Հայաստանում արդեն իսկ ակնհայտ է Սուրբ Զատիկի տոնը նշելու ծիսակատարությունը, արդյո՞ք տոնակատարությանը նույնկերպ են մասնակցում մեր սփյուռքահայ հայրենակիցները:
Օրինակ, սիրիահայ Մովսես Խեչոն կարոտով է հիշում, երբ Զատիկի հինգշաբթի գիշերն իրենք եկեղեցի էին գնում ու հետեւում, թե ինչպես են եկեղեցականները, Հիսուս Քրիստոսի նման, խորանի մոտ լվանում 10-12 տարեկան երեխաների ոտքերը.
«Իսկ շաբաթ օրը Հալեպում բոլորը շարականներ էին երգում ու գնում եկեղեցի: Եվ կարեւոր չէ՝ հայ առաքելակա՞ն, թե՞ կաթոլիկ եկեղեցի ես այցելում, էականը Սուրբ Զատիկի արարողակարգին մասնակցելն է»:
Նրա վկայմամբ, Հալեպում շատ հետաքրքիր է անցնում նաեւ Ծաղկազարդը: «Զատիկից մի շաբաթ առաջ հայ հավատացյալների մեծ մասն այցելում է հայաբնակ Յակուբիա գյուղաքաղաք: Ավանդույթի համաձայն, երիտասարդները դաշտերից ծաղիկներ են հավաքում եւ զարդարում Հիսուս Քրիստոսի դագաղը: Իսկ եկեղեցում ներկաները՝ հատկապես հղի կանայք ու երեխաները, անցնում են փրկչի դագաղի տակով՝ ի նշան օրհնության: Զատիկի օրը նաեւ հյուրասիրություններ են լինում եկեղեցում… Հիշում եմ՝ երեխա ժամանակ մենք բեմադրություններ էինք կազմակերպում պատարագից անմիջապես հետո»,- հիշում է Մ. Խեչոն:
Ջավախահայ Արաքսյա Սնխչյանի համար Սուրբ Զատիկի տոնը նույնպես եղել եւ մնում է մեծ իրադարձություն: Վերջինս այն քրիստոնեական տոներից ամենակարեւորն է համարում եւ կարծում, որ յուրաքանչյուր հավատացյալ այս օրը տոնական սեղանին պետք է պարտադիր ունենա ձուկ, գինի, ձու եւ չամիչով փլավ: «Դեմ եմ միայն այն բանին, որ Զատիկին հաջորդող հանգուցյալների հիշատակման օրը ջավախահայերը նշում են Զատիկի ուրախ տոնակատարության հետ համատեղ»,- ասում է Արաքսյան:
Վիրահայ Դիանա Գաբրիելանն էլ կարեւորում է տոնի խորհրդանիշ թխվածքի առկայությունը սեղանին. «Վրաստանում մենք միշտ ճոխ սեղանով ու ցնծությամբ ենք նշում Զատիկը՝ պարտադիր համարելով հատուկ այս տոնի համար նախատեսված թխվածքը: Հետաքրքիր ավանդույթ է նաեւ այն, որ հարեւանները թխվածքից անպայման բաժին են հանում միմյանց՝ ի նշան հարգանքի եւ սիրո»: