Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային» երկակիություն

Մարտ 22,2008 00:00

Հատկապես վերջին տասնամյակի ընթացքում միջազգային քաղաքականությունն ուղղակի խեղդվում է աշխարհի զանազան հատվածներում երկակի ստանդարտների կիրառման հետեւանքով առաջացող հսկայական անհարմարություններից:

Գաղտնիք չէ, որ հաճախ Հայաստանն էլ դառնում է այդօրինակ, մեղմ ասած, անարդարացի մոտեցումների զոհը: Սակայն մի բան է, երբ երկակի ստանդարտները մեր նկատմամբ կիրառվում են օտարների, միանգամայն այլ բան՝ քո իսկ հայրենակիցների կողմից: «Նոյյան տապանի» փոխանցմամբ, Հայ դատի Կանադայի հանձնախումբն օրերս դատապարտել է Տիբեթում վանականների եւ քաղաքացիների դեմ կիրառված բռնությունը: Հանձնախումբն անընդունելի է համարել փաստը, որ Տիբեթի ժողովրդի հանդեպ ուժ է գործադրվում այն բանի պատճառով, որ նրանք արտահայտել են իրենց դժգոհությունը Չինաստանի կառավարությունից: Մինչդեռ, ըստ Կանադայի հայդատականների, Չինաստանի կառավարությունը պարտավոր է Տիբեթի բնակչությանն ավելի մեծ կրոնական եւ քաղաքական ազատություն ապահովել… իսկապես՝ զարմանալի հոգատարություն:

Միեւնույն ժամանակ, երեկ հայտնի է դարձել Հայ դատի մեկ այլ՝ ամերիկյան հանձնախմբի վերաբերմունքը, այս դեպքում՝ հայաստանյան իրադարձությունների հանդեպ: Սա համատեղ հայտարարություն է, որի տակ, Հայ դատից բացի, ստորագրել են նաեւ Ամերիկայի հայկական համագումարը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան թեմերը, ինչպես նաեւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության Արեւելյան ու Արեւմտյան թեմերը: Եվ ահա, մասնավորապես, ինչ են ասում այս հեղինակավոր կազմակերպությունները.

«Որպես Ամերիկայի առաջատար հայկական կազմակերպություններ, մեր համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի պետությանն ու ժողովրդին այս դժվարին պահին, երբ երկիրը դիմակայում է ներկայիս քաղաքական ճգնաժամին:

Խորապես վշտացած ենք ընտրություններից հետո մայրաքաղաքի փողոցներում անկարգությունների ժամանակ դրսեւորված բռնություններից, հակասություններից ու մարդկային զոհերից, եւ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին: Մենք քննադատում ենք բոլոր բռնի գործողությունները, այդ թվում՝ հարձակումները, խուլիգանությունը, կողոպուտը, եւ ակնկալում, որ կազմակերպիչներն ու հանցագործները կկանգնեն արդարադատության առջեւ՝ օրենքի տառին համապատասխան»: Մի էական հատված եւս. «Մենք պատրաստ ենք համագործակցել նորընտիր նախագահի եւ կառավարության հետ: Մեր կողմից վերահաստատում ենք մեր հավատարմությունը հայրենիքին ու Հայոց ազգին ծառայելուն»:

Այստեղ մեկնաբանությունները, ըստ էության, ավելորդ են: Մնում է տարակուսել, թե մեր հարգարժան հայրենակիցներն ինչո՞ւ չեն ուզում համագործակցել նաեւ Չինաստանի կառավարության հետ եւ ինչո՞ւ չեն դատապարտում, ըստ չինական իշխանությունների, Տիբեթում կատարված խուլիգանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել