Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԽՈՒՍԱՓԵԼ ԲԱԽՈՒՄԻՑ

Մարտ 21,2008 00:00

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի 1-ի ժամը 11-ի ասուլիսը հասցրին լուսաբանել այդ ժամանակ դեռ գործող որոշ ԶԼՄ-ներ: Սակայն Հայաստանի ընթերցողին հայտնի չդարձան այն պարզաբանումները, որոնք մարտի 2-ին ժամը 18-ին նա ներկայացրեց արտերկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ այդ ասուլիսից:

– Շուրջ 10 օր շարունակ մենք անցկացրեցինք նստացույց վրանների տակ եւ հանրահավաքներ: Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ էինք մենք նստած վրանների տակ: Դա հրապարակը պահելու միակ հնարավորությունն էր: Եթե մենք գիշերը գնայինք այդ վրաններից՝ առավոտյան այլեւս չէինք կարող մտնել հրապարակ. այն կփակվեր եւ վերջ: Իսկ կորցնել հրապարակը, նշանակում է կորցնել միակ կապը ժողովրդի հետ: Քանի որ մենք չունենք հեռուստատեսություն, մեր առջեւ փակված է ամբողջը՝ ե՛ւ հեռուստատեսությունը, ե՛ւ ռադիոն, ե՛ւ բոլոր այլ էլեկտրոնային լրատվության միջոցները՝ ամբողջությամբ: Այսինքն՝ ժողովրդի հետ խոսելու մեր միակ միջոցը հրապարակն է: Այժմ մեզանից վերցրին եւ դա: Եվ վերջին 2 օրերի կոշտ քայլերի, բռնությունների նպատակը հենց դա էր՝ մեզ լիովին զրկել ժողովրդի հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Հիմա էլ՝ արտակարգ դրություն 20 օրով. արդեն ամեն ինչ փակ է: Դա է իրենց միակ նպատակը: Ինչո՞ւ էին այդպես դրան ձգտում: Քանի որ նրանք վախենում էին մեր խոսքից: Մեր խոսքն օրեցօր ստանում էր ավելի մեծ արձագանք, բացվում էին մարդկանց աչքերը, թե ինչ է իրենից ներկայացնում այս իշխանությունը, եւ ինչ է տեղի ունեցել ընտրությունների օրը: Դրանք ընտրություններ չէին, դրանք չեն համապատասխանում որեւէ չափորոշիչի՝ ո՛չ եվրոպական, ո՛չ արեւելյան: (…) Դրանից հետո մենք ստացանք ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի եւ այլ առաքելությունների գնահատականները: Ես այդ գնահատականները համարում եմ ֆորմալիստական, խնդրի էության մեջ չմտնող: Ֆորմալիստական ասելով ես հասկանում եմ թվաբանությունը: Նրանք ստացված արդյունքների պարզ թվաբանություն արեցին եւ հայտնեցին, թե ահա այսպիսի տոկոսներ են: Ասում են՝ կան, իհարկե, որոշ խախտումներ, որոնք չենք բացառում, կան բռնություններ, կրկնակի քվեարկություններ եւ նման դեպքեր, բայց դրանք մանրուքներ են, որ եթե նույնիսկ գումարում ենք եւ հանում Սերժ Սարգսյանի ստացած թվերից, ստացվում է, որ նա հաղթել է: Դա ծաղրանք է մեր ժողովրդի՛ նկատմամբ, ժողովրդավարությա՛ն նկատմամբ: Ընտրությունները միայն ընտրության օրը չեն, դրանք մի գործընթաց են, որը շարունակվում է 5 ամիս: (…) Այն ամենը, ինչ տեղի ունեցավ ընտրությունների օրվանից հետո՝ բոլոր այդ ձերբակալությունները, բռնությունները, որ կիրառեցին իշխանությունները օպերայի հրապարակում, նաեւ երեկվա սպանդը՝ նույնպես մտնում են ընտրական գործընթացի մեջ: (…)

Սկսենք օպերայի հրապարակում գիշերը տեղի ունեցած գործողությունից: Շարժառիթը մեր շարժման հետագա աճը թույլ չտալն էր, եւ թույլ չտալը, որ ՍԴ-ում գործընթացն անցնի այս մթնոլորտում՝ ժողովրդական բողոքի վերելքի պայմաններում: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է դա: Եթե ողջ հանրապետությունը վերելքի մեջ է, եւ այդ գործընթացը գնում է ՍԴ-ում, ՍԴ-ն չի կարող չլինել այդ մթնոլորտի ազդեցության տակ: Նրանք ամենաշատը հենց դրանից էլ վախենում էին: Դրանից 1 օր առաջ մենք հայցով դիմել էինք ՍԴ, եւ հենց այդ գիշեր էլ իրենք իրականացրին այդ գործողությունը: Դա միանշանակ կապված է այդ իրողության հետ: Այժմ իրենք հասան իրենց նպատակին: Վե՛րջ: 20 օր, որի ընթացքում էլ լինելու է հարցի քննումը ՍԴ-ում, մենք այլեւս նման մթնոլորտ չենք ունենա: Իրենք իրենցից գոհ են: Հասան իրենց նպատակին:

Այդ օրը ես սովորականի պես քնած էի իմ մեքենայի մեջ, ինձ արթնացրին ժամը 6-ին եւ ասացին, որ հրապարակի ուղղությամբ շարժ կա: Ես դուրս եկա մեքենայից, բարձրացա հարթակ, մոտեցա խոսափողին եւ սպասեցի: Արթնացրինք քնած մարդկանց, այլապես ուղղակի կարող էին նրանց տրորել վրանների մեջ: Այնտեղ կային նաեւ երեխաներ, կանայք: Սպասեցինք, եւ հայտնվեցին: Հայտնվեցին շարասյուներով, նախ շրջափակեցին բոլոր ուղղություններով, առան փոքր օղակի մեջ: Բոլորը հավաքվեցին մի տեղ, այնտեղ գիշերող մոտ 5-6 հազար մարդ կլիներ, եւ նվազագույնը այդքան էլ զինվոր կլիներ: Շրջափակեցին, ես մոտեցա խոսափողին, հանգստացրի ժողովրդին. «Եղեք զուսպ, հանգիստ, եկել են ոստիկաններ, զինվորներ: Տեսնենք, թե ինչ են նրանք ցանկանում մեզ ասել»: Ժողովրդի եւ ոստիկանների միջեւ հեռավորությունը կլիներ մոտ 5-6 մետր: Ես ժողովրդին հանդարտության կոչ արեցի եւ զգուշացրի այդ զինվորներին, որ այստեղ կան երեխաներ ու կանայք: Ես դեռ չէի հասցրել ավարտել խոսքս՝ նրանք առանց նախազգուշացնելու հարձակվեցին: Որեւէ զգուշացում, հայտարարություն չի եղել: Եթե մեր նախագահը պնդում է հակառակը, ուրեմն նա պարզապես ստում է: Հարձակվեցին եւ սկսեցին ծեծել ժողովրդին: Հայտնվեցին մահակներ, ժողովուրդը դիմադրում էր, կռիվ եղավ: Ես հասցրեցի նայել շուրջ 15 վայրկյան, այդ պահին ինձ մոտեցան մի քանի թիկնեղ տղաներ, ոլորեցին ձեռքերս, ետ հրեցին իմ թիկնազորին եւ իջեցրին հարթակից ուղիղ մեքենայիս մոտ: Շրջափակեցին ինձ, թիկնազորս մնաց կողքիս: Իմ թիկնազորը մաս է կազմում պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության ծառայությանը: Ինձ հետո ասացին, որ դա իրենց հրամանատարն էր՝ Գրիշա Սարկիսյանը, որն այդ ծառայության ղեկավարն է, գեներալ-լեյտենանտ: Հենց նա ոլորեց իմ մի ձեռքը, մյուսն իր տեղակալն էր՝ մեկ այլ թիկնեղ մարդ:

Իրենք արտաքին օղակով շրջափակեցին ինձ, եւ ես կանգնած մնացի մոտ 2 ժամ: Նա ինձ համոզում էր լքել հրապարակը: Ես ասացի՝ ոչ, ես հրապարակը չեմ լքի, մինչ դուք ինձ ձեռնաշղթաներ չհագցնեք կամ ձեռքերս չոլորեք: Խնդրեմ՝ ձերբակալեք ինձ, հրավիրեք դատախազին, ես չեմ գնալու: Ուղիղ 15 րոպե հետո ամեն ինչ ավարտված էր, մարդ արդեն չէր մնացել, սկսեցին քանդել վրանները, բարձրախոսները: Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես էին բերում-դնում երկաթյա ձողեր, որոնք տեղում նկարում էին օպերատորները: Իմ աչքերով եմ տեսել այդ «արմատուրաները» եւ այլն: Թատերականացված տեսարան էր: Երբ ամեն ինչ ավարտված էր, ինձ կրկին մոտեցան եւ ասացին, որ լքեմ հրապարակը: Ես նորից կրկնեցի ասածս… Ի վերջո, կրկին ոլորեցին ձեռքերս, նստեցրին իրենց ոստիկանական մեքենան, իմ թիկնազորին մեկուսացրին ինձնից: Բերեցին տուն, փակեցին եւ հայտարարեցին, թե ես իրավունք չունեմ այստեղից դուրս գալ: Հարցրի՝ ես տնային կալանքի տա՞կ եմ, ասացին՝ ոչ, մենք ապահովում ենք ձեր անվտանգությունը: Ես ասացի՝ լավ, այդ դեպքում ես դուրս եմ գալիս, դուք ապահովեք իմ անվտանգությունը: Մերժեցին՝ ո՛չ, դուք իրավունք չունեք դուրս գալու տնից:

(…) Այդ շոկից 2-3 ժամ անց սկսվեց ժողովրդական տարերային բողոքի ալիք… Շատ ժողովուրդ էր հավաքվել՝ կրկեսից մինչեւ ձկան խանութ: Մեր տղաները դուրս եկան թաքստոցներից՝ ժողովրդի հավաքվելուց 2-3 ժամ անց… Ողջ ժողովուրդը պահանջում էր, որ ես գնամ այնտեղ: Միակ մարդը, որը կարող էր ամբողջ իրավիճակը վերցնել հսկողության տակ՝ ես էի: Դա փաստ է: Ես իսկապես կարող էի ամեն ինչ հանդարտեցնել: Այնտեղ ոչ մի բռնի բան դեռ չէր եղել: Ժողովուրդը կանգնել եւ բողոքում էր գիշերային դեպքերի դեմ: Նման դեպքեր շատ են եղել նաեւ 1988-1989-ին, եւ շատ հանգիստ կարող էինք վերահսկելի դարձնել իրավիճակը, ու դեպքերի նման զարգացում չէր լինի: Իմանալով դա՝ ես դիմեցի ինձ գերի վերցնող անձին՝ հրամանատար, գեներալ Սարկիսյանին: Ասացի՝ զեկուցեք ձեր նախագահին, որ այս վիճակից դուրս գալու միակ ձեւն ինձ հնարավորություն տալն է՝ գնալ այդ վայրը եւ խոսել ժողովրդի հետ: Դա շատ հեշտ է, եւ ես կարող եմ հանդարտեցնել ու կարգավորել իրավիճակը: Կարծես՝ առաջին պահին իրենք այդ առաջարկությանը շատ լուրջ վերաբերվեցին: Իմ առաջարկությունն այս էր՝ ես կգամ, կխոսեմ ժողովրդի հետ: Բայց ժողովուրդը հենց այնպես չի գնա՝ ես դատարկ ձեռքերով չեմ կարող գնալ ժողովրդի մոտ: Ես պետք է իրենց ինչ-որ փոխհատուցում տամ, որ թողնեն այդ միջոցառումը, փոխարինեն այն մեկ ուրիշով՝ հանդարտ երթով գնան օպերայի մոտ: Իրենք ասացին, որ օպերան բացառվում է: Լավ, ասացի՝ Մատենադարանի մոտ, այնտեղ ոչ մեծ հանրահավաք կանենք, կբացատրեմ նոր իրավիճակը եւ այլն, որ վաղը կդիմենք քաղաքային իշխանություններին, իրավունք կստանանք նոր հանրահավաքներ անցկացնելու եւ կշարունակենք մեր գործը:

Սկզբում ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սարկիսյանը կարծես կողմ էին դրան: Նրանք մեզ առաջարկեցին գնալ «Դինամո» մարզադաշտի մոտ, հանրահավաք անել կայարանի հրապարակում: Ես ասացի՝ ոչ, դուք դա հատուկ եք անում, որ ժողովրդին տանեք կենտրոնից, օտարերկրացիների աչքից հեռու, եւ այնտեղ կարող եք անել, ինչ ուզում եք: Միակ տարբերակը Մատենադարանն է: Ասացին՝ լավ, էլի կմտածենք: Մտածեցին-մտածեցին ու ասացին, որ դա հնարավոր չէ. դա ինձ փոխանցեցին նախագահի անունից, որ նույնիսկ իմ այնտեղ հայտնվելն անցանկալի է: Երրորդ անգամ ավելի խիստ էին՝ ոչ մի փոխզիջում: Բոլոր այդ առաջարկները ես փոխանցել եմ դիվանագետներին, դեսպաններին: Նրանք էլ իրենց հերթին նույնն էին ասում նրանց: Սկզբում նրանց հետ էլ էին մեղմ բանակցություններ վարում, իսկ վերջում այդ դեսպաններին կանչեց Արմեն Գեւորգյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ ասաց, որ ոչ մի փոխզիջում չի լինելու եւ ցրելու են ժողովրդին: Ցրման որեւէ պատրվակ չի եղել: Իրե՛նք են որոշել ցրել եւ սկսեցին հարձակումը: Բայց ստացան ավելի մեծ դիմադրություն, քան սպասում էին, քան օպերայի հրապարակի մոտ էր: Ասում են, որ դա երկար է տեւել: Իմ տղաները զգացին, որ նոր պահ է: Հայտնվեցին սադրիչներ, որոնք ոչինչ չէին լսում: Մենք մեր ժողովրդին լավ գիտենք: Դրանք իրենց սադրիչներն էին, որ սադրում էին ժողովրդին: Իսկ ծայրերում դա արդեն պարզ երեւում էր: Լուսավորիչ-Մաշտոց խաչմերուկում բոլորովին այլ մարդիկ էին՝ սեւ բաճկոններով, մաքուր, նրանք չէին գիշերել օպերայի մոտ, բոլորը սափրված: Դրանք քրեական տարրերի, Լֆիկ Սամոյի, Նեմեց Ռուբոյի, Թոխմախի Մհերի մարդիկ էին… Այդ թալանը եւ այլն կազմակերպել են իրենք: Ես երեկ ուշադիր դիտել եմ իրենց հեռուստաալիքները, երբ ցուցադրում էին ջարդարարությունը եւ խանութների թալանը: Դեմքերը ցույց չէին տալիս, մինչդեռ առաջին հերթին դրանք ցուցադրելու մեջ պիտի շահագրգռված լինեին: Դեմքերը չէին ցուցադրում՝ ստվերի մեջ էին: Մոտենում էին, հանգիստ վերցնում արկղերը եւ հեռանում… Հասան իրենց նպատակին, ցույց տվեցին ողջ աշխարհին, թե իբր ընդդիմությունը բռնություն է կիրառել: Հասան իրենց միակ նպատակին: Դրանից հետո առիթ ստացան հայտարարելու արտակարգ դրություն:

(…) Դրանից հետո ժողովրդի մի մասը ցրվեց, բայց հրապարակում դեռ մնացին 5-6 հազար մարդ եւ մի քանիսը մեր տղաներից, որոնք բարձրախոսով հանգստացնում էին նրանց: Ես կշռեցի ամեն ինչ եւ առավոտյան 4-ին զանգեցի, որ պետք է դուրս գալ հրապարակից: Արդեն ցուրտ էր, մարդիկ հոգնած էին: Ես գիտեի, որ դա վատ է վերջանալու: Նրանք լսեցին իմ կոչը, որ փոխանցեցին հենց հեռախոսից: Ժողովուրդը լսեց ու հեռացավ:

– Որո՞նք են լինելու Ձեր գործողությունները:

– Ես կարծում եմ, որ այժմ նոր իրավիճակ է, երբ նրանք իրենց դեմ տրամադրեցին ողջ ժողովրդին: Սա նոր իրավիճակ է, որը չի կարող չլինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Երեկվանից արդեն կան շատ խիստ դատապարտումներ, եւ կարծում եմ, որ միջազգային ճնշումը շատ ուժեղ կլինի: Միջազգային հանրությունը, եթե մինչ այս չէր հասկանում, հիմա ստիպված է գիտակցել, որ Հայաստանում կհայտնվի մի վարչակազմ, որը չի վայելում սեփական ժողովրդի վստահությունը: Եվ դա մշտական կոնֆլիկտ կլինի: Այսինքն՝ 5 տարի կլինեն մշտական բռնություններ, միջազգային հանրությունը կունենա մի երկիր, որտեղ բռնությունը կլինի մշտական փաստ: … Այս մթնոլորտում ես արդեն չեմ հավատում, որ ՍԴ-ն արժանիորեն կպահի իրեն, թեեւ նյութերը, որոնք տրամադրել ենք իրենց, շատ լուրջ են: Այդ նյութերի հիման վրա կարելի է ընտրություններն անմիջապես անվավեր հայտարարել: Նաեւ այդ 20 օրը կանցնի: Որքա՞ն իրենք պետք է պահպանեն այդ արտակարգ դրությունը: Մենք չենք ընկրկի: Օրենքի շրջանակներում, Սահմանադրությամբ եւ օրենքներով մեզ վերապահված բոլոր հնարավորությունների շրջանակում մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ այս ատելի, քրեական, ավազակապետական վարչակազմի հեռացումը Հայաստանից՝ չվախենալով բանտերից, տնային կալանքներից, չվախենալով իրենց սպառնալիքներից:

– Չե՞ք կարծում, որ ընդդիմության համար շատ կարեւոր պահ է կորսված: Քանի որ ինքներդ եք ասում, թե կասկածում եք, որ ՍԴ-ն արժանի որոշում կկայացնի: Նույն ժամանակ Դուք կորցրել եք հրապարակը, մարդիկ այլեւս դրսում կանգնած չեն: Ուրեմն, ո՞րն է ձեր ռեսուրսը:

– Ռեսուրսն արդեն ասացի՝ նոր իրավիճակ, միջազգային ուշադրության նոր կենտրոն, ատելություն: Դա էլ ռեսուրս է: Իրենք ստացան ողջ ժողովրդի ատելությունը: Դա հսկայական ռեսուրս է:

Այլ հարց է, որ ոչ միշտ է բարին հաղթում: Հաղթում է նաեւ չարը, եւ շատ հաճախ: Եվ ի՞նչ: Դա մեր հասարակական զարգացման փուլերից մեկն է: Կարող են լինել նահանջի, դադարի պահեր, պարտության պահեր, թաթար-մոնղոլական լուծ, գերմանաֆաշիստական լուծ: Ու ի՞նչ: Այդպես միշտ է լինում: Կարեւոր է, որ մենք նոր հասարակություն ունենք: Ինձ եւ իմ շարժմանը, ամենակարեւորը, որ հաջողվեց ստեղծել 5 ամսվա ընթացքում՝ նոր, խիզախ քաղաքացիական հասարակությունն է, որը գիտի իր իրավունքները, քաղաքական նոր վերնախավ՝ հիմնականում երիտասարդություն, որը երբեք չի հանդուրժի այն, ինչ հանդուրժել է նախորդ սերունդը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հասկանում, թե ինչ հասարակության հետ գործ ունեն: Եթե ես ոչնչի չհասնեմ էլ, այն, ինչ արվել է այս 5 ամսվա ընթացքում, դա ոչ միայն իմ, այլեւ ողջ հայ ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է: Սա նոր սերունդ է, որը շնչել է ազատության օդը: Դա արդեն չես կարող խլել նրանից:

– Ես օրվա երկրորդ կեսին եղել եմ Ֆրանսիայի դեսպանատան մոտ եւ տեսել, որ մարդկանց ձեռքերին երկաթյա եւ փայտյա մահակներ կային, ու որեւէ մեկը փորձ չէր անում նրանց խանգարել: Եվ պարզ էր, որ բախում էր լինելու:

– Եթե դրանից առաջ օպերայի հրապարակում Ձեր գլխին էլ հարվածեին փայտով, եւ դրանից հետո Դուք գայիք մեկ այլ հանրահավաքի՝ Ձեր ձեռքում էլ անպայման մահակ կլիներ:

– Դուք ցավո՞ւմ եք զոհերի համար:

– Դա բնական է: Ես ինչպե՞ս կարող եմ չցավել ոչ միայն զոհերի, այլեւ վիրավորների համար, եւ ոչ միայն իմ կողմնակիցների, անմեղ մարդկանց, նաեւ ոստիկանության աշխատակիցների, զինվորների համար…

Ես հնարավորություն կունենամ պաշտոնապես հայտարարություն անելու եւ հայտնելու իմ խորին ցավակցությունները բոլոր զոհվածների հարազատներին՝ նաեւ ոստիկանների ու զինվորների, քանի որ նրանց բոլորին ներքաշեցին անարժան գործի մեջ: Նրանք նույնքան այս վարչակազմի զոհերն են, որքան մնացած բոլորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել