Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԻՐՏ ՄԵԹՈԴՈՎ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԹԵՐԹԵՐԸ»

Մարտ 21,2008 00:00

\"\"Արտակարգ դրությունն ու գրաքննությունը

Մարտի 1-ից 20 օրով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ: Իշխանությունները, բնականաբար, պիտի իրենց համար անցանկալի լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելու պայմաններ ստեղծեին: Նկատի ունենալով, որ պաշտոնական տեղեկատվությունը միակողմանի է եւ այսպես թե այնպես եթեր է սփռվում բոլոր հեռուստաալիքներով, որոշ թերթեր հրաժարվեցին լույս տեսնել:

Նախագահի մարտի 13-ի հրամանագրով էլ «մեղմացվեց» ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող կետը, սակայն, միեւնույն է, թերթերը ենթարկվում էին ԱԱԾ աշխատակիցների գրաքննությանը: Օրինակ, եթե «Առավոտի» մարտի 4-ի համարը չթույլատրեցին սպիտակ էջերով տպագրել՝ պատճառաբանելով, որ դա իրավիճակը ապակայունացնող նշանակություն կարող է ունենալ եւ ավելորդ լարվածություն առաջացնել, ապա մարտի 14-ի համարում ստահոդ համարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսի լուսաբանումը, հիվանդանոցից ռեպորտաժը՝ մարտի 1-ի դեպքերից տուժածների մասին եւ այլն:

«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանն «Առավոտին» ասաց, որ իրենց արգելված երկու համարներում էլ բացառապես պաշտոնական տեղեկատվություն է եղել, Կոնդոլիզա Ռայսի, Մեթյու Բրայզայի, Վարդան Օսկանյանի հայտարարությունները, Մարկեսի «Նահապետի աշունը»: «Սեփական տեղեկատվություն չենք տվել, որ համարվեր սուտ: Չեմ կարծում, թե մեր երգիծական նյութերը կամ Մարկեսը սուտ տեղեկություն կամ բռնության կոչ էին… Ըստ երեւույթին, Լեւոն Տեր-Պետրոսյանի ասուլիսն են համարել սուտ տեղեկատվություն: Չնայած, ես հասկանում եմ, որ հրահանգված էր ընդհանրապես չտպագրել «Չորրորդ իշխանություն»,- տեղեկացրեց «ՉԻ»-ի խմբագիրը:

Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ «Տարեգիր» եւ «Հայք» թերթերի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը: Տպարանում նրան ասել էին, որ կեսգիշերին ԱԱԾ աշխատակիցները թերթը կնայեն ու կտեղեկացնեն՝ այն կտպագրվի՞, թե՞ ոչ: «Տարեգիրը» մարտի 3-ին ժամը 23-ին տարել եմ տպարան, ինձ ասացին, որ ԱԱԾ աշխատակիցները ժամը 24-ից հետո են գալու: Ես չսպասեցի, բայց ասացի, որ եթե խնդիր կլինի, անհրաժեշտության դեպքում կներկայանամ տպարան: Բնականաբար, այդպես էլ չզանգահարեցին: Մինչեւ ժամը 3-ը մի քանի անգամ զանգեցի, ասացին՝ դեռ պարզ չի… Հաջորդ օրը թերթը լույս չտեսավ, իսկ տպարանից որեւէ պատճառաբանություն չկարողացան բերել: Գուցե իրենց դուր չէր եկել այն տեղեկատվությո՞ւնը, որ ՌԴ ԿԸՀ-ի տվյալներով նախագահ է ընտրվել Մեդվեդեւը… Կամ ԱԱԾ աշխատակիցներին դուր չէր եկել Քոչարյանի հրամանագիրը արտակարգ դրություն հայտարարելու, պաշտոնական տեղեկատվությունը Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ դիմելու մասին…: Թերթում լուսանկարչական ռեպորտաժներ կային, այնպիսի կադրեր, որոնք անդադար բոլոր ալիքներով ցուցադրվում էին: Ինչո՞ւ դա կարելի էր ցուցադրել TV-ներին, իսկ թերթերում տպագրել՝ ոչ: Ենթադրում եմ, որ նաեւ արգելված էր Չարենցի «Մահվան տեսիլը» կամ Միքայել Նալբանդյանի «Ազատությունը»: Մի հոդված էլ կար խարիզմատիկ առաջնորդի մասին, օրինակներն էլ բերված էին պատմությունից: Այնպես որ, ստիպված եմ ենթադրություն անել, որ, օրինակ, Եղիշե Չարենցը խարխլում է մեր պետականության հիմքերը: Երեւի նաեւ աստղագուշակում կամ սպորտի էջում ինչ-որ բան չէին հավանել… Կարճ ասած, ուղղակի հրահանգ էր տրվել չտպագրել որոշ թերթեր, հստակ անուններով ցանկ է եղել»,- հայտնեց Վ. Դարբինյանը: Խոսելով կրած վնասների մասին էլ՝ հավելեց. «Ինձ ոչ այնքան ֆինանսական, այլ բարոյական վնասն է անհանգստացնում, բիրտ մեթոդով, ԿԳԲ-ի ինչ-որ աշխատակցի քմահաճույքով, առանց հիմնավոր պատճառաբանության թերթերը արգելելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել