Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ թե քաղաքական պայքար, այլ՝ համաժողովրդական շարժում

Մարտ 22,2008 00:00

«Այսօր մենք այլեւս գործ չունենք ուղղակի քաղաքական շարժման հետ: Սա անգամ ոչ թե համաժողովրդական շարժում է, այլ ամբողջ ժողովրդի եւ հասարակության պայքարը հանցագործ, հակաօրինական, հակասահմանադրական ռեժիմի, բռնապետության դեմ»,- վերլուծելով հետընտրական զարգացումները՝ երեկ Մամուլի ազգային ակումբում նման համոզմունք արտահայտեց Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Բանախոսը, ընդհանրապես, նախընտրական եւ հետընտրական ուղին երեք փուլի է բաժանում: Մինչեւ փետրվարի 19-ը նա համարում է ընտրական պայքար, որում 24 կուսակցություններ միավորվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի համար, փետրվարի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը՝ «բազմաթիվ մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանին չէին ընդունում, միացան նրան, որովհետեւ չցանկացան ընդունել կեղծիքներով ընտրված իշխանությանը, եւ մասնակիցը դարձան խաղաղ ցույցերի», մարտի 1-ից սկսած՝ «ռեժիմը վերջնականապես պատռեց իր դեմքը՝ կրակելով սեփական ժողովրդի վրա եւ կորցրեց իր վերջին հենարանները. մարդիկ, ովքեր աշխատել են, կեղծել ու կաշառել են Սերժ Սարգսյանի համար՝ ամաչում են իրենց արարքից եւ միանում են պայքարին»: Վկայակոչելով պակիստանյան իրադարձությունները՝ Բենազիր Բհուտոյի սպանությունից հետո, եւ զուգահեռներ անցկացնելով՝ Լեւոն Զուրաբյանն ասում է. «Նման աղմկարար քաղաքական սպանությունների դեպքում, եթե իշխանությունների մասնակցությունը չկա, ապա նրանք առաջինն են շահագրգռված, որ բոլոր կասկածները փարատվեն, եւ առաջինն են կանչում անկախ միջազգային քննություն»: Հայաստանի պարագայում, մարտի 1-ի դեպքերից հետո, նման կոչով հանդես է եկել ընդդիմությունը: Այս ամենից բանախոսը եզրակացնում է, որ «իշխանության կատաղի դիմադրությունն այս գաղափարին եւս մեկ ապացույց է, որ նրանք շահագրգիռ չեն իրողությունը բացահայտելու հարցում»: Ընդդիմությունը, իհարկե, ցանկանում է սեփական անկախ քննությունն անցկացնել, բայց դա անել մի իրավիճակում, «երբ մեր գրասենյակները պարալիզված են, բռնությունները շարունակվում են ամենաստոր մեթոդներով՝ անհնար է դառնում»: Ամեն դեպքում, հնարավորության սահմաններում նյութերը հավաքվում են, եւ Լ. Զուրաբյանը հույս է հայտնում, որ մի օր այդ իրադարձությունների հստակ պատկերը կներկայացվի հանրությանը:

«Որո՞նք են լինելու ընդդիմության հակաքայլերն այս պայմաններում, երբ սահմանափակումները նաեւ օրենքի ուժ են ստանում»՝ «Հրապարակի» թղթակցի հարցին նա պատասխանեց. «Հակաքայլերը լինելու են ժողովրդինը: Եթե ազատության գաղափարն ու քաղաքական պայքարը մտնում են «ռեփ»-ի մեջ… ռեփերներն էլ սկսում են խոսել Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմության մասին…»: Այս ամենի ֆոնին բանախոսն ընդգծում է հասարակական կազմակերպությունների ակտիվությունը. «Կարող են հետապնդել մեզ, բանտերը լցնել, քաղաքական շարժումը ջլատել՝ բայց հասարակությունը դա չի հանդուրժի: Իրենք այստեղ չեն կարող Թուրքմենստան դարձնել»: Ի հեճուկս իշխանական ճամբարի հայտարարությունների, Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ երկխոսության առաջարկներ մինչ օրս չեն եղել, մինչդեռ իրենք միշտ բաց են եղել դրա համար: Նա համոզված է, որ երկխոսության լավագույն պահը՝ խաղաղ ցույցերի շրջանը, բաց է թողնված: Իսկ մարտի 1-ի դեպքերից եւ շարունակվող մասսայական ձերբակալություններից հետո «չի կարելի երկխոսել մեկի հետ, ով մի ձեռքով հարվածում է քեզ, իսկ մյուսով փորձում է ձեռքդ սեղմել. ժողովրդի կողմից դա արդարացիորեն կդիտարկվի իբրեւ դավաճանություն: Երկխոսության առաջին պայմանը պետք է լինի քաղաքական հայացքների համար ձերբակալված եւ հետապնդվող մեր ընկերների անհապաղ ազատ արձակումը»:

Լ. Զուրաբյանը կարծում է, որ «սադրիչների օգնությամբ արտակարգ դրություն մտցնելը» միտված էր Սահմանադրական դատարանում իշխանության համար շահավետ որոշում ապահովելուն: Բայց քանի որ Սահմանադրությամբ արգելվում է հատուկ դրության պայմաններում ՍԴ նիստի գումարումը՝ Տեր-Պետրոսյանի թիմը չի ընդունում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ որոշումը: Նա նաեւ համոզված է, որ հետընտրական իրադարձությունները որեւէ կերպ չեն վնասել Հայաստանի միջազգային վարկին: «Այս իշխանության միջազգային վարկն է ընկել»,- ասում է՝ դրա վկայությունը համարելով մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի հետ գործունեությունը սառեցնելու նախազգուշացումները: Իսկ իշխանական քարոզչությունը՝ իբր Հայաստանում գունավոր հեղափոխություն էր նախապատրաստվում Արեւմուտքի օգնությամբ, Լ. Զուրաբյանը որակում է «գեղացիական խորամանկություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել