Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Մարտ 21,2008 00:00

Արոնյանն առաջատարների մեջ է

Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները, նրանց թվում նաեւ Լեւոն Արոնյանը, այս օրերին Ֆրանսիայի Նիս քաղաքում պայքարում են կույր եւ արագ շախմատի «Amber» անվանումը կրող միջազգային ավանդական ներկայացուցչական մրցաշարում:

Մեկօրյա հանգստից հետո մասնակիցները երեկ մրցեցին հինգերորդ տուրում (Արոնյանի միցակիցն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր): Իսկ չորրորդ տուրից հետո երկու մրցաձեւերի ընդհանուր հաշվարկով Իվանչուկի եւ Տոպալովի հետ միասին 5,0 միավորով բաժանում էր 1-3-րդ հորիզոնականները: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը 4,5 միավորով չորրորդն էր: Մյուսները մրցաշարային աղյուսակում դասավորվել էին հետեւյալ հաջորդականությամբ. Կրամնիկ, Լեկո, Կարլսեն՝ 4,0-ական միավոր, Կարյակին, Լյուկ վան Վելի, Մամեդյարով՝ 3,5-ական, Մորոզեւիչ, Գելֆանդ՝ 3,0-ական միավոր:

Սյուզի Կենտիկյանի 15-րդ նոկաուտը

Հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, թեթեւագույն քաշային կարգում WBA-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը, որ վերջին տարիներին բնակվում եւ մարզվում է Գերմանիայում, շարունակում է մեկը մյուսի հետեւից շարքից դուրս բերել իր մրցակիցներին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում նրան կոչում են «Մարդասպանների թագուհի»: Հայ աղջնակը ռինգում արդեն անցկացրել է 20 մենամարտ եւ բոլորն էլ գրանցել իր օգտին: Ընդ որում, 15 մենամարտում մրցավարները ստիպված են եղել ժամանակից շուտ դադարեցնել պայքարը: Չեմպիոնական գոտիների պաշտպանության վերջին մենամարտը Սյուզի Կենտիկյանն անցկացրեց մարտի 1-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում: Նրան ձեռնոց էր նետել ծագումով ֆիլիպինցի Սառա Գուդսոնը, որը պաշտպանում էր ԱՄՆ-ի մարզական դրոշի պատիվը: Սակայն մարտն այս անգամ էլ երկար չտեւեց: Արդեն երրորդ ռաունդի առաջին րոպեին դեմքին ստացած դիպուկ եւ ուժգին հարվածից հետո ռինգի մրցավարը հարկադրված եղավ դադարեցնել պայքարը, քանի որ Սառա Գուդսոնն այլեւս անկարող էր ոտքի կանգնել, առավել եւս որեւէ դիմադրություն ցույց տալ:

Սյուզի Կենտիկյանը ոչ միայն պաշտպանեց իր տիտղոսները, այլեւ հինգ րոպեից էլ պակաս ժամանակում վաստակեց 50 հազար եվրո: Մարտից հետո անպարտելի հայուհին հայտարարել է. «Ես երջանիկ եմ, որ ամեն բան այսքան արագ ավարտվեց: Հիմա արդեն երազում եմ ավելի ուժեղ մրցակիցներ ունենալու մասին եւ իմ առջեւ բոլոր չեմպիոնական գոտիները միավորելու նպատակ եմ դրել»:

Աբրահամը ռեկորդ է սահմանում

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, հայաստանցի Արթուր Աբրահամը աշխարհի ռեկորդ է սահմանել: Իր չեմպիոնական տիտղոսի պաշտպանության համար մարտի 29-ին Գերմանիայի Կիլ քաղաքում անգլիացի Էլվին Այալայի հետ մարտից ավելի քան մեկ ամիս առաջ նա արդեն գերազանց մարզավիճակ է ձեռք բերել: Դա պարզվել է օրերս Բեռլինի օլիմպիական բազայում համապատասխան թեստավորում անցնելու ժամանակ: Ինչպես մեկնաբանել է թեստավորման մարզիչ-մասնագետ Իոահիմ Բերը, այդ թեստը չափում է առանձին հարվածների ուժգնությունը: Եթե Աբրահամի նախորդ ցուցանիշը եղել է 1521 միավոր, ապա այժմ այն հավասարվել է ռեկորդային՝ 1631 միավորի:

«Ինձանից առաջ դեռ ոչ ոք այսպիսի արդյունք ցույց չի տվել,- նշել է Արթուրը:- Մարտի 29-ին կայանալիք մենամարտից դեռ շատ առաջ ես ուժեղացրել եմ հարվածներս եւ հույս ունեմ այդ օրն ինձ դրսեւորել լավագույն կողմերով»:

Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները նույնպես հիացած է. «Մենք այս եզակի թեստն անցնում ենք արդեն երեք տարի եւ ամբողջ աշխարհում ոչ մեկը դեռ այսպիսի ցուցանիշ չի ունեցել: Սա խոսում է Արթուրի դեռ չբացահայտված հնարավորությունների մասին, հետեւաբար մենք նրանից դեռ կարող ենք նոր առաջընթացներ ակնկալել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել