Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ-պատգամավորի անպատժելի որդին

Մարտ 21,2008 00:00

Մարտի 13-ին Էջմիածնում դաժան ծեծի ու խոշտանգումների ենթարկվելուց հետո սպանվեց 23-ամյա Սեպուհ Կարապետյանը:

Նրա «մեղքն» այն էր, որ «հանդգնել» էր պաշտպանել թաղի աղջկան՝ նրան անհանգստացնողից: Իսկ անհանգստացնողը գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի որդին էր՝ Զարզանդ Սարոյանը: «Բացատրելու համար, որ իր հարեւանի աղջկան ցանկալի չեն Զարզանդի հետապնդումները, Սեպուհը, եղբայրն ու էլի մեկ հոգի գեներալի որդուն կանչել են պարզաբանման»,- պատմում է սպանված երիտասարդի բարեկամը (անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում): Ըստ նրա՝ պարզաբանումն ընթացել է ծեծ ու ջարդով, անգամ՝ սառը զենքի գործադրմամբ: Ինքնապաշտպանության նպատակով Սեպուհի ընկերներից մեկը կտրող գործիքով հարվածել եւ վնասվածք է հասցրել Զարզանդին՝ գեներալի որդուն: Իրավիճակն ավելի չթեժացնելու համար նրանք դիմել են փախուստի: Փաստի առթիվ Սեպուհ Կարապետյանի եղբոր նկատմամբ Էջմիածնի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Միջադեպի մասին հեռախոսով տեղեկացվել է այդ օրը Մոսկվայում գտնվող գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա հեռախոսով տվել է գեներալական իր հրահանգը: Գոտեպնդված Սարոյանի հրահանգից՝ կրտսեր Սարոյանը հոր թիկնազորի տղաների հետ սկսում է տակնուվրա անել քաղաքը՝ իր վրա ձեռք բարձրացնողներին հայտնաբերելու եւ հաշվեհարդար տեսնելու նպատակով: Կարապետյան եղբայրներից ձեռքն է ընկնում Սեպուհը՝ երկու ընկերների հետ: Իր ութ պաշտպանների հետ Զարզանդը երեք երիտասարդներին տանում է արյունոտ դաս տալու…

«Սեպուհի դիակը գտել են խոշտանգված ու բարբարոսաբար ծեծված: Կոշիկներն ու գուլպաները հանել էին ու բաց ոտքերին այնքան էին հարվածել, որ ծնկներից ներքեւ դրանք բամբակի պես փափկել էին: Ձեռքերը ծակել էին սուր գործիքով, ինչպես Հիսուսին՝ մեխերով: Իսկ գլխի ու պարանոցի վերքերին անհնար էր նայել. սիրտ էր պետք, որ դիմանար»,- ասում է սպանվածի բարեկամներից մեկը, ում անունը նույնպես չենք կարող նշել:

Համաձայն հարազատների՝ Սեպուհի երկու ընկերները նույնպես դաժան ծեծի են ենթարկվել: Դեպքից հետո նրանք թաքնված են: «Հաշվեհարդարից են վախենում»,- ասաց բարեկամներից մեկը: 23-ամյա երիտասարդի դիակը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել Երեւանում: «Որքան էլ փորձել էին դիակն այնպես մշակել, որ բռնության ու ծեծի հետքերը կոծկեին, չէր ստացվել. դրանք շատ ավելի խորն էին քողարկվելու համար»,- պատմում է հուղարկավորության մասնակիցներից մեկը: Վերջինիս փոխանցմամբ՝ Սեպուհի ազգականները, ի նշան բողոքի ու ընդդեմ անպատժելիության, որոշել էին հանգուցյալի մարմինը դնել Էջմիածնի հրապարակում: «Բայց ինչ-որ զանգ կանխեց այդ քայլը»,- ասաց հուղարկավորության մասնակիցը: Նա ցավով նշեց, որ սպանվածի ծնողները, միջնեկ տղային հողին հանձնելով, անհանգստացած են ավագ որդու ճակատագրով: Քանի որ այսօր նրան փնտրում են եւ ոստիկանները, եւ Զարզանդի թիմի անդամները, որոնք դեռեւս ազատության մեջ են:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ գեներալ Սարոյանի նույն որդին վրաերթի ենթարկեց 10-ամյա երկու տղաների, որոնցից մեկը մահացավ տեղում, իսկ մյուսը դարձավ հաշմանդամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել