Երկու շաբաթ շարունակ Հյուսիսային քրեական դատարանում դատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Անիի տարածքային
նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռուտյանին:
Վերջինս մեղադրվում էր ընտրությունների օրը Մարալիկում տեղակայված թիվ 36/34 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին ծեծելու, նրան մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ ընտրական գործընթացին խոչընդոտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ եւ 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով): Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ամբաստանյալի պաշտպան Թամարա Յայլոյանը, Քրօրի 112 հոդվածի 2-րդ մասը՝ ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքը, Հարություն Ուռուտյանին առաջադրվել է վերջինիս ձերբակալումից վեց օր անց՝ փետրվարի 25-ին: «Մեկ օրվա ընթացքում նրան առաջադրվեց այս մեղադրանքն ու նույն օրն էլ ամբողջ գործի նախաքննությունը փակվեց»,- նշեց Թամարա Յայլոյանը:
Դատավարությունն անցավ խիստ լարված մթնոլորտում՝ Մարալիկ քաղաքի բնակիչների, Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ համախոհների ներկայությամբ, որոնցից շատերը, դահլիճում տեղ չլինելու պատճառով, օրական հինգ-վեց ժամ շարունակ ստիպված էին ոտքի վրա կանգնել: Փաստաբանը դատարան ներկայացրեց ամբաստանյալի կենսագրությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը, միաժամանակ դատարանին հանձնեց մի կարեւոր փաստաթուղթ տուժողի՝ մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանի կենսագրության մասին: Դա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռն էր, որով 1999-ին Սուրեն Ավետիսյանը դատապարտվել էր ընտրակեղծիք կատարելու համար: Այս ամբողջ դատավարությունից թերեւս պարզ դարձավ միայն մի փաստ, որ ընտրության օրը Գյումրիից մարդկանց խմբեր են փոխադրել Մարալիկ՝ քվեարկելու, ու սկանդալը ծագել է հենց այդ պատճառով: Տուժողը՝ Սուրեն Ավետիսյանը, դատարանին տված իր ցուցմունքում պնդեց, որ իրեն խփել է Հարություն Ուռուտյանը, ընկնելուց հետո էլ ոտքերով հարվածել, չնայած միաժամանակ նաեւ ասում էր, որ կորցրել էր գիտակցությունը: Ըստ նրա, Ուռուտյանն իր անձի հանդեպ այնքան ագրեսիվ է տրամադրված եղել, որ նույնիսկ ցանկություն չի ունեցել լսել իր՝ Սերժ Սարգսյանի վստահված անձ լինելու փաստը: «Մինչեւ ինձ վայր գցելը՝ Ուռուտյանը ցույց էր տալիս, որ կարող է իմ հախից գալ»,- ասում էր տուժողը:
Սրան հակառակ, Ուռուտյանը դատարանում հայտնեց, որ ինքը Սուրեն Ավետիսյանին մարզպետարանի մեկ այլ պաշտոնյայի հետ միասին հանդիպել է ընտրություններից տասնհինգ օր առաջ ու հորդորել հեռու մնալ ընտրակեղծիք կատարելուց: Իսկ ընտրությունների օրը Ուռուտյանը ականատես է եղել, թե ինչպես Գյումրիից Մարալիկ տեղափոխած 50-60 մարդկանց անձնագրերում կնիքը խփված է եղել «սկոչած» էջում: Քանի որ Ուռուտյանը տվյալ տեղամասում գրանցվել էր որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նրան հաջողվել էր ոմանց ձեռքից վերցնել անձնագրերը: Իմիջիայլոց, «սկոչած» անձնագրերից մեկը փաստաբան Յայլոյանը որպես ապացույց հանձնեց դատարանին: Ամբաստանյալի ներկայացնելով, անձնագրերի պատմությունից հետո աստիճաններից իջնելով տեսել է Սուրեն Ավետիսյանին, նրա թեւն է ընկել ու հարցրել. «գլխիս մա՞րդ ես բերել»: Սուրենն էլ պատասխանել է. «Դու ո՞վ ես» ու հետեւից ինչ-որ անձինք խփել են, որի հետեւանքով երկուսն էլ՝ թե Ուռուտյանը, թե Սուրեն Ավետիսյանը, վայր են ընկել: Ամբաստանյալի պնդմամբ, այնուհետեւ բարձրացել են գետնից ու Սուրենը իր ոտքով ճամփա է ընկել, ինքն էլ վերադարձել է նախընտրական շտաբ, սակայն երկու ժամ չանցած ոստիկանները հայտնվել են՝ ասելով, թե դու ծեծել ես Սուրենին եւ նրան մահամերձ վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Իրարամերժ էին նաեւ վկաների տված ցուցմունքները եւ զարմանալիորեն որպես վկա ընտրված էին միայն ոստիկաններն ու Շիրակի մարզի դիահերձարանի տնօրեն Վազգեն Նազարյանը: Նրանցից Վահրամ Ալեքսանյանը հպարտությամբ խոստովանեց, որ ցուցմունքը գրել է քննիչը, ինքն էլ բովանդակությանն առանց ծանոթանալու՝ ստորագրել է: Փաստաբան Թամարա Յայլոյանը միջնորդություն ներկայացրեց՝ դատարանին խնդրելով որպես վկա կանչել դեպքի վայրում գտնված մարալիկցիներին, սակայն, ինչպես միշտ, նրա միջնորդությունը մերժվեց: Վերջին խոսքն ասելիս ամբաստանյալի առողջական վիճակը վատացավ ու ստիպված եղան կանչել մի քանի շտապօգնության մեքենաներ: Դատարանը որոշեց զրկել նրան վերջին խոսքից՝ նշելով, որ նա հրաժարվում է: Ու նույն օրը վճռեց նրան դատապարտել յոթ տարվա ազատազրկման, որն էլ զայրույթով ու անեծքներով ընդունեց դահլիճը: