Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է սթափվելու եւ համախմբվելու

Մարտ 21,2008 00:00

Կարծում են ճանաչված մտավորականները

«Առավոտը» ճանաչված մտավորականներից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելքեր են տեսնում: Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան. «Հասկանում եմ, որ արտակարգ դրության պայմաններում հարկ էր յուրաքանչյուրս զերծ մնար որակումներ տալուց, բայց, միեւնույն ժամանակ, չեմ կարող վրդովմունքս չարտահայտել Ազատության հրապարակում օրեր տեւած հանրահավաքի կազմակերպիչներին: Նրանք պետք է քաղաքական հեռատեսություն ունենային ու ժողովրդին չմղեին նման գործողությունների: Դատապարտում եմ կատարվածը, նաեւ գտնում, որ ելքը հասարակության հաշտեցումն է, որովհետեւ հնարավոր չէ երկար ժամանակ ապրել սեւի ու սպիտակի բաժանված: Մենք այն ժողովուրդն ենք, որ մշտապես համախմբված ենք եղել թե տխրության, թե ուրախության պահերին»:

Կոմիտասի անվան լարային քառյակի ղեկավար Էդուարդ Թադեւոսյան. «Անձամբ ես ծանր տարա կատարվածը, ինչն ունի խոր վերլուծելու անհրաժեշտություն: Կուզեի, որ սա դաս լինի յուրաքանչյուրիս: Դժգոհություններ եղել են եւ կլինեն: Ասածիս համար առիթներ շատ կան մեր իրականությունում: Օրինակ, ո՞վ է ասում, որ երեք եղբայրներ, ինչ գնով էլ ուզում է լինի, պետք է պատգամավոր լինեն: Կամ ո՞վ է ասում, որ մարզպետը պետք է աթոռներ ապահովի իր փեսայի, մի խոսքով, հարազատների համար… Վերջին օրերին շատ է խոսվում կայունության մասին, բայց մյուս կողմից էլ՝ ամենակայուն տեղը գերեզմանն է… Ի վերջո, պետք է սովորել ցանկացած հարց, այդ թվում եւ քաղաքական, լուծել քաղաքակիրթ եղանակով: Այսինքն, ինչ որ արվում է՝ պետք է արվի հանուն, այլ ոչ թե ընդդեմ: Կրկնում եմ՝ եղածից պետք է դասեր քաղել, ըմբռնումով մոտենալ եւ շարունակել ապրել քաղաքակիրթ ազգին հարիր»:

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ղեկավար Վահե Շահվերդյան. «Վստահ եմ՝ ողջ հայությունն է կատարվածի համար ցավ ապրում: Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալուն, միակ ճանապարհը բոլոր ուժերի համագործակցությունն ու համախմբումն է: Հավատում եմ, որ դա մեզ շուտով կհաջողվի, եթե միայն կարողանանք մեզանից օտարել բամբասանքները, ինտրիգները, կեղծիքներ տարածելը եւ այլն: Ժամանակն է սթափվելու, միավորվելու: Խոսքս վերաբերում է եւ իշխանություններին, եւ ընդդիմադիրներին: Մի կարեւոր պահ եւս. պետք չէ հապճեպ եզրահանգումներ անել, դատավճիռներ կայացնել: Ամեն ինչ նորմալ կլինի այն դեպքում, երբ ամեն մեկս լիարժեք զբաղվենք մեր գործով, ինչը կնպաստի կայունացման ու խաղաղ կյանքին»:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյան. «Այն, ինչ կատարվեց, շատերն էին կանխատեսում եւ դա եկավ վերջին 5-6 ամիսների նախընտրական ընթացքից, հատկապես այն պահից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ քաղաքական հրապարակ… Ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանությունը, ժողովուրդն ու ընդդիմությունը կարծես ապրում են անջատ-անջատ: Դեպքերից հետո է միշտ խոսվում միասնականության մասին: Շատ կուզեի, որ իրոք միավորվենք: Մենք պետք է մեր հավաքականությանը ապավինենք ու մեր երկրի վարկանիշին: Իմ խորին համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է դառնա կառուցողական ընդդիմություն՝ պարզ պատճառով. նրան մեր ժողովրդից այդքան քվե են տվել: Հավատացած եմ նաեւ, որ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գործունեության շնորհիվ շատ շուտով մեր երկիրը կմտնի իր բնականոն հունի մեջ»:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյան. «Ցավում եմ կատարված դեպքերի եւ մեր ժողովրդի բեւեռացման համար, ինչն անթույլատրելի է: Բազմաթիվ օրինակներ կան, որ հայերս հենց ծանր պահերին եղել ենք միասնական: Պետք է մի մոդել գտնվի, որ ժողովուրդը կրկին միավորվի, թե չէ ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ, օրինակ, հայկական օջախում հայր եւ որդի թշնամաբար տրամադրված լինեն միմյանց հանդեպ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը, իմ խորին համոզմամբ, մեր միասնությունն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել