Երեկ գիշեր անհայտ անձինք այրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի մեքենան:
Իսկ Լեւոն Բարսեղյանը, ինչպես հայտնի է, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ու խոսքի ազատության պաշտպանության շտաբի համակարգողն է, ով վերջին երեք օրերին նախաձեռնել էր հեռուստաընկերությունը Գյումրիի հարկային տեսչության ճանկերից փրկելու հեռուստամարաթոնը: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցուցադրելուց հետո հարկային տեսչությանը հրահանգվեց 26 միլիոն դրամի պարտք «նկարել» հեռուստաընկերության համար՝ այսպիսով փակելով անկախ լրատվական ալիքի գործունեությունը: Սակայն Լեւոն Բարսեղյանը գյումրեցիների խորհրդով գտավ ելքը. մինչեւ Շիրակի մարզի վարչական դատարանում դատավոր էդուարդ Նահապետյանը կհրապարակեր վճիռը հօգուտ հարկային տեսչության՝ երեք օր առաջ վաղ առավոտից սկսվեց հեռուստամարաթոնը: Գյումրեցիները, սկսած ծեր թոշակառուներից, գործազուրկներից, ժամերով հերթ էին կանգնում լրատվական ալիքի շենքի դիմաց՝ իշխանությունների դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով:
Նախորդ օրը կեսգիշերին հեռուստամարա թոնի հյուրն էր նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ում հեռուստադիտողները հարցեր էին ուղղում՝ խնդրելով մեկնաբանել ժամեր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հնչեցրած խոսքերը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ: Տեղեկացնենք, որ նույն օրը Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերության հյուրն էր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով առիթը բաց չթողնելով՝ սկսեց վարկաբեկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը՝ գյումրեցիներին կոչ անելով լումա չտալ «ԳԱԼԱ»-ին, քանի որ անկախ լրատվական ալիքը ունի «ՀՀՇ-ի պես եղբայրասպան ֆինանսավորողներ»: Վերջինս նաեւ նշեց, որ հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին չի տրամադրում, քանի որ իրենք համապատասխան «պարտնյորներ չեն»: Լեւոն Բարսեղյանն էլ «ԳԱԼԱ»-ի ուղիղ եթերով ստիպված եղավ մեկնաբանել քաղաքապետի «սրամտությունները»: Այս եթերից հետո, ինչպես երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրեց Լեւոն Բարսեղյանը, ինքը վերադարձել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ու 35 րոպե աշխատելուց հետո ակումբի հերթապահները Լեւոն Բարսեղյանին տեղեկացրել են, որ երկու հոգի հրկիզել են դրսում կանգնած մեքենան, որի իրական տերը «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանն էր: Վերջիններս հասցրել են հրդեհը հանգցնել, ու քսան րոպե հետո եկել են ոստիկանները, այնուհետ եւ՝ հրշեջները:
Լեւոն Բարսեղյանը ամենեւին չի բացառում, որ մեքենան հրկիզելու պատմությունը երեկվա հեռակա լեզվակռվի շարունակությունն է, հատկապես, որ քաղաքապետն արդեն իսկ հասցրել էր Սերժ Սարգսյանին նվիրված «հավատարմության» հանրահավաքին սպառնալ թե՛ «Ասպարեզին», թե՛ «ԳԱԼԱ»-ին: «Ինչպես հիշում եք, քաղաքապետ Ղուկասյան Վարդանը Գյումրիի թատերական հրապարակում փետրվարի 25-ին կայացած հանրահավաքի ժամանակ ասաց հետեւյալ նախադասությունը՝ մեր քաղաքում մնաց երկու քաղմաս, որից ժողովուրդը զզվում է, մեկը «ԳԱԼԱ» քաղմասն է, մյուսը «Ասպարեզ» քաղմասը, որոնք օրնիբուն, սազը առած, ՀՀՇ-ի փողերով գովում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, ժամանակն է, որ նրանք էլ մի քիչ զգաստանան: Մենք դիմել էինք գլխավոր դատախազին եւ Շիրակի մարզի դատախազին՝ մեր դիմումի մեջ գրել էինք, որ սա գնահատում ենք որպես սպառնալիք եւ ոչ ոք երաշխիք չունի ու չի կարող կանխավ ասել, թե այդ միտքը ինչպիսի արձագանք կգտնի ներկաներից մեկի գլխում: Ընդամենը երեք օր առաջ մենք քննիչից ստացել ենք որոշումը, որով քննիչը ուսումնասիրելով նյութերը՝ բացատրություն ստանալով Վարդան Ղուկասյանից, գտել է, որ հանցակազմ չկա եւ քրգործ չի հարուցել: Հատկանշական է պարոն Ղուկասյանի բացատրությունը, որը ինքը տվել է քննիչին. ասում է, թե ինքն այդ նախադասությամբ որեւէ մեկին վիրավորելու եւ զրպարտելու ցանկություն չի ունեցել, ինքը ընդամենը արտահայտել է իր կարծիքը, որը հենված է հազարավոր մարդկանց հետ զրույցների վրա, իսկ հազարավոր մարդկանց կարծիքների մեջբերումներ, հասկանալի է, այդ գործի նյութի մեջ չկա: Ես արդեն հայտարարել եմ, որ հասկանալի է պարոն Ղուկասյանի զզվանքը քաղմասի նկատմամբ, ըմբռնումով ենք մոտենում, բայց համարում ենք, որ, այնուամենայնիվ, իր խոսքի մեջ կա եւ վիրավորանք մեր հասցեին, եւ զրպարտություն, եւ սպառնալիք, որի իրագործումը, չգիտեմ ում կողմից, եղել է երեկ գիշեր այստեղ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ մեքենա այրողին կոչ անելով տղամարդկություն ունենալ ու փչացնել իր մեքենան, ոչ թե իր անձի հետ կապ չունեցող մարդկանց մեքենաները: «Էնքան տղամարդ չեղան, որ մի լուսամուտ չկարողացան մինչեւ վերջ այրել, մի մեքենա չկարողացան այրել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը՝ ակնարկելով հունվարին «Ասպարեզ» ակումբը կեսգիշերին հրդեհելու փորձերը: Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահի հաշվարկների՝ վնասի չափը կազմում է ինը հարյուր հազար դրամ: Ինչպես մեզ տեղեկացրեց քննիչ Ս. Սարգսյանը՝ դեպքի առթիվ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը դիտավորությամբ փչացնելու, վնասելու հատկանիշներով: