Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԿԱՄԱՅԻՑ ԹԵՔՎՈՒՄ ԵՄ ԴԵՊԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Մարտ 22,2008 00:00

\"\"Երեկ հայտարարեց Կարապետիչը ու բանաստեղծություն ձոնեց նախկին ընդդիմություն Արթուր Բաղդասարյանին:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրը ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Բանախոսն անդրադառնալով կոալիցիոն ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմից կառավարությունում ստորագրած երեկվա համաձայնագրին, ասաց, որ ինքն ամենեւին էլ չի փոշմանել, որ այնտեղ չէ: «Լավ հասկանում ու ըմբռնում եմ, թե ով ինչ է ակնկալում: Օրինակ, Վահան Հովհաննիսյանին՝ որպես մխիթարանք, կարող են առաջարկել ոչ թե վարչապետի, որովհետեւ վերջինս նրան շատ կլինի, այլ քաղաքապետի պաշտոն, ինչն էլ ՀՅԴ-ն շատ է ցանկանում: Վարչապետի պաշտոնում կարող է հայտնվել ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Պարզ է, որ Արթուր Բաղդասարյանն էլ կառաջարկի իր նախարարները, իսկ ամենաշահութաբերը կրթական ոլորտն է եւ կարող է համալրել կուսակցական կասսան: Ինձ համար այդ համաձայնագիրը ընդունելի է միայն մեկ առումով, որ վերջինս իր մեջ պարունակում է բոլոր քաղաքական ուժերի ներուժը: Մնացած առումներով ընդունելի չէ, որովհետեւ ակնհայտ է, թե այդ ուժերը ինչպես հասան այսօր կլոր սեղանի շուրջ միասին նստելուն: Որպես խաղաղություն, կայունություն ընդունում եմ, իսկ անբարոյական, պոռնկական միջոցներով նվաճումների հասնելը՝ ոչ»,- հայտարարեց Կարապետիչը: Նրա համոզմամբ, սակայն, ձեւավորված կոալիցիան երկար չի գոյատեւի, որովհետեւ այնտեղ նույն մարդիկ են, որոնք արդեն մեկ անգամ լքել են կոալիցիան:

Դառնալով մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին, ԺԿ նախագահը նշեց, որ «ԱԼՄ»-ով բազմիցս ցուցադրել են կադրեր, դատապարտել կատարվածը. «Սահմանադրական դատարանում մենք իրողությունը բնորոշել ենք որպես անբարոյական եւ անարդար, սակայն դա չի նշանակում, որ ես պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համբուրվեի»: Խոսելով Ա. Բաղդասարյանի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալու մասին, Կարապետիչն ասաց. «Արթուր Բաղդասարյանի գործոնը ինձ համար անակնկալ չէր: Ի դեպ, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ գովաբանում էր Արթուր Բաղդասարյանին, ասելով, թե միայն նա ու դաշնակցությունն են իրական ընդդիմություն: Իսկ ես միշտ էլ ասել եմ, թե Բաղդասարյանը ով է իրականում… Բա որ ասում էի՝ ինքը սպասում է մինչեւ հաշվի վրա փող նստի: Եվ կարեւոր չէ՝ դա պաշտոնի տեսքով է, թե փողի: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա էլ իր ուղին ունի, որը ես մասամբ եմ ընդունում: Այսինքն՝ այն առումով, որ նա պայքարում է հանուն բարօրության»: ԺԿ նախագահի ձեւակերպմամբ, չնայած ինքը երբեք չի շեղվի կենտրոնամետ լինելու իր դիրքերից, սակայն «ակամայից թեքվում եմ դեպի ընդդիմություն»: Տ. Կարապետյանը, նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ բացասական համարեց այն ու փաստեց, որ Ս. Սարգսյանը վատ ժառանգություն է ստացել. «Քաղաքական մթնոլորտը լավը չէ: Փաստորեն, Սերժ Սարգսյանը սկսում է ոչ թե սպիտակ, այլ սեւ թղթից, սակայն մյուս կողմից էլ՝ այս բոլոր գործընթացների պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետեւ վերջինս մինչեւ ապրիլի 9-ը գործող նախագահն է»:

Տ. Կարապետյանի խոսքերով, իրական ընդդիմությունը ՀՀՇ-ն է, եւ եթե իշխանության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսությունը կայանա, լինի քաղաքական համաձայնություն՝ պայմանավորված խորհրդարանի լուծարմամբ, որը ձեւավորվել է անարդար սկզբունքներով, ապա վիճակը կկայունանա: Տ. Կարապետյանը երեկ նշեց, որ իրենց եւ ԿԸՀ-ի կողմից կազմված արձանագրությունները միմյանցից տարբերվում էին. «Եթե նրանց արձանագրություններում իմ օգտին 9 ձայն էր, ապա մեզ մոտ՝ 39… Նույնիսկ այն ընտրատեղամասում, որտեղ ես եմ քվեարկել, իմ օգտին տրված ձայների դիմաց գրված է եղել «զրո»: Ես ԿԸՀ նախագահ պարոն Ազարյանի անունը դրել եմ Բազարյան, իսկ քարտուղար Բախչագուլյանին կոչել եմ Ոչխագուլյան, ՍԴ-ում էլ ընտրությունները հրապարակավ անվանել եմ անարդար»: Խոսելով իր բանաստեղծական տաղանդից, բանախոսը նշեց, որ կարապետյանական պոեզիայում դեռ հանդիպելու են քաղաքական գործիչներին նվիրված գործեր, իսկ դրանցից մեկը երեկ սիրով ընթերցեց. «Պատիվդ տվեցիր ոսկուն/, եւ հեղափոխվեցիր իսկույն/, չնայեցիր էլ աջ ու ձախ, Բիշարյանն էլ դոշիցդ կախ/: Ասելով ստեղծենք «օրինաց երկիր»/, գյումրեցու «շուլուխը» գլխներիս սարքիր/, իսկ գլուխգործոց «ծնելիությունը» փողով/, պայմանավորված էր ձեր տան բյուջեով/: Այժմ նստած ես դու նույն շենքում/, կրկին իշխանավորն է քեզ կնքում/, կը՜ռ-կը՜ռ, ագռավները իրար են կանչում/, ձեռքից կուտ են ուտում ու չեն ամաչում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել