մեծ մասամբ, ազատ արձակում: Ասենք, երեկ նրանք ձեռքերը ոլորելով տարել են երկու երիտասարդների, որոնցից մեկն ուղղակի նստած էր Հյուսիսային պողոտայի նստարաններից մեկի վրա: Ականատեսների վկայությամբ, երիտասարդը գոռացել էր, թե ինքը հոգեւորական է, սակայն ոստիկաններն անտեսել էին այդ պնդումը՝ նշելով, թե նա կարգը խախտել է:

Մարտի 21-ի սգո ակցիային մասնակցելու համար բերման ենթարկվածների մեծամասնությանն արդեն իսկ վարչական տույժի են ենթարկել ու ազատ արձակել: «Բաց չեն թողել միայն Աբովյանի բնակիչ Արմանին, որի ազգանունը դեռ չգիտենք, նաեւ ճշտված չէ, թե ինչում է մեղադրվում,- «Առավոտին» ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը:- Մեր տեղեկություններով՝ Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը նրա կողքով անցնելիս երկա՜ր նայել է դեմքին, ինչ-որ բան հիշել ու ասել՝ սրան տարեք բաժին»:

Արմեն Խաչատրյանն այլ բերման ենթարկվածների անուններ էլ նշեց՝ Եղեգնաձորից Զաքար Մաթեւոսյան, որին առանց ծանուցագրի բերման են ենթարկել ոստիկանություն, իսկ այնտեղից մեքենայով տեղափոխել Երեւան՝ հարցաքննվելու դատախազությունում. «Մասիսից Դավիթ Աղայանին բերման են ենթարկել նույն կերպ. նախ ոստիկանություն, հետո տեղափոխել հատուկ քննչական ծառայություն: Նույն պատմությունն է Եղվարդից Անդրանիկ Մանուկյանի դեպքում, որը 2-րդ կարգի հաշմանդամ է: Մարտի 22-ին ձերբակալել են Արարատից Ռազմիկ Թեւանյանին, որը Վազգեն Սարգսյանի զինակիցը եւ ընկերն էր: Առաջադրվել է մեղադրանք ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով եւ 301 հոդվածով»:

Ղեկավարների հետապնդումներ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ որպես վկա հարցաքննությունը, որը սկսվել էր դեռ մարտի 21-ին: Արամ Սարգսյանն «Ազատություն» ռ/կ-ին պատմեց, որ հարցերի գերակշիռ մասը «քաղաքական բնույթի էին»: Սակայն պատրաստակամություն հայտնեց պատասխանել ցանկացած հարցի՝ պնդելով. «Մեր շարժումը զուտ իրավական հարթության մեջ իրեն բացարձակ կոռեկտ է պահել»:

Երեկ առավոտյան Դավիթ Շահնազարյանն է հրավիրվել Կենտրոնի ոստիկանություն: Սակայն նա հրաժարվել է որեւէ բացատրություն կամ ցուցմունք տալ՝ հայտարարելով, թե որեւէ մեղադրանք չի ընդունում եւ այս ամենը համարում է քաղաքական հետապնդում: Դավիթ Շահնազարյանին ցանկանում են ենթարկել վարչական տույժի:

Երեկ Կոտայքի մարզի Վանատուր գյուղում տեղի ունեցավ բողոքի ցույց՝ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ձերբակալման դեմ: Ցուցարարները բողոքել են, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո Սասուն Միքայելյանի հետ նաեւ ձերբակալվել են նրա ջոկատի մի քանի անդամներ: Այս մի ցույցը բարեբախտաբար չի խոչընդոտվել ոստիկանության կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել