Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ ՄԻ ՑՆՑՈՒՄ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԼԱՎ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Մարտ 21,2008 00:00

 \"\"Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի հետ այս հարցազրույցը կայացել է մարտի 13-ին, երբ արտակարգ դրության պայմանների մեղմացումից հետո էլ «Առավոտը» չտպագրվեց:

– Պարոն Գրիգորյան, ասում են՝ սպորտը քաղաքականությանը չի խառնվում: Այդուհանդերձ, մարզաշխարհն ինչպե՞ս է գնահատում նախագահական ընտրությունների արդյունքը եւ դրան հաջորդած իրադրությունը երկրում:

– Այո, սպորտը քաղաքական գործընթացներին չի խառնվում: Մարզաշխարհի առջեւ այլ կոնկրետ խնդիրներ կան դրված, որոնք առանց կայունության հնարավոր չէ իրականացնել: Յուրաքանչյուր ցնցում բացասական ազդեցություն է ունենում ոլորտի վրա, որի հետեւանքները, որպես կանոն, հնարավոր չէ վերացնել:

– Ձեր կարծիքով, մարզաշխարհը նախագահի ո՞ր թեկնածուին է իր ձայնը տվել:

– Մարզաշխարհի յուրաքանչյուր ներկայացուցիչ նախ եւ առաջ այս երկրի քաղաքացի է եւ ընտրության մեջ միանգամայն ազատ: Բոլորի անունից խոսել չեմ կարող, բայց կարծում եմ, որ ճնշող մեծամասնությունը քվեարկել է կայունության օգտին: Այն կայունության, որի ժամանակ ոլորտն արժանացել է պետական լուրջ վերաբերմունքի եւ ֆիզկուլտուրան ու սպորտն սկսել են վերելք ապրել մեր երկրում:

– Ձեր միտքը կմանրամասնե՞ք:

– Վերջին 10-11 տարում ամբողջ հանրապետությունում աննախադեպ թափով մարզական շինարարություն է ծավալվել: Հիմնանորոգվում են իրենց դարն ապրած մարզակառույցներն ու մարզադպրոցները, կառուցվում նոր մարզաբազաներ, իրականացվում է դրանք անհրաժեշտ գույքով հագեցնելու լուրջ ծրագիր: Արդյունքում՝ մարզադպրոցներ հաճախող երեխաների թիվը բազմապատկվել է, ստվարացել ազգաբնակչության այն հատվածը, որն արդեն գերադասում է ազատ ժամանակը տրամադրել առողջության պահպանմանն ու ամրապնդմանը եւ ակտիվ հանգստին: Երկրի համար սրանից ավելի կարեւոր բան ես չեմ պատկերացնում:

Ինչ վերաբերում է մեծ սպորտին, մեր ազգային հավաքականները եւ անհատ մարզիկները հիմա Հայաստանում շուրջտարի մարզվելու հնարավորություն ունեն: Հիշենք, թե ինչ վիճակ էր մինչեւ 97-98 թվականները: Չկային անգամ մարզումային ամենատարրական պայմաններ, մարզադահլիճներն ավերակների էին վերածված: Ջեռուցում չլինելու պատճառով մեր առաջատար մարզիկները տարվա մեջ մոտ վեց ամիս չէին մարզվում, իսկ դրսում հավաքներ կազմակերպելու միջոցներ չկային: Այդ պայմաններում հնարավոր չէր միջազգային ասպարեզներում հաղթանակներ տանել: Իսկ հատ ու կենտ մեդալներ նվաճած մեր մարզիկները մեծարվելու փոխարեն, պարզապես արհամարհված էին: Հենց այդ ժամանակ էր, որ շատերը գնացին Հայաստանից: Իսկ հիմա լրիվ հակառակն է: Ունենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող մարզակառույցներ, որոնցից օգտվելու համար արդեն այլ երկրների հավաքականներն են սկսում հերթագրվել: Ու դրանց թիվը գնալով աճում է: Տարեցտարի ավելանում է աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցումներում հայաստանցի մարզիկների նվաճած մեդալների քանակը: Դրանք հիմա արդեն եռանիշ թվերով են հաշվվում: Սրանք փաստեր են, որոնք հերքել հնարավոր չէ:

Խորապես ցավում եմ, որ մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցան անցանկալի իրադարձություններ ու հնարավոր չեղավ խուսափել մարդկային ութ զոհից եւ հարյուրավոր վիրավորներից: Ուզում եմ հավատալ, որ կարճ ժամանակում երկրում վերստին կայունություն կտիրի, կյանքը կմտնի հունի մեջ: Իսկ ինչ պիտի հիմա ասեմ, թող ժամանակավրեպ չթվա: Ընդհակառակը, դա հենց այսօրվա օրապահանջ խնդիր է: Օգոստոսին Պեկինում մեկնարկում են ամառային օլիմպիական խաղերը: Չորս ամսից էլ պակաս ժամանակ է մնացել: Պետությունը, Ազգային օլիմպիական կոմիտեն չորս տարի ամենօրյա նախապատրաստական աշխատանք են կատարել, հսկայական միջոցներ ծախսել դրանց պատշաճ ձեւով մասնակցելու համար: Չորս տարի մեր առաջատար մարզիկները քրտնաջան մարզվել են: Արդեն 13 օլիմպիական ուղեգիր ունենք: Վարկանիշային մրցաշարերը դեռ շարունակվում են, որոնցում եւս 8-10 ուղեգիր նվաճելու խնդիր կա դրված, ինչը միանգամայն իրագործելի է:

Մեր ժողովուրդը սպորտ սիրում է, հպարտանում նվաճած մեդալներով (հիշենք, թեկուզ, Բաքվում նվաճած երկու -ուղեգրերը եւ մեկ բրոնզե մեդալը), ընկճվում ձախողումներից: Իսկ մեր մարզիկները, ինչպես իրենք են բազմիցս հայտարարել, Պեկին մեկնելու են շատ լուրջ՝ մեդալներ նվաճելու եւ ժողովրդին վերջապես ուրախացնելու մտադրություններով: Բայց դրա համար, կրկնում եմ, կայունություն է հարկավոր: Հիմա անցած երկար ճանապարհի վերջին եւ ամենապատասխանատու հատվածն է մնացել ու ամեն մի ցնցում անդառնալի կորուստներ կպատճառի: Անելիքներ դեռ շատ կան: Սկսած Չինաստան մեկնելու իրավունք նվաճած հավաքականների ու մարզիկների համար հատուկ ուսումնամարզական հավաքների ու մարզումների կազմակերպումից, վերջացրած դեռ ուղեգրերի հավակնողներին կայանալիք մրցումներին նախապատրաստելն ու պատշաճ մասնակցություն ապահովելը: Իսկ անգամ ամենաբարձրակարգ մարզիկը, եթե նա հոգեպես հանգիստ չեղավ, չկարողացավ ամբողջությամբ կենտրոնանալ իր նպատակների վրա, հավատացեք, հաջողություն չի ունենա (հետեւաբար, չորս տարվա տքնաջան աշխատանքը ջուրը կընկնի) այնպիսի մրցումներում, ինչպիսին վարկանիշային մրցաշարերն են, առավել եւս՝ օլիմպիական խաղերը:

Ամռանը շատերն արտակարգ դրության մասին մոռացած էլ կլինեն, բայց ամբողջ ժողովուրդն օգոստոսին հետեւելու է Պեկինում մեր մարզիկների մրցելույթներին ու մեդալ է պահանջելու: Բոլորս ենք երազում, որպեսզի օլիմպիական խաղերում մեր եռագույնը բարձրացվի: Դրա համար անհրաժեշտ է, որ այս մի քանի ամսին երկիրը խաղաղ լինի ու մենք մեր գործն ավարտին հասցնելու հնարավորություն ունենանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել