Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԼԵՈ-ՊԱՐՈՆՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Մարտ 21,2008 00:00

\"\"Այդ օրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ Գրիզելդան, եւ դուստրը՝ Գայանեն, ականատես ու մասնակից են եղել այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում:

«Մարտի 1-ին՝ կեսգիշերին, ես ու դուստրս հանրահավաքից վերադարձանք տուն: Գիշերները վերադառնում էինք, առավոտյան նորից գնում հրապարակ: Անընդհատ լուրեր էին պտտվում, որ պետք է ցրեն հանրահավաքը: Մարտի 1-ի առավոտյան ինձ զանգահարեց ընկերուհիս եւ ասաց, որ ոստիկանները հարձակվել են հրապարակում գիշերը մնացած մարդկանց վրա եւ ծեծելով ցրել նրանց»,- պատմում է Գրիզելդա Ղազարյանը:

Ժամը 10:00-ին, երբ նա գնացել է հրապարակ, այնտեղ տեսել է միայն ոստիկաններին եւ Մաշտոցի փողոցի տարբեր հատվածներում խումբ-խումբ կանգնած շփոթված մարդկանց: Կեսօրին, երբ մարդիկ սկսել են հավաքվել Ա. Մյասնիկյանի արձանի մոտ՝ Արգիշտիի հրապարակում, Գրիզելդան եւ Գայանեն գնացել են այնտեղ: Արձանի մոտ հավաքված մարդկանց նրանք մոտեցել են աջ կողմից՝ Գ. Լուսավորչի փողոցից: Այդ ժամանակ Գ. Լուսավորչի փողոցն արդեն երկու կողմից փակված էր տրոլեյբուսներով եւ ավտոբուսներով: «Մոտավորապես ժամը 16:00-ին ոստիկանները կանգնեցին քաղաքապետարանի դռան դիմաց, որոշ ժամանակ այդպես կանգնած էին, հետո բոլորը լցվեցին քաղաքապետարան: Ասում են՝ մարդկանց ճնշումով են լցվել, բայց մենք բախում չենք տեսել, ավելի հեռու էինք, միայն ճչոց եւ գոռոցներ ենք լսել: Դրանից հետո որոշ ժամանակ հանգիստ էր»,- պատմում է 24-ամյա Գայանեն:

Այդ ընթացքում հրապարակ են եկել Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Նիկոլ Փաշինյանը: «Երբ հասկացան, որ բարձրախոսով իրենց ձայնը չի լսվում, Նիկոլ Փաշինյանը սկսեց շրջել մարդկանց շարքերով: Նա անընդհատ կրկնում էր, որ մարդիկ հանգիստ մնան, սադրանքի չենթարկվեն, ոստիկանների հետ չխոսեն եւ ոչինչ չպատասխանեն նրանց: Հետո ասում էր, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, ովքեր կդրդեն ինչ-որ գործողությունների, ցույց էր տալիս մի շիշ, որի մեջ դյուրավառ նյութ կար, եւ զգուշացնում, որ եթե որեւէ մեկի մոտ նման բան տեսնեն, անմիջապես հեռացնեն հրապարակից: Մարդիկ ասում էին, որ չեն հեռանա, մինչեւ չազատեն Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- հիշում է Գայանեն:

Ժամը 17:00-ին Նիկոլ Փաշինյանի հորդորով մարդիկ սկսեցին բարիկադներ կառուցել: Այդ ընթացքում էլ էր հանգիստ:

«Երեկոյան մեզ մոտ եկավ նախկին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանի կինը: Նրա հետ մենք վաղուց ենք ծանոթ: Առաջարկեց տաքանալու եւ հանգստանալու համար գնալ իրենց տուն՝ Պարոնյան 18 հասցեում: Մենք որոշեցինք գնալ եւ նորից վերադառնալ, քանի որ ուզում էինք գիշերը մնալ հրապարակում»,- պատմում է տիկին Ղազարյանը: «Մենք գիտակցում էինք, որ ամեն ինչ կարվի մարդկանց ցրելու համար, եւ ամեն մեկի հեռանալը վտանգում էր մյուսի կյանքը»,- ավելացնում է Գայանեն:

Կանայք, որպեսզի ժամանակ չկորցնեն, որոշում են Գ. Լուսավորչի փողոցով ոտքով հասնել Պարոնյան: Արդեն ժամը 20:30-ն էր: «Երբ հասանք Մաշտոցի պողոտա եւ անցնում էինք գետնանցումի վրայով, տեսանք, որ ամբողջ պողոտան լցված է զորքով եւ ոստիկաններով»,- շարունակում է պատմել տիկին Գրիզելդան: Այդ պահին Մաշտոցի պողոտայում կանգնած ոստիկանների շարասյունից մի մեծ խումբ է առանձնանում եւ, բարձրանալով Գ. Լուսավորչի փողոց, վազքով շարժվում դեպի քաղաքապետարան:

«Մայրս մոտենում է մի սպայի, որը հանրահավաքների ժամանակ միշտ եղել է հրապարակում, եւ ասում, որ մարդկանց ձեռք չտան: Ոստիկանը մահակով խփում է մայրիկի փորին»,- պատմում է Գայանեն: Վահան Շիրխանյանի կինը նրանց հետ էր, եւ ոստիկաններից մեկը, ճանաչելով նրան, ետ է քաշում ընկերոջը: Այդ պահին Մաշտոցի պողոտայից եւս մի խումբ ոստիկաններ են առանձնանում եւ գետնանցումի վրա գտնվող մարդկանց՝ մոտ 15-20 հոգի, քշում Պարոնյան փողոցի ուղղությամբ: Լեո-Պարոնյան խաչմերուկում ոստիկանները կանգնում են փողոցի մի մասում, քշվածները՝ մյուս:

«Հանկարծ Գ. Լուսավորչի փողոցի կողմից սկսվեցին կրակոցներ, պայթյուններ, ինչ-որ կայծեր էին վառվում երկնքում: Գոռոցներ էինք լսում, ոնց որ պատերազմ լիներ: Մենք մտածեցինք, թե այնտեղ բոլորին սպանում են: Մենք (եւ ով կար այդ փողոցում) սկսեցինք գոռալ, որ դադարեցնեն կրակը: Մենք գոռում էինք, դիմացի ոստիկանները՝ մահակներով խփում վահաններին»,- պատմում է Գայանեն:

Մոտ 20 րոպե նրանք շարունակեցին կանգնած մնալ Լեո-Պարոնյան խաչմերուկում: Շենքի բնակիչները դուրս էին եկել պատշգամբ կամ մուտքի մոտ էին կանգնած: «Կրակոցներից 30 րոպե անց մի խումբ ոստիկաններ, արագ վազելով, եկան մեզ վրա: Բոլորը վազեցին եւ մտան շենքի մուտքերը: Ոչ ոք դիմադրություն ցույց չտվեց: Ես մոտ էի կանգնած առաջին մուտքին, բայց չվազեցի, որովհետեւ, եթե նույնիսկ հասցնեի հասնել մուտքին, միեւնույն է, այնտեղ այնքան մարդ կար, որ ինձ չէր հաջողվի ներս մտնել…»,- պատմում է Գայանեն: «Իմ գլխին խփեցին, երբ ես արդեն մուտքի մեջ էի, ընկա եւ ինձանով ծածկեցի մուտքը: Արդեն ընկած վիճակում՝ տեսա, որ ինչ-որ մեկը բռնեց աղջկաս շորից եւ քաշեց դեպի փողոց…»,- պատմում է տիկին Գրիզելդան:

«Երբ հասնում էի մուտքին, ինչ-որ մեկը բռնեց կապյուշոնիցս (գլխանոց), ասաց՝ սրան է պետք ծեծել, եւ քարշ տվեց, գցեց փողոցի մեջտեղը: 5 հոգով սկսեցին ծեծել ինձ, ոտքերով հարվածում էին ուր պատահի: Հետո թողեցին, չէի կարողանում բարձրանալ տեղիցս, միայն դեմքս էի փակել, որ փողոցով վազող ոստիկանները ընթացքի մեջ չխփեն ինձ»,- պատմում է Գայանեն:

«Երբ ուշքի եմ գալիս, տեսնում եմ ոստիկանները փողոցում ծեծում են աղջկաս: Գոռում եմ՝ փրկեք աղջկաս: Այդ պահին գլխիս վերեւը կանգնած մի ոստիկան գնում եւ աղջկաս գլխանոցից քարշ տալով՝ բերում է մուտքի մոտ: Ես շարունակում եմ վիրավորել նրան, նա ռուսերեն հանգիստ պատասխանում է, որ փրկել է մեր կյանքը եւ հեռանում»,- շարունակում է տիկին Գրիզելդան: Շենքի բնակիչներից մեկը բացել էր դուռը եւ ներս թողել մուտք մտած մարդկանց: «Փորձեցինք մայրիկի համար շտապօգնություն կանչել: Գլխից արյուն էր հոսում: 4 ժամ շարունակ ոչ մի օգնություն չեկավ: Իմ ծանոթներից երկուսին շտապօգնության աշխատակիցները պատասխանել են, որ նրանք մոտեցել են Լեոյի փողոցին եւ փորձել ներս մտնել շենք, բայց ոստիկաններն արգելել են»,- ասում է Գայանեն:

Այն, ինչ տեղի է ունեցել այդ խաչմերուկում հետո, Գայանեն տեսել է այդ տան պատուհանից: «Մենք լսել ենք նաեւ ոստիկանների ձայնը մուտքերում եւ բակերում, որոնք փնտրում էին փախչող մարդկանց: Այնպիսի տպավորություն էր, որ ամեն գնով պիտի գտնեն եւ ծեծեն, որովհետեւ փողոցներում արդեն մարդ չկար: Պատուհանից մենք տեսանք նաեւ, թե ինչպես ոստիկաններից մեկը ինչ-որ բան շպրտեց մեկի վրա, այն կպավ վազող մի տղայի գլխին, եւ նա ընկավ: Հետո ինչ-որ մարդիկ եկան եւ, ոտքերից քարշ տալով, տարան տղային, արյան հետքը մնում է ասֆալտին: Տղան չէր շարժվում, երեւի մահացած էր: Շտապօգնության մեքենան եկավ կեսգիշերից հետո: Հանրապետական հիվանդանոցում 8 կար դրեցին գլխիս, աղջկաս մոտ բազմաթիվ սալջարդեր կային: Երբ տեղեկանք պահանջեցինք, ասացին, որ այդ դեպքերի հետ կապված մարդկանց տեղեկանք չեն տալիս»,- պատասխանել են տիկին Գրիզելդային:

Այդ օրվա դեպքերի հետ կապված՝ նա մարտի 5-ին դիմում է գրել դատախազություն, բայց մինչեւ հիմա պատասխան չի ստացել: Դատախազությունից նրան երկու անգամ զանգել են, բայց ոչ թե նրա դիմումի, այլ՝ ցուցմունք տալու համար:

Գայանեն հիմա չի աշխատում. փետրվարի 29-ին, հանրահավաքներին մասնակցելու համար, նրան ազատել են աշխատանքից: Չցանկանալով նշել կազմակերպության անունը, որտեղ աշխատում էր, Գայանեն ասում է. «Աշխատանքից ինձ ազատելը տնօրենի անձնական որոշումն էր: Սկզբում զգուշացնում էր, որ հանրահավաքների չգնամ, հետո էլ ասաց, որ աշխատանքի չգամ: Պարզվում է՝ մեզ մոտ կամայականություններն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ պարտադիր չէ վերադասից ճնշումներ լինեն, տնօրենն ինքն է որոշում հեռացնել աշխատանքից՝ հանրահավաքներին մասնակցելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել