Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետանց թեյը ակցիայով են վաճառում

Մարտ 22,2008 00:00

\"\"«Alokozay-Tea»-ի ժամկետը կեղծում են եւ սպառողին վաճառում որպես թարմ թեյ

Այս օրերին Երեւանի մի շարք խանութներում, ակցիայի անվան տակ, սպառողների վրա ժամկետանց թեյ են «սաղացնում»: Թեյ իրացնողները ժամկետը կեղծելու հնարամիտ միջոցներ են գտել: Խոսքը մասնավորապես «Alokozay-Tea»-ի մասին է:

«Alokozay-Tea»-ի տուփին իրական ժամկետի վրա կարմիր պիտակով փակցված է նոր ժամկետը, ըստ որի՝ թեյը օգտագործման համար պիտանի է մինչեւ 2009 թվականի դեկտեմբեր ամիսը: Մինչդեռ գործարանային ժամկետը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերին: Նշենք, որ խանութներում վաճառողները շահագրգռված են այս թեյը իրացնել: Ավելին, սպառողների ներկայացմամբ, վաճառողները ջանասիրաբար գովերգում են թեյի առավելությունները՝ վստահեցնելով, որ թեյն ակցիայով է վաճառվում եւ այն շահավետ գնում է:

«Երբ ինձ վաճառողուհին 100 հատանոց թեյի մեկ տուփն առաջարկեց 350 դրամով, ես զարմացած հարցրի՝ ինչո՞ւ այդքան էժան, վաճառողուհին ասաց, որ ակցիա է: Ես նաեւ ժամկետը ստուգեցի, երբ համոզվեցի, որ դեռ մեկ տարի կա լրանալուն, գնեցի: Սակայն մի քանի օրից իրական ժամկետը թաքցնող կարմիր պիտակը պոկվեց եւ պարզվեց, որ թեյի պիտանելիության ժամկետից 4 ամիս անցել է»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Սյուզաննա Նազարյանը:

Ժամկետանց ապրանքները հիմնականում վաճառվում են քաղաքի ծայրամասային խանութներում եւ գյուղական համայնքներում: Ս. Նազարյանը ժամկետանց թեյը գնել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում գտնվող «Ձյունիկ» խանութից: Այս թեյը վաճառվում է նաեւ Նորքի 5-րդ զանգվածի Միկոյանի եւ Մառի փողոցներում գործող խանութներում: Սպառողների խոսքերով՝ այդ խանութներում թեյի տուփերի վրա գրված է «Ակցիա», իսկ վաճառողները հենց իմանում են՝ թեյ ենք ուզում, անմիջապես «Alokozay-Tea»-ն են առաջարկում:

«Alokozay-Tea»-ը փաթեթավորվում է Արաբական Էմիրություններում, իսկ Հայաստան է ներմուծվում «Hard Lights» ՍՊԸ-ի կողմից:

Ընկերության մարքեթինգի եւ գովազդի գծով մենեջեր Լիլի Ստեփանյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք ոչ մի կապ չունեն խանութներում վաճառվող ժամկետանց թեյի հետ. «Օպտավիկները մեզանից շատ շուտ են գնել: Մենք խանութներին չենք բաժանում, հոկտեմբերից մեր բազայում այդ թեյը չկա: Իսկ դա մեր խնդիրը չէ, որ խանութներում ժամկետանց թեյ են վաճառում»:

«Առավոտը» փորձեց մասնագետներից հետաքրքրվել, թե ժամկետանց թեյը որքանով է վնասակար: Ագրարային համալսարանի դասախոս Ժիրայր Աղաջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչ օրս ժամկետանց թեյի հետազոտություն չի իրականացվել. «Հետեւաբար դժվար է խոսել դրա վնասակարության մասին: Սակայն, եթե մի ապրանքի վրա ժամկետ է նշված, ուրեմն պետք է այն օգտագործել այդ ժամկետում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել