Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԳՆԱՃ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Մարտ 22,2008 00:00

\"\"Հայաստանի պաշտոնյաները թանկացումները կապում են միջազգային շուկայի գնաճի, չինացիների ու հնդիկների շատակերության հետ:

Որպես կանոն, Հայաստանում նախագահական կամ պատգամավորական ընտրություններից հետո սպառողական շուկայում գները սկսում են բարձրանալ: Այս տարվա փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններն էլ այդ առումով բացառություն չէին, եւ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ հետո արդեն մի շարք ապրանքատեսակներ թանկացան:

Բնականաբար, «գնաճի զսպման գծով» համապատասխան մարմինները սկսեցին էլի «հեքիաթներ» պատմել, թե գների բարձրացումը համաշխարհային շուկայից է գալիս, թե նավթը, ոսկին թանկացել են եւ այլն: Ինչ խոսք, իշխանությունները չէին կարող հանրությանը պարզաբանել, որ, ասենք, գիտեք, Սամվել Ալեքսանյանը հանրապետական թեկնածուի օգտին քարոզչություն անելու համար մեծ գումարներ է ծախսել, ու հիմա պետք է իր ներկրած ձեթերը թանկով ծախի, որ կարողանա տակից դուրս գալ: Նույն սկզբունքով, պատկան մարմինները ստիպված պետք է լինեին բացատրել, թե ինչու հատկապես ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանն իր կաթ-մածունի կամ վառելիքի գինը բարձրացրեց: Գործնականում դժվար է ապացուցել, որ փետրվարի վերջին Հայաստանում արձանագրված գնաճն իսկապես ընտրություններում թեկնածուների թույլ տված շռայլ ծախսերի հետեւանքն է, որովհետեւ միջազգային շուկայում էլ որոշ թանկացումներ կան: Սակայն ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ թանկացումները նույնքան տոկոսով են ազդել մեր շուկայի ապրանքատեսակների գների վրա, ինչ չափով որ դրանք տեղի են ունեցել միջազգային շուկայում:

Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում 8,9%-ով թանկացել է հեղուկ գազը,14,3%-ով թանկացել է բենզինը, իսկ 13,8%-ով՝ դիզելային վառելիքը: Ըստ նույն աղբյուրի, նախորդ ամիս ավելի քան 7%-ով թանկացել է միրգը, մոտ 12%-ով՝ մսամթերքը: Էական թանկացումներ են արձանագրվել նաեւ գյուղատնտեսական գրեթե բոլոր ապրանքատեսակների, ինչպես նաեւ դեղորայքի շուկայում:

Այս բոլոր թանկացումների հետ կապված՝ մի քանի օր առաջ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը պարզաբանեց, թե չինացիներն ու հնդիկները սկսել են շատ ուտել, սննդամթերքի պահանջարկը մեծացել է, դրա համար էլ Հայաստանում գները բարձրացել են: Նշենք, որ չինացիների ու հնդիկների շատակերության նույն վարկածը ամիսներ առաջ ասել էր նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսը, այն էլ՝ նախորդ տարվա գնաճի հետ կապված: Հավանաբար, այդ վարկածն այնքան է դուր եկել մեր նոր նախարարին, որ նա սրանից հետո Հայաստանում դիտվող բոլոր գնաճերի բացատրությունը չինացիների հետ կկապի: Մինչդեռ նկատենք, որ նախորդ ամսվա ընթացքում մեր երկրում թանկացել են ոչ միայն ներկրվող ապրանքները, այլեւ տեղական հումքով պատրաստված արտադրանքները՝ կաթնամթերքը, ձուն, ձկնեղենն ու անգամ՝ տեղական արտադրության խմիչքները: Բոլոր ապրանքատեսակներից ամենաբարձր գնաճն արձանագրվել է հացամթերքի շուկայում, ինչն անմիջականորեն հարվածել է աղքատ բնակչության գրպանին, որովհետեւ առանց ձվի «Զատիկ» տոնել, կաթ, մածուն չուտել՝ մարդիկ կարող են, բայց հաց չուտել՝ ոչ: 1 տոննա ալյուրի գինը բարձրացել է ավելի քան 30 հազար դրամով, ինչով էլ պայմանավորված՝ այս ամսվա ընթացքում 20-40 դրամով բարձրացավ հացի գինը:

Գների տատանումների առնչությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սպառողական ապրանքների շուկայում մոնիտորինգ է իրականացրել ու արձանագրել, որ որոշ ապրանքների գներ իսկապես թանկացել են, որոշներինն էլ՝ էժանացել: «Մսամթերքի մի քանի տեսակներ, 2 տեսակի ձեթ, 2 տեսակի մակարոն եւ 1 տեսակի բրինձ 2-17 տոկոսով էժանացել են, իսկ պանրի, մսի, կարագի, թթվասերի, ձվի, սուրճի, հացի ու լավաշի որոշ տեսակներ թանկացել են 0,4-27 տոկոսով: «Հրազդան» տեսակի հացը թանկացել է 9,6 տոկոսով: Էժանացած ապրանքներից են ձեթի, բրնձի, մսամթերքի որոշ տեսականի՝ 0.2-17 տոկոսով»,- «Առավոտին» պարզաբանեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը: Նրա խոսքերով՝ «Միջազգային շուկայում կան ապրանքների կտրուկ թանկացումներ: Փորձագետները դա կապում են նավթի եւ ոսկու կտրուկ գնաճի հետ, որոնք գլխավոր գնագոյացնող տարրեր են հանդիսանում: Ինչ վերաբերում է հացամթերքի թանկացմանը, ապա միջազգային շուկայում այս ապրանքատեսակի թանկացումներ եւս արձանագրվել են, ինչը մեծ մասամբ կապված է նախորդ տարի հացահատիկի բերքի նվազման հետ: 2007-ին աշխարհում արտադրվել է 607 միլիոն տոննա ցորեն, մինչդեռ տարեկան սպառողական պահանջարկը 611 մլն տոննա է: Բացի այդ, որոշ երկրներ բարձր մաքսատուրք սահմանելու միջոցով դժվարացրել են իրենց երկրներից ցորենի արտահանումը, որպեսզի կարողանան բավարարել իրենց պետության ներքին պահանջարկն ու զսպեն հնարավոր գնաճը: Նման միջոցներ ձեռնարկվել է մասնավորապես Ռուսաստանում: Փորձագետների դիտարկումներով, մինչեւ նոր բերքի հավաքումը, ցորենի գները միջազգային շուկայում կշարունակեն աճել: Սակայն խոշոր ներկրողների հետ քննարկումները հնարավորություն են տալիս ակնկալել, որ Հայաստանում կոնկրետ հացահատիկի գինը չի շարունակի աճել՝ շնորհիվ արդեն կնքված պայմանագրերի»:

Վարչապետի նախաձեռնությամբ՝ երկու ամիս առաջ հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների աճն ուսումնասիրեր։ «Առավոտի» հարցին, թե ի՞նչ են պարզել այդ ուսումնասիրություններից հետո՝ հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հովհաննիսյանը պատասխանեց. «Առայժմ ուսումնասիրություններ են կատարվում միայն հացահատիկի, կարագի, բրնձի, բուսական յուղի, ալյուրի ու շաքարավազի շուկաներում: Ըստ այդմ էլ պարզել ենք, որ ցորենի գինը միջազգային բորսաներում տարեսկզբին եղել է 368-370 դոլար՝ 1 տոննայի համար, իսկ փետրվարի 27-ին այն դարձել է 446 դոլար՝ 1 տոննայի դիմաց: 11-27%-ով թանկացել է կաթնամթերքը, 6%-ով՝ բուսական յուղը: Թանկացել է նաեւ բրինձը, ինչը մասնագետները կապում են բրնձի պաշարների պակասի հետ: Շաքարավազի շուկայում գնաճ չի արձանագրվել»: Հ. Հովհաննիսյանը վստահեցրեց, որ թանկացած ապրանքների գնաճի պատճառները ճշտելուց հետո միջոցներ կձեռնարկեն՝ տեղական բերքի շուկան համաշխարհային գների տատանումներից հնարավորինս զերծ պահելու համար, եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ համապատասխան առաջարկներ կներկայացնեն կառավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել