Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կբացվի նոր համալսարան

Մարտ 22,2008 00:00

\"\"Լոնդոնի Քավենդիշ քոլեջը կունենա իր մասնաճյուղը

Վերջերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Քավենդիշ քոլեջի միջազգային կապերի զարգացման բաժնի ղեկավար Սիամակ Թասլիմին: Նա տեղեկացրեց, որ շուտով Երեւանում էլ կբացվի Քավենդիշ համալսարան: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այս հաստատության ծնունդը, մանավանդ Հայաստանում արդեն կան արտերկրի բազմաթիվ բուհերի մասնաճյուղեր, պրն Թասլիմին պատասխանեց. «Մենք չենք գալիս ձեր երկիր ինչ-որ մեկին բրիտանացի դարձնելու, մեր նպատակը որակյալ կրթություն տալն է: Լոնդոնում աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում՝ Հայաստանից ունենք ուսանողներ: Քանի որ ուսման վարձն այնտեղ բավականին բարձր է եւ ոչ բոլորը հնարավորություն ունեն Լոնդոնում սովորել, մենք էլ որակյալ կրթությունը «արտահանում» ենք այլ երկրներ, այսինքն՝ մասնաճյուղեր ենք բացում: Ի դեպ, հակված չեմ հայտարարելու, թե մեր արածը բարեգործություն է, որովհետեւ, ի վերջո, բիզնես ենք անում, բայց նաեւ չեմ կարող չշեշտել, որ որակյալ կրթություն ենք ապահովում»: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ լեզվով է Հայաստանում ուսուցումն իրականացվելու: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ ուսուցման լեզուն երեւանյան Քավենդիշում հայերենն է լինելու, բայց նաեւ երաշխավորեց, որ ցանկացած շրջանավարտ կատարյալ տիրապետելու է անգլերենին:

Պրն Թասլիմիին նաեւ հարցրինք, թե ի՞նչ մասնագետներ են պատրաստվելու համալսարանում: Պարզվեց, որ շեշտը դրվելու է կառավարման վրա: «Հայաստանի տնտեսական իրավիճակը ցույց է տալիս, որ ձեր երկիրը կարիք ունի լավ մենեջերների, մարքեթոլոգների, տուրիզմի մասնագետների եւ այլն, այսինքն՝ այնպիսի մասնագետների, որոնք լայն կապեր ու լեզվական տվյալներ կունենան, ծանոթ կլինեն կառավարման գաղտնիքներին»,- նշեց նա: Նաեւ ասաց, որ երեւանյան համալսարանի դիպլոմները, անշուշտ, պիտի համապատասխանեն չափորոշիչներին, հարիր լինեն մեր երկրի ներսում, չնայած նրան, որ Քավենդիշ անունը, այսպես թե այնպես, հեղինակություն ունի արտերկրում. «Ավարտելուց հետո շրջանավարտները վերադառնում են իրենց հայրենիք կամ մեկնում այլ երկրներ աշխատելու ու իրենց աշխատանքի որակով հեղինակություն ստեղծում համալսարանի համար… Եթե դուք ունենաք թեկուզ ամենամեծ համալսարանը ողջ աշխարհում, մեկ է՝ մարդիկ հարցնելու են՝ որտե՞ղ է Հայաստանը, եթե որակ չկա: Այնպես որ, Քավենդիշ անուն էլ կարող է օգնել երեւանյան համալսարանի կայացմանը, որովհետեւ Լոնդոնի Քավենդիշն արդեն 25 տարվա պատմություն ունի, ու չկա մի երկիր, որտեղից ուսանողներ ունեցած չլինենք: Բոլոր այն երկրները, որոնցում Բրիտանական խորհուրդը ունի գրասենյակներ, գիտեն մեր բուհի մասին: Ի դեպ, Բրիտանական խորհուրդը ունի հեղինակավոր համալսարանների ցանկ, որոնց շրջանավարտների որակը ստուգվում է ամեն տարի»:

Պարզեցինք, որ Քավենդիշ-Երեւանում ոչ միայն դասավանդելու են տեղական կադրերը, այլեւ ժամանակ առ ժամանակ Բրիտանիայից ու մյուս մասնաճյուղերից ժամանած մասնագետները: «Ցանկացած երկրում կան բարձր որակի դասախոսներ, որոնց ներուժը կարող ենք օգտագործել: Իհարկե, դասախոսները թե՛ Լոնդոնից, թե՛ մյուս մասնաճյուղերից կգան հայաստանցի դասախոսների հետ քննարկելու կոնկրետ հարցեր, մշակելու ուսումնական ծրագրեր, բայց դա չի նշանակում, որ նրանք անընդհատ կմնան Երեւանում: Եվ հետո, ինչպե՞ս կարող է այլ երկրից ժամանած դասախոսը, ասենք՝ հայաստանյան սպառողների վարքագծի մասին դասախոսություն կարդալ……Այնպես որ, եկեք չխառնենք տեղական մշակույթը, դիցուք՝ շուկայի ուսումնասիրության գլոբալ հիմնախնդիրների հետ…»,- հայտնեց Ս. Թասլիմին եւ հավելեց, որ ուսանողների փոխանակումներից զատ, անպայման կիրականացվեն նաեւ մասնագետների փոխանակումներ: Ինչ վերաբերում է ուսման վարձին, այն հայաստանյան չափանիշներին կհամապատասխանի, բայց մյուս կողմից էլ, նրա ձեւակերպմամբ՝ որակյալ կրթությունը չի կարող շատ էժան լինել. «Աշխարհի ամեն երկրում մենք հաշվի ենք նստում տվյալ երկրի առանձնահատկությունների եւ տեղական օրեքների հետ, բայց անկախ նրանից, թե այդ համալսարանները որտեղ են գտնվում, բոլորի կրթության որակը վերհսկվում է ե՛ւ Լոնդոնի Քավենդիշի կողմից, ե՛ւ տեղական օրենքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել