Լրահոս
Օրվա լրահոսը

«Գայլից գայլամորը չեն բողոքում»

Մարտ 21,2008 00:00

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Քոչարյանի հրամանագրից հետո Լոռու մարզում սկսվեցին նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետապնդումները:

Մարզի իրավապահ մարմինները Երեւանում կայացած հանրահավաքների մասնակիցների, ինչպես նաեւ Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց հետ սկսեցին «անհատական» աշխատանք տանել: Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի (մականունը՝ «Ալաբաշ Մելո») հատուկ ջանքերի շնորհիվ քաղաքական հետապնդումներից առավել տուժել են օձունցիները: Օձունցի Ալբերտ Նալբանդյանի (8 անձ) եւ Դավիթ Մակիչյանի (4 անձ) ընտանիքները հանրահավաքներին մասնակցելու համար զրկվել են բնական գազից: «ՀայՌուսգազարդի» Թումանյանի ծառայության պետն էլ «Ալաբաշ Մելոյի»՝ «Քոլի Սաքո» մականունով եղբայրն է՝ Սարգիս Այվազյանը:

Հանրահավաքների ակտիվիստ Սերյոժա Բարսեղյանը չի արձագանքել ոստիկանություն ներկայանալու՝ Թումանյանի ՆԳ բաժնի բանավոր կանչերին: Ինչպես բացատրեցին գյուղում, ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու վախից թաքնվել է, ոստիկանությունը մարտի 10-ին խուզարկել եւ նրա անասնագոմում «հայտնաբերել» է ավտոմատի 30 փամփուշտ: Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի պահանջով եւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի հանձնարարությամբ մարտի 13-ին Օձունի միջնակարգ դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանը դադարեցրել է դպրոցի ուսմասվար, մաթեմատիկայի ուսուցչուհի Ալվարդ Շերմազանյանի՝ ուսմասվարի պարտականությունների կատարումը: Վերջինս եղել է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Ի նշան բողոքի՝ դպրոցի մանկավարժները նույն օրը դադարեցրել են ուսումնական պարապմունքները: Հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ժամը 13.30-ին ուսուցիչները հրավիրել են կոլեկտիվի ժողով եւ պահանջել, որ գյուղապետ Մելիք Այվազյանը նույնպես ներկայանա, սակայն վերջինս չի ներկայացել, իսկ դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանը ձախողել է կոլեկտիվի ժողովը: Չորս ուսուցիչներ գյուղապետարանում գյուղապետից պահանջել են դադարեցնել անօրինական հետապնդումները ուսմասվարի նկատմամբ: «Մելիքը խոստացել է չհանել, սակայն հաջորդ օրը դպրոցի տնօրեն Սուրիկ Ալավերդյանն ինձ հրավիրեց իր մոտ եւ ասաց. «Դիմում գրիր դուրս արի, երկու ամիս հետո նորից կընդունեմ»: Ես պատասխանել եմ. ես չեմ կարող դիմում գրել, դուք ազատեք եւ հրամանը դրեք ձեռքս, հետո կտեսնենք»,- պատմեց Ալվարդ Շերմազանյանը: Նա նաեւ ասաց, որ դպրոցի ողջ կոլեկտիվը եւ ամբողջ գյուղն իր կողքին են:

Մարտի 8-ի լույս 9-ի կեսգիշերին Լոռու մարզի Օձուն գյուղում հրդեհվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անկուսակցական Լորիս Աղվանյանին եւ նրա եղբորը՝ ՀԺԿ-ական Եզեկ Աղվանյանին պատկանող ալրաղացը: Ըստ Աղվանյան եղբայրների՝ հրդեհի պատճառած վնասը կազմում է շուրջ 1 մլն դրամ: «Համոզված ենք, որ սա իշխանությունների կողմից մեր նկատմամբ քաղաքական հաշվեհադար է Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ լինելու եւ Երեւանում մի քանի հանրահավաքների մասնակցելու համար»,- ասացին Եզեկ եւ Լորիս Աղվանյանները: Աղվանյանների՝ ժամում 500 կգ արտադրողականությամբ շուրջ 15 տարի աշխատող ալրաղացը սպասարկում է ոչ միայն Օձունի 5 հազար բնակչությանը, այլեւ ենթաշրջանի 7 եւ Ստեփանավանի Կողես, Լեջան, Ագարակ գյուղերի գյուղացիներին: «Մեր սեփական ձեռքերով ենք կառուցել ալրաղացը, մասնագետներ չենք կանչել: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման էն ծանր, ինչպես ասում են՝ «ցուրտ ու մութ տարիներին» էլ մեզ երկաթգծից լույս են տվել, որ ջաղացը գյուղացիներին սպասարկի»,- ասաց Եզեկ Աղվանյանը: Ընդդիմադիր տնտեսվարողների նկատմամբ մեր երկրի պետական տնտեսական քաղաքականության սիմվոլիկ պատկերն է ներկայացնում այրված ալրաղացը: Այն ամբողջությամբ շրջապատված է Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանի ու նրա եղբայրների սեփականությունը հանդիսացող օբյեկտներով: Ալրաղացի մուտքի դիմաց՝ 40-50 մետրի վրա, գտնվում է Մելիք Այվազյանի՝ բարձր պարիսպներով շրջափակված հսկա դղյակը: Աջ կողմում՝ հազիվ 5 մետրի վրա, գտնվում է գյուղապետի «Գրուրա» կաթի արտադրամասը, նրա հարեւանությամբ՝ գյուղապետի ալրաղացը, կովաբուծական ու խոզաբուծական ֆերմաները, հարակից դաշտերն էլ հիմնականում Մելիք Այվազյանի անծայրածիր վարելահողերն են: Ալրաղացից ձախ կառուցվում է Մելիքի եղբոր՝ Սարգիս Այվազյանի գազի լցակայանը, որտեղ ամեն օր քափ ու քրտինքի մեջ աշխատում են նրա ղեկավարած ծառայության տեխնիկան ու աշխատողները:

Այրված ալրաղացի կողքին գյուղապետի սեփական ձեռնարկությունները կանգնած են անառիկ ու անխոցելի: Աղվանյանների ալրաղացը հրդեհվել էր վարելահողերի կողմից, հրդեհի երկու օջախով, գյուղապետի հիմնարկներին հարող կից պատից ու վերջինից 15 մ հեռու գտնվող հետնամասի պատուհանից, որից կարելի է ենթադրել, որ հրդեհը միտումնավոր է: Այս կապակցությամբ արտակարգ իրավիճակների Լոռու մարզային տեսչության առաջատար մասնագետ Գարիկ Հախինյանն ասաց. «Հետաքննություն պետք է գնա, տեղազննություն կկատարենք, մի կողմում տոկեր կան, սակայն մյուս կողմից էլ են վառել, տեղազննությունից հետո կարող ենք կոնկրետ ասել»:

Գյուղացիները պատմեցին, որ գյուղապետն իր սեփականությունը հսկելու համար ե՛ւ պահակներ ունի, ե՛ւ մի երեք-չորս ալաբաշ շներ, որոնք մնացած օրերին էստեղ մարդ են ուտում: Հրդեհից հետո շները չկային: Հրդեհի գիշերվա պահակ Արտակ Նալբանդյանն էլ ասաց. «Հա, ըտի պահակ եմ եղել, դե գոմի մեջին եմ եղել, կով կար հիվանդ, ապրանքի ջնջլի (շղթա) չխկոց-թխկոցից բան չեմ լսել»: Թե կովի վրա ջնջիլն ի՞նչ է անում, Արտակը չբացատրեց, սակայն շարունակեց. «Շներն էլ բաց թողած են եղել, ամեն գիշեր էլ հաչում են, ես կարա՞մ ամեն հաչոցի վրա դուրս գամ»: «Չի բացառվում, որ շները հրդեհողին օտար չեն եղել, այլապես պատառ-պատառ կանեին»,- բացատրում էին ալրաղացի մոտ հավաքված գյուղացիները: «Մելիքի տերիտորիայում մենք ենք աշխատում՝ ես ու հերս: Համ տվարած ենք, համ էլ գիշերները պահակություն ենք անում: Գոմի մեջից ես ի՞նչ տեի իմանալ: Գոմից երբ դուրս եկա, արդեն հանգցրել էին»,- ասաց պահակ Արտակը:

«Գայլից գայլամորը չեն բողոքում»,- ասաց ալրաղացի մոտ կանգնած միջահասակ օձունցի մի տղամարդ, ով խնդրեց չհարցնել իր ազգանունը: «Տղատեր եմ, կտանեն ջեբը բան-ման կգցեն, հետո ինչի՞ տեր եմ»,- ասաց նա: Լորիս եւ Եզեկ Աղվանյաններն իրենց քրտինքով ու ձեռքերով կառուցած ալրաղացը հրդեհելու համար ոստիկանություն չեն դիմել, այդ մասին ոստիկաններին տեղեկացրել են հրշեջները: Նրանց տառապանքը փորձ ունի: Ամիսներ առաջ իրենց կուսակցական ընդդիմադիր ընկերոջ բնակարանը նույն ձեռագրով հրդեհելուց հետո առ այսօր ոստիկանությունը մատը մատին չի տվել՝ պատճառաբանելով, թե նման հրդեհները, որպես կանոն, կամ չեն բացահայտվում, կամ էլ դժվար են բացահայտվում: Աղվանյանները երկրում տիրող իրավիճակը հասկացել են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել