Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ

Մարտ 21,2008 00:00

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է ծրագիր՝ «Հայաստանի եւ Թուրքիայի վերլուծաբանների եւ հասարակական գործիչների համագործակցությունը՝ որպես միավորող գործոն հայ-թուրքական հարաբերություններում»: Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել երկկողմանի շփումներն ու համագործակցությունը հայ եւ թուրք հասարակական գործիչների, վերլուծական կենտրոնների ղեկավարների, քաղաքագետների, պատմաբանների եւ լրագրողների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների իրազեկման մակարդակը միմյանց եւ քաղաքացիական դաշտում տեղի ունեցող նախաձեռնությունների մասին:

Ծրագրի շրջանակներում անցկացվել են հարցազրույց-հարցումներ Հայաստանի եւ Թուրքիայի կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ վերլուծաբանների հետ, որոնք մենք սկսում ենք տպագրել «Հայ-թուրքական հարաբերություններն այսօր» ներդիրում (հարցազրույց-հարցումները անցկացվել են 2007 թ. նոյեմբեր-դեկտեմբերին): Կհրատարակվի վեց ներդիր՝ շաբաթը երկու անգամ հաճախությամբ:

Համաձայնություն քաղաքական եւ իրավական հետազոտությունների կենտրոն

 

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Դավիթ Շահնազարյան, նախագահ

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. Տարածաշրջանային անվտանգություն, միջազգային անվտանգություն, հակամարտություններ եւ դրանց կարգավորում, ժողովրդավարական գործընթացներ:

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Այսօր նման հարաբերություններ գոյություն չունեն: Այդ գոյություն չունեցող հարաբերությունների ստեղծումը վերջին շրջանում ավելի է բարդանում՝ կապված տարածաշրջանային զարգացումների հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Թուրքիայի դիրքորոշումը պարզ է, որի մասին չարժե խոսել: Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ պատրաստ են հարաբերություններ ստեղծել՝ առանց նախապայմանների, սակայն, իրականում, իրենց գործելակերպով չեն ապացուցում, որ պատրաստ են այդ քայլին: Ես վստահ չեմ, որ Հայաստանի իշխանություններն իսկապես ուզում են Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել եւ բացել հայ-թուրքական սահմանը: Կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացումը չի համընկնում ՀՀ ներկայիս իշխանությունների շահերին, քանի որ սահմանի բացումը էապես կխարխլի նրանց ստեղծած օլիգարխիկ, հանցավոր տնտեսությունը, որը նրանց համար նաեւ քաղաքական հիմք է՝ իշխանությունը պահելու համար: Սահմանի բացումը կնպաստի նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, որը կրկին չի համապատասխանում ներկայիս իշխանությունների նպատակներին: Հայ-թուրքական սահմանի բացմանը դեմ է նաեւ ՌԴ-ն, որը հանդիսանում է Հայաստանի ներկայիս իշխանության վարվելակերպի թելադրողը:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը բացարձակապես չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից եւ հաճախ էլ ուղղակի դեմ է այդ շահերին: Հայ հասարակությունը շատ ավելի հանդուրժող է հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորման հարցում, քան իշխանությունները:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Գլխավոր պատճառը անցյալն է: Երկրորդ եւ ոչ պակաս կարեւոր պատճառը ներկան է: Երրորդը՝ Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումն է տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ, հատկապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Թուրքիան ուղղակի ամբողջապես կրկնում է Ադրբեջանի դիրքորոշումը: Պատճառներից մեկն էլ այն է, որ այսօր Թուրքիան ժողովրդավարական երկիր չէ, եւ Թուրքիայի քաղաքական ուժերը, իրենք էլ հասկանալով, որ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու քաղաքական անհրաժեշտություն կա, Թուրքիայի ներքին իրավիճակից կախված՝ համարձակություն չունեն ավելի լուրջ քայլերի գնալու համար: Գոյություն ունի նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի ներքին քաղաքականության վրա որոշակի ազդեցություն ունի նաեւ Ադրբեջանի ղեկավարությունը:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Այդ դիրքորոշումը նոր չէ, սակայն ՀՀ իշխանությունների կողմից այդ հայտարարությունը ընդամենը դեկլարատիվ բնույթ ունի:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Հայ-թուրքական սահմանի փակ լինելն այսօր ձեռնտու է ՀՀ ներկայիս իշխանություններին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ ՌԴ իշխանություններին: Իսկ սահմանի փակ լինելը առաջին հերթին վնաս է Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդներին, հատկապես Թուրքիայի արեւելյան շրջանում ապրողներին: Սահմանի փակ լինելը վնաս է նաեւ տարածաշրջանային անվտանգությանը: 21-րդ դարում փակ սահմանն արդեն նոնսենս է: Դա անցյալի ռուդիմենտ է՝ մնացած սառը պատերազմից:

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Քանի դեռ գոյություն ունեն ՀՀ ներկայիս իշխանությունները, հայ-թուրքական սահմանը չի բացվի, իսկ Թուրքիան պետք է վարի ավելի խելամիտ եւ իրատես քաղաքականություն: Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանը կբացվի: Ակնհայտ է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ցանկացած դրական տեղաշարժի դեպքում լուրջ հնարավորություն կառաջանա սահմանի բացման համար: Ընդհանրապես, առանց հայ-թուրքական սահմանի բացման՝ երբեք չի կարող ԼՂ հիմնախնդիրը կարգավորվել: Սահմանի բացումը պետք է լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման անքակտելի մասը:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):

– Սահմանի բացումը ոչ միայն կնպաստի երկու կողմերի բոլոր ոլորտների զարգացմանը, այլեւ՝ տարածաշրջանում լարվածության էական թուլացմանը: Հայ-թուրքական հարաբերությունները եւ, մասնավորապես, սահմանի բացումը կարեւորագույն գործոն են Հարավային Կովկասի անվտանգության եւ կայունության ապահովման համար: Բոլոր այն սուբյեկտները, որոնք շահագրգռված չեն հայ-թուրքական սահմանի բացմամբ՝ նրանք շահագրգռված չեն նաեւ մեր տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու հարցում:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Ոչ մի:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Երկու երկրների ներկայիս ղեկավարների ուղեղների լվացումից:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Ցանկացած երկխոսության ծավալումը, դրանց մասշտաբների մեծացումը էապես կնպաստեն հարաբերությունների հաստատմանը: Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը ողջունելի է, սակայն բավարար չէ:

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Կարծում եմ, որ դավանանքի տարբերությունը որոշիչ գործոն չէ հայ-թուրքական հարաբերություններում: Եթե անկեղծ լինենք, մենք մենթալիտետներով շատ մոտ ենք միմյանց:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Իհարկե, կարող են: Երբ ասում եմ, որ ողջունելի է ցանկացած երկխոսություն եւ շփում, նկատի ունեմ նաեւ օրենսդիրների մակարդակով:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Իշխանություններից հետո ամենամեծ դերը կարող են ունենալ հ/կ-ներն ու ԶԼՄ-ները: ԶԼՄ-ները ուղղակի պարտավոր են ներկայացնել երկու երկրների իրական պատկերը, իսկ հ/կ-ները պետք է ավելի ընդլայնեն շփումները եւ այդ մասին չզլանան տեղեկացնել մամուլին:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Բազմիցս հայտարարել եմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ընդգրկումը սխալ է: Դա չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից եւ չի ամրապնդում ՀՀ անվտանգությունը: Պետք է մի բան հասկանալ՝ այսօր ՀՀ իշխանությունների ջանքերով թե Արեւմուտքը, թե Եվրոպան Հայոց ցեղասպանության ճանաչումը օգտագործում են սեփական շահերից ելնելով: Հայաստանը չպետք է թույլ տար, որ ցեղասպանության հարցը դառնար մանրադրամ այդ հարաբերություններում: Ակնհայտ է, որ այսօր, երբ փորձում են Թուրքիայի մուտքը արգելել ԵՄ՝ Հայոց ցեղասպանության հարցը ընդամենը պատրվակ է: Շատ սխալ էր, երբ այս հարցում Թուրքիայի հետ բանակցությունները սկսեցին 1915թ. Հայոց ցեղասպանության եւ Կիպրոսի հարցերից: Թուրքիան դեմոկրատական երկիր չէ, եւ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները պետք է սկսվեր Թուրքիայում լուրջ բարեփոխումների հարցից՝ Թուրքիայի Քր. դատ. օրենսգրքի 301-րդ հոդվածի վերացումից: Երբ մենք այդ մասին ասում ենք մեր թուրք գործընկերներին, նրանք մեզ պատասխանում են, որ Թուրքիայում արգելք կա՝ 301-րդ հոդվածը արգելում է քննարկել 301-րդ հոդվածի վերացումը: Այդ մասին հայտարարել է նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Եկեք մի պահ պատկերացնենք, որ Թուրքիան ճանաչում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը. ի՞նչ է, ԵՄ-ն միանգամից կանաչ լո՞ւյս է վառելու Թուրքիայի առաջ: Իհարկե, ոչ: Այսօր Թուրքիան շատ ավելի լուրջ ու խորքային խնդիրներ ունի ԵՄ-ի ճանապարհին: Իսկ ՀՀ իշխանությունների քաղաքականության արդյունքում 1915 թ. ցեղասպանության հարցը դարձավ մանրադրամ:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ.-ը, ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Մինչեւ 1915թ. հայ-թուրքական հարաբերություններ գոյություն չունեին, քանի որ Հայաստանը որպես պետություն չկար: Օսմանյան կայսրությունում հայերը փոքրամասնություն էին, եւ հայերի խնդիրները, լավագույն դեպքում, թուրքերն ու ռուսները միասին էին քննարկում:

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Քանի որ 10 տարի է, ինչ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթաց չի վարվում, այն բացասական է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա: Պետք է նշել, որ ինչպես ԼՂ հիմնախնդրի կարգավորումը կարող է շատ դրական տեղաշարժ լինել հայ-թուրքական հարաբերություններում, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերությունները ազդում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Շատ բացասական:

– Կա՞ն արդյոք տարածա շրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:

– Չափազանց շատ հարցեր կան: Տարածաշրջանում հայ-թուրքական շահերը համընկնում են առաջին հերթին անվտանգության հարցերում՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում: Այս հարաբերությունների սրումը հավասարապես անհանգստացնում է երկուսին էլ: ՀՀ-ին եւ Թուրքիային հավասարապես մտահոգում են նաեւ Հարավային Կովկասի անվտանգությունը, Սեւծովյան տարածաշրջանի կայունությունը, մի շարք տնտեսական, էներգետիկ հարցեր:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:

– Գլոբալ մարտահրավերները սկսվում են էկոլոգիական խնդիրներից եւ հասնում մինչեւ ահաբեկչության դեմ պայքար, որտեղ Հայաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են: Հայաստանի եւ Թուրքիայի շահերը համընկնում են նաեւ դեպի Եվրոպա տանող ճանապարհին: Իրականում Հայաստանի եւ Թուրքիայի ընդհանուր շահերն այսօր ավելի շատ են, քան հակասությունները:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Իհարկե, կարող են: Միջազգային կառույցները կարող են այդքան չշահարկել 1915թ.Հայոց ցեղասպանության հարցը եւ Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի կոշտ լինել հայ-թուրքական սահմանի փակ լինելու հարցում, որը նպաստում է տարածաշրջանի բեւեռացմանը եւ տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության պահպանմանը, իսկ այսօր ՌԴ-ի քաղաքականությունը, մեղմ ասած, չի նպաստում տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Թուրքիան շատ երկար ճանապարհ ունի անցնելու՝ ԵՄ-ին անդամակցելու համար: Ես հույս ունեմ, որ Թուրքիայի ներկայիս եւ ապագա իշխանությունները կշարունակեն մնալ եվրոպական ուղղության վրա:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ուղղակի բխում է ՀՀ շահերից: ԵՄ-ին անդամակցելով՝ Թուրքիան կդառնա շատ ավելի կանխատեսելի եւ, առանց արտաքին ճնշման, Թուրքիան ստիպված կլինի լուծել իր պրոբլեմները՝ իր պատմության հետ:

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– Իհարկե, կա: Եվ այդ կերպարները կերտում են Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունները:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում մի ժողովուրդ ատի մյուսին: Ի դեպ, այդ հարցում ՀՀ հասարակությունը շատ ավելի հանդուրժող է, քան իշխանությունները:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Մի փոքր ավելի շատ ժամանակ, քան անհրաժեշտ կլինի ներկայիս հանցագործ իշխանություններից ազատվելու համար:

Հարցազրույցը՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

 

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Հայկ Դեմոյան, տնօրեն

Ձեր կազմակերպության գործունեության ոլորտը. գիտական, գիտալուսավորչական

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Խիստ բացասական: Գտնում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, մեղմ ասած, չի համապատասխանում 21-րդ դարին հարիր քաղաքականության սկզբունքներին եւ ավանդույթներին, եւ դա առաջին հերթին պայմանավորված է թուրքական կառավարության պաշտոնական դիրքորոշմամբ:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Հայկական կողմի պետական, պաշտոնական դիրքորոշումը՝ առանց նախապայմանների հարաբերությունների ձեւավորումը, գնահատում եմ պրագմատիկ: Թուրքիայի դիրքորոշումը, որ 1992-ից մինչ օրս անփոփոխ է, հակադրվում է միջազգային հարաբերությունների սկզբունքներին եւ լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգությանը:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Հայաստանի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Եթե հասարակությունը դիտարկում ենք որպես բազմաշերտ երեւույթ, ապա՝ այո: Շատ բնական է, երբ հասարակության մեջ տարակարծություն կա կոնկրետ խնդրի շուրջ: Տարակարծությունը կարող է պայմանավորված լինել քաղաքական նախապատվություններով, կոնյունկտուրայով, տնտեսական հետաքրքրություններով եւ այլն: Այս առումով կա տարբերություն, սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ընդհանուր առմամբ, ՀՀ պաշտոնական եւ հասարակության դիրքորոշումները համընկնում են:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Թուրքական կողմի անընդունելի դիրքորոշումը եւ հայ-թուրքական հարաբերությունները երրորդ կողմով պայմանավորելը:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Առանց նախապայմանների սահմանի բացումը նոր դիրքորոշում չէ, եւ գտնում եմ, որ այն կարող էր նպաստել հարաբերությունների ձեւավորմանը եւ զարգացմանը, եթե չլիներ Թուրքիայի որդեգրած պաշտոնական եւ մինչ օրս անփոփոխ դիրքորոշումը:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Սահմանի փակ լինելը վնաս է երկու կողմերին էլ, իսկ ձեռնտու է այն երկրներին, ովքեր շահագրգռված չեն, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատվեն բարիդրացիական հարաբերություններ եւ զարգանան առեւտրատնտեսական հարաբերությունները: Սահմանի փակ լինելը առաջին հերթին ձեռնտու է Ադրբեջանին:

– Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Առաջին հերթին թուրքական կողմը պետք է բարի կամք դրսեւորի, սթափ նայի իրավիճակին եւ ավելի պրագմատիկ դիրքորոշում ցուցաբերի այս հարցում:

– Ի՞նչ կտա կողմերին հայ-թուրքական սահմանի բացումը (տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական եւ այլ ոլորտներում):

– Առաջին հերթին պետք է ակտիվ երկխոսություն սկսվի երկու հասարակությունների միջեւ, որը, կարծում եմ, կնպաստի դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ ոչ թե քսենոֆոբիայի դրսեւորումների արձանագրմանը: Դա կարող է լինել տարբեր ձեւաչափերով՝ հումանիտար, կրթական, մշակութային ոլորտներում: Գլխավոր հարցերից մեկը կարող է լինել 1915 թ. Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը՝ առանց քաղաքական ենթատեքստի:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն, երկու երկրների միջեւ չի կնքվել որեւէ պայմանագիր՝ միմյանց սահմանների ճանաչման, միմյանց նկատմամբ սպառնալիք կամ մարտահրավերներ չներկայացնելու, կողմերի սուվերեն իրավունքները փոխադարձ ճանաչելու

մասին, ապա կարծում եմ, որ չկարգավորված հարաբերություններով սահմանի բացումը կարող է լրջորեն վտանգել երկու կողմերում փոխադարձ վստահության ձեւավորմանը եւ առեւտրատնտեսական հարաբերություններին:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Առաջին հերթին առեւտրատնտեսական հարաբերություններից, որը կարող է ենթադրել նաեւ քաղաքական կարգավորում:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Եթե մշակութային երկխոսության տակ հասկանում են խոշոր PR ակցիաներ, միանվագ, ոչ ճիշտ հաշվարկված եւ ոչ լիարժեք գործողություն, որը խեղկատակություն է հիշեցնում, ապա նման մշակութային երկխոսությունը չի կարող նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Մշակութային երկխոսությունը իրականացնում են անհատները, խմբերը, որոնք պետք է անընդհատ հանդիպեն, շփվեն: Եթե այդ երկխոսությունը քաղաքական ենթատեքստ ունի, ապա այն գալիս է լրացնելու քաղաքական կոնյունկտուրային: Եթե թուրքական կողմը իսկապես ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել, ես առիթ ունեցել եմ նրանց առաջարկել, որ հայ եւ թուրք վարպետները համատեղ կարող են վերականգնել Ախուրյան գետի վրա Անիի հռչակավոր միջնադարյան կամուրջը, որով եւ հնարավորություն կստեղծվեր երկու երկրների քաղաքացիներին, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին փոխադարձ այցելություններ կազմակերպել:

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Եթե Թուրքիայում կրոնական արմատականությունը հետագա զարգացում ստանա եւ երկիրը գնա իսլամացման ուղիով, ապա դա կարող է վտանգել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Կարող են, եւ օրենսդիր մարմինների առաջին քայլը կարող է հանդիսանալ հայ-թուրքական խորհրդարանական հանձնաժողովի ձեւավորումը:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Հ/կ-ները կարող են հասարակական երկխոսություններ սկսել կոնկրետ հիմնախնդիրների շուրջ, իսկ ԶԼՄ-ները առաջին հերթին պետք է ձեռնպահ մնան ատելություն քարոզելուց:

– Ձեր կարծիքով, 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առկայությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

– Այստեղ խնդիրը կայանում է իրատեսության մեջ, որը բացակայում է թուրքական կողմում: Անկախ այն հանգամանքից՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկված է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, թե ոչ, դրանից իրադրությունը, պատմական փաստերը չեն փոխվում: Ես կարծում եմ, որ ավելորդ առաջարկություններով հանդես գալն ու դրանք քաղաքականացնելը միայն կարող է վնասել հարաբերությունների ձեւավորմանը: Ինչ վերաբերում է 1915 թ. Հայոց ցեղասպանությանը, ապա այն միայն հայ ժողովրդի պատմության մասը չէ, այն նաեւ Թուրքիայի եւ թուրք ժողովրդի պատմության մասն է կազմում: Դրա համար պետք է երկկողմ հասարակական քննարկումներ սկսվեն 1915 թ. ցեղասպանության պատճառների եւ դասերի շուրջ եւ ոչ թե կասկածի տակ դնել եւ դեմ գնալ հազարավոր փաստերին:

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են եղել հայ-թուրքական հարաբերությունները մինչեւ 1915թ.-ը, ինչպիսի՞ դիրք են զբաղեցրել եւ ի՞նչ ազդեցություն են ունեցել հայերը Օսմանյան կայսրությունում:

– Եթե հարցը տրվում է պրոֆեսիոնալ պատմաբանի, ապա այն այնքան էլ ճիշտ չէ ձեւակերպված: Օսմանյան կայսրությունում կային հայկական տարբեր խավեր, տարբեր բնակչություն. մայրաքաղաք Ստամբուլի հայերը բոլորովին ուրիշ էին, կային այլադավան հայեր՝ մահմեդական հայեր, կաթոլիկ հայեր, բողոքական հայեր, այսինքն՝ միանշանակ ասել, որ հայերը վայելում էին Օսմանյան կայսրության բարեհաճությունը, իհարկե՝ ոչ: Եթե մենք հայերին դիտարկում ենք Օսմանյան կայսրություն վերջին շրջանի ենթատեքստում, ապա Օսմանյան Թուրքիայի գաղափարախոսական փնտրտուքներում ինչպես հայերը, այնպես էլ մյուս քրիստոնյաները տեղ չունեին այլեւս: Բռնության եւ քսենոֆոբիայի մշակույթը, որը ձեւավորված էր երիտթուրքերի օրոք, դարձավ գաղափարախոսություն ընդդեմ ազգային փոքրամասնությունների, որը եւ կոչված էր հիմք ստեղծելու եւ միջոց հանդիսանալու ազգայնական պետություն ստեղծելու համար՝ «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսով: Օսմանյան կայսրությունում հայերը եղել են ռազմական փաշաներ, բժիշկներ, հայերը եղել են թուրքական մամուլի, թատրոնի հիմնադիրները, եղել են առաջին սպորտսմենները, սակայն դրանից ազգային փոքրամասնությունների եւ այդ թվում հայերի նկատմամբ առանցքային դիրքորոշումը չի փոխվել Թուրքիայում: Եվ պատահական չէ, որ հայերի, ինչպես նաեւ մյուս քրիստոնյաների նկատմամբ պետական մակարդակով ընդունվեց այս բնակչության ոչնչացման որոշում, որպես այս հիմնահարցի լուծման եղանակ:

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Եթե խոսքը գնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի էթնիկ միասնականության հիման վրա քաղաքականության իրականացմանը, ապա այն շատ վատ է անդրադառնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա: Եթե երկու կողմերը հանդես են գալիս «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով ընդդեմ մեկ այլ երկրի, ապա այն 21-րդ դարում անընդունելի է, մանավանդ Եվրոպա ձգտող երկրի համար:

– Ինչպիսի՞ ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների վրա:

– Հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը ուղղակի նպաստում է տարածաշրջանում ավելի փխրուն եւ վտանգավոր մթնոլորտի ամրապնդմանը: Այս առումով չկարգավորված հայ-թուրքական հարաբերությունները տարածաշրջանի համար դարձել են աքիլլեսյան գարշապար: Եթե հաստատվեն հայ-թուրքական բարիդրացիական հարաբերություններ, ապա շատ մարտահրավերները եւ դրսի միջամտությունները կվերանան:

– Կա՞ն, արդյոք, տարածաշրջանային հիմնահարցեր, որտեղ հայ- թուրքական շահերը համընկնում են:

– Կան, սակայն այդ մասին չի խոսվում: Հայ-թուրքական շահերը կարող են համընկնել տարերային աղետների հետեւանքների վերացման, էկոլոգիական խնդիրներում, ինչպես նաեւ ահաբեկչության եւ նարկոտրաֆիկի դեմ պայքարում:

– Կա՞ն գլոբալ մարտահրավերներ, որտեղ Հայաստան-Թուրքիա շահերը համընկնում են: Եթե այո, որո՞նք են:

– Թմրամիջոցների շրջանառության եւ ահաբեկչության դեմ պայքարում:

– Ձեր կարծիքով, միջազգային կառույցները կարո՞ղ են ազդել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վրա:

– Կարող են, սակայն գտնում եմ, որ միջազգային կառույցները չեն կարողանում իրենց հնարավորությունների չափով ազդել երկու կողմերի վրա:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Դրական: ԵՄ անդամ Թուրքիան այլ Թուրքիա է լինելու՝ ավելի ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող, փոքրամասնությունների շահերը չանտեսող, չի խուսափի պատմական անցյալի հետ առերեսումից եւ կհաշտվի այն մտքի հետ, որ 20-րդ դարի սկզբներին տեղի ունեցածը ցեղասպանություն է: Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելը կարող է նպաստել նաեւ ապագայում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Այսօրվա Թուրքիան չի կարող ԵՄ անդամ լինել:

– Ինչպե՞ս կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը:

– Որքան հայ-թուրքական հարաբերություններում երկար պահպանվի ներկայիս իրավիճակը, այնքան մեծանում է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի առաջ նախապայման դնելու հնարավորությունը: Բացառվում է, որ անմիջական հարեւանների հետ հարաբերություններ հաստատել չցանկացող երկիրը դառնա ԵՄ անդամ:

– Ինչ եք կարծում՝ այսօր Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար:

– Այո, կան: Հայաստանում այդ կերպարը գնալով մեղմանում է, քանի որ չկա այդպիսի պահանջ եւ պատվեր: Թուրքիայում «թշնամու» կերպարը գնալով հարստանում է, եւ այն առաջին հերթին պայմանավորված է 1915 թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով, ինչպես նաեւ պաշտոնական շրջանակների կողմից ժխտողականության եւ հայատյացության քաղաքականությամբ:

– Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– Այո, դա անհրաժեշտություն է նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Կարծում եմ, որ երկու կողմերը բավականին լուրջ եւ երկարաժամկետ առողջացման փուլ պետք է անցնեն:

Հարցազրույցը՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամ (TESEV, Ստամբուլ)

Կազմակերպության կողմից պատասխանողի անունը՝ Այբարս Գյորգյուլու

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

– Ներկայիս իրավիճակը կարելի է որակել արատավոր շրջան, քանի որ երկու կողմերն էլ չեն ցուցաբերում անհրաժեշտ կամքը՝ հարաբերությունները կարգավորելու համար: Չնայած եղել են որոշ պաշտոնական քայլեր, օրինակ՝ Էրդողանի եւ Քոչարյանի միջեւ նամակագրությունը, ներկայիս իրավիճակում շատ բացեր գոյություն ունեն: Թվում է, որ թուրքական կողմը սպասում է Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքին, որպեսզի գործողությունները համապատասխանեցնի Հայաստանի նոր կառավարության՝ Թուրքիայի նկատմամբ իրականացվելիք քաղաքականությանը:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումները՝ երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու հարցում:

– Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կարեւորագույն պայմաններ են Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Մյուս կողմից, հայկական կողմը չունի նախապայմաններ եւ առաջարկում է առկա խնդիրներին անդրադառնալ երկկողմանի քաղաքական հարաբերությունների հաստատումից հետո: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական կողմի հիմնական մտահոգությունը ղարաբաղյան հիմնահարցն է: Քանի դեռ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճը չի ստացել խաղաղ լուծում, Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի:

– Ձեր կարծիքով, կա՞ տարբերություն Թուրքիայի հասարակության եւ պաշտոնական դիրքորոշումների միջեւ:

– Թուրքիայի արեւելյան մասում, հատկապես Կարսի եւ Արդահանի տարածաշրջանում, որի բնակիչները կշահեին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանի հետ սահմանը բացելուց, կողմ են հարաբերությունների կարգավորման եւ սահմանը բացելու գաղափարին: Սակայն հասարակության մնացած մասը բավականաչափ տեղեկացված չէ ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գրավումը զայրույթ է առաջացնում հայ հասարակության նկատմամբ եւ վնաս է հասցնում միմյանց մասին երկու հասարակությունների պատկերացումներին: Այդ պատճառով թուրք հասարակության դիրքորոշումը շատ չի տարբերվում պաշտոնականից:

– Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ մինչ օրս կողմերի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել:

– Ինչպես վերը նշեցի, ղարաբաղյան հիմնահարցը, որը վերածվել է միջազգային ճանաչում ձեռք բերած տարածաշրջանային հակամարտության, մինչ այժմ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու հիմնական պատճառն է: Այլ խնդիրներ էլ են հիշատակվում որպես երկու կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառ, մասնավորապես՝ տարածքային ամբողջականության ճանաչման խնդիրը եւ ցեղասպանության մասին պնդումները: Այնուամենայնիվ, ես հավատացած եմ, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումից հետո դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար խոչընդոտներ չեն լինելու:

– Ձեր կարծիքով, հայկական կողմի՝ առանց նախապայմանների սահմանի բացման վերաբերյալ նոր դիրքորոշումը որքանո՞վ է նպաստում հարաբերությունների զարգացմանը:

– Այս իրավիճակը նորություն չէ: Հայ պաշտոնյաները մի շարք հայտարարություններ են արել այն մասին, որ իրենք չեն առաջադրում նախապայմաններ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Թուրքական կողմն է որոշակի քայլեր ակնկալում: Այնպես որ, վերջին հայտարարությունները չեն նպաստի հարաբերությունների զարգացմանը:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ է վնաս կամ ձեռնտու հայ-թուրքական սահմանի փակ լինելը:

– Միանշանակ է, որ սահմանի փակ լինելու պատճառով երկու կողմերն էլ վնասներ են կրում: Դողուկապի-Ախուրյան սահմանային անցակետի վերաբացումը լուրջ օգուտներ կբերեր տեղի բնակչությանը: Կարսի տեղական իշխանությունները մեծ ջանքեր են ներդրել Հայաստանի հետ հարաբերությունները մերձսահմանային համագործակցության միջոցով զարգացնելու համար: Հավանաբար Վրաստանն է առավել շահում սահմանի փակ լինելուց՝ տնտեսական եւ քաղաքական առումներով: Հայաստանի տարածաշրջանային նախագծերից, օրինակ՝ Բաքու-Ջեյհան խողովակաշարի նախագծի իրականացումից դուրս մնալը հնարավորություններ է ստեղծում վրացական կողմի համար: Բացի այդ, ամբողջ առեւտրային շրջանառությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կատարվում է Վրաստանի միջոցով:

– Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն կողմերը՝ հայ-թուրքական սահմանի բացման համար:

– Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ամենաառաջնային խնդիրն է, որը պետք է լուծվի՝ սահմանը բացելու համար:

– Ի՞նչ բացասական հետեւանքներ կարող է ունենալ հայ-թուրքական սահմանի բացումը կողմերի համար:

– Սահմանի բացման դեպքում չեմ կանխատեսում որեւէ բացասական հետեւանք: Մյուս կողմից, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է զայրացնել Ադրբեջանին. ամեն դեպքում, այդ ռիսկին պետք է գնալ:

– Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտներից պետք է սկսել հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը:

– Ուղղակի երկկողմանի առեւտրային հարաբերությունների հաստատումը կարող էր լավ մեկնարկային կետ լինել: Մշակույթների երկխոսությանն ու երկու հասարակությունների միջեւ փոխադարձ ընկալումների զարգացմանը նպաստող գործողությունները նույնպես արժանի են ուշադրության:

– Մշակութային երկխոսությունը կարո՞ղ է նպաստել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը (օրինակ՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերանորոգումը):

– Այդ կարգի գործողությունները նպաստում են երկու կողմերի տեղեկացվածությանը: Ըստ TESEV-ի կողմից անցկացրած հարցման, թուրքերից շատերը հայերին նույնացնում էին հրեաների հետ: Այնպես որ, ցանկացած գործողություն, որը կնպաստի փոխադարձ ընկալումների զարգացմանը, կարող է նպաստել լավ հարաբերությունների հաստատմանը՝ անկախ նրանից, թե այդ գործողությունը քարոզչական մարտավարության մի մա՞ս է, թե՞ ոչ:

– Ինչ եք կարծում՝ երկու ժողովուրդների դավանանքի տարբերությունը կարո՞ղ է խոչընդոտել կամ նպաստել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

– Չեմ կարծում, որ դավանանքի տարբերությունը պետք է դիտվի որպես խոչընդոտ: Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ ունի բազմաթիվ ոչ մահմեդական հարեւանների հետ:

– Երկու երկրների օրենսդիր մարմինները կարո՞ղ են նպաստել պաշտոնական հարաբերությունների հաստատմանը:

– Իհարկե, երկու խորհրդարաններն էլ կարող են կառուցողական դեր խաղալ բարիդրացիության զարգացման գործում: Բացի այդ, նրանց է պատկանում վերջին խոսքը՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս:

– Ի՞նչ դեր կարող են ունենալ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հարցում:

– Ես մեծ կարեւորություն եմ տալիս ոչ պետական կառույցների դերին՝ հարաբերությունների կարգավորման գործում: 1993 թվականին պաշտոնական հարաբերությունների խզումից եւ սահմանը փակելուց հետո տարբեր ոչ կառավարական կառույցներ փորձել են լցնել երկու կողմերի միջեւ երկխոսության բացակայության հետեւանքով առաջացած բացը: Երկու կողմերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների եւ գործարարների ջանքերով բազմաթիվ անգամ ներկայացվել են փակ սահմանի պատճառով առաջացած վնասները: Բացի այդ, լուրջ փորձեր են կատարվել՝ Թուրքիայում եւ Հայաստանում փոխադարձ ընկալումների զարգացման նպատակով գիտական եւ մշակութային փոխանակումների կազմակերպման համար:

– Ձեր կարծիքով, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ինչպե՞ս է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների վրա:

– Բոլոր առկա խնդիրներից ամենասուրը Հայաստանի եւ Թուրքիայի «եղբայրական» պետության՝ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն է: Կան այլ խնդրահարույց հարցեր եւս՝ օրինակ, սահմանների ճանաչումը եւ ցեղասպանության մասին պնդումները: Սակայն Թուրքիայի համար առաջնայինը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

– Հայաստանը ներգրավված է «Եվրոպայի հարեւաններ» ծրագրում: Դա ապացուցում է, որ Եվրոպական Միությունը մեծ կարեւորություն է տալիս Հարավային Կովկասում բարիդրացիության հաստատմանը: Բացի այդ, Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու պահից ԵՄ-ի գրանցված առաջընթացի մասին բոլոր հաշվետվություններում առկա է Թուրքիային ուղղված կոչը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու եւ հարաբերությունները կարգավորելու եւ բարիդրացիություն հաստատելու վերաբերյալ: Ինչպես նշված է TEPSA-ի զեկույցում, «Եվրամիության համար հակամարտությունների կարգավորումը եւ բարիդրացիական հարաբերություններն արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից են: Այն կոչ է անում անդամակցության բոլոր թեկնածուներին. կարգավորել առկա խնդիրները հարեւանների հետ՝ նախքան ԵՄ-ին անդամակցելը»: Այնպես որ, կարելի է ենթադրել, որ Թուրքիան որոշ պահի կբացի Հայաստանի հետ սահմանը՝ ԵՄ-ին անդամակցելու նպատակով:

– Ինչ եք կարծում՝ ներկայումս Թուրքիայում եւ Հայաստանում կա՞ «թշնամու» կերպար: Ձեր կարծիքով, անհրաժե՞շտ է ձերբազատվել «թշնամու» կերպարից:

– «Թշնամու կերպարից» ազատվելը հեշտ չէ: Թուրքիան այդպիսի խնդիր ունի Հունաստանի հետ՝ չնայած դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել տասնամյակներ առաջ: Անշուշտ, պետք է ազատվել այդ կերպարից, սակայն երկու կողմերն էլ պետք է համբերատար գտնվեն ու նախ եւ առաջ պետք է պաշտոնական հարաբերություններ հաստատեն:

– Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:

– Երկու կողմերի միջեւ վստահության պակաս գոյություն ունի: Սա երկու երկրների միջեւ մինչ այժմ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու գլխավոր պատճառներից է: Այս տեսանկյունից, եթե երկու կողմերն էլ դուրս չգան ողբերգական անցյալի ստվերից՝ իրատեսական չէ մոտ ապագայում ակնկալել երկկողմանի պաշտոնական հարաբերությունների բարելավում:

– Ունե՞ք որեւէ լրացում:

– Սահմանի բացումը կարող է վստահության հաստատմանն ուղղված երկկողմանի գործընթացի սկիզբ դառնալ: Խորը արմատավորված անվստահության պատճառով թե Թուրքիան եւ թե Հայաստանը մտահոգված են երկրների միջեւ սահմանի պահպանմամբ: Թուրքիան կասկածում է, որ Հայաստանն ունի տարածքային պահանջներ եւ չի հարգում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Հայաստանը վախենում է Թուրքիայի հարձակումից: Փաստորեն, երկու կողմերն էլ շահագրգռված են Կարսի պայմանագրով ամրագրված սահմանի պահպանմամբ: Սահմանում առկա վտանգի զգացողությունը կվերանա, երբ առեւտրային կապեր եւ մարդկային փոխհարաբերություններ կհաստատվեն: Արդյունավետ հարաբերությունները կնպաստեն հայ-թուրքական սահմանի կայունությանը եւ փոխադարձ անվտանգությանը:

Հարցազրույցը՝ ԷՔԻՆ ՈՒՐՋԱՆԻ

Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի նվիրատվության շնորհիվ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ, որի բովանդակության համար պատասխանատու է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ ԱՄՆ կառավարության տեսակետներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել