Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՐՑԱՔՆՆՎԻ

Մարտ 21,2008 00:00

\"\"Չի բացառում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, «մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

– Պրն Հարությունյան, ի՞նչ ընթացքում է մարտի 1-ի գործի նախաքննությունը:

– Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով 2008թ. մարտի 1-ին կազմակերպված եւ իրականացրած զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում հարցաքննվել է շուրջ 700 վկա, 107 անձի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք: 107-ի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ կալանավորում: 5-ի նկատմամբ քրեական գործի մասն անջատվել է եւ ուղարկվել ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար: 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննության ժամանակ զանգվածային անկարգությունների, դրան նախորդող Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական ծառայողներին դիմադրություն ցույց տալու ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 265 անձ, որից 210-ը ոստիկան է եւ ոստիկանական զորքերի ծառայողներ, 55-ը՝ քաղաքացիներ: Քրեական գործով կատարվել է նախաքննության ընթացքի, հետագա գործողությունների պլանավորում, որի շրջանակներում դեռեւս անհրաժեշտ է կատարել բազմածավալ դատավարական, քննչական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, հանցագործություն կատարող անմիջական անձանց, կազմակերպիչներին ամբողջական ի հայտ բերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար: Նշեմ, որ նախաքննության ձեռք բերած տվյալները բավարար հիմք են տալիս ասելու, որ եւ Ազատության հրապարակում տեղի ունեցածը, եւ անմիջապես հաջորդող քաղաքապետարանի մոտ կատարված զանգվածային անկարգությունները, ինչպես նաեւ դեռեւս նախընտրական փուլում սկսված, հետագայում ընտրություններից հետո իրականացված միջոցառումները եղել են նախապես ծրագրված, մեկ միասնական «Շտաբի» կողմից: Վերջինիս նպատակն էր նախագահական ընտրությունների արդյունքները կասկածանքի տակ դնել, դրանով իսկ հասարակական լայն զանգվածների եւ միջազգային հանրության մոտ անվստահություն սերմանել:

– Ազատության հրապարակում եւ Մյասնիկյանի արձանին կից տարածքում կատարվածը քննության են դրվել իբրեւ առանձի՞ն դրվագներ:

– Հաշվի առնելով քրեական գործի ծավալը, նախաքննության ժամանակ կատարվում է քննչական դատավարական գործողությունների պլանավորում եւ բաժանում առանձին դրվագների միջեւ: Նշված գործը բաժանված է ըստ դրվագների, որոնց վերջնական արդյունքում ձեռք բերված ապացույցները ամբողջությամբ քննության առնելուց հետո կկայացվի վերջնական որոշում:

– Դուք ասացիք, որ նախընտրական փուլի տրամաբանական շարունակությունն են եղել Ազատության հրապարակում, ապա Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցածը: Ձեր խոսքում դուք նշեցիք, որ այն ղեկավարվել է մի «շտաբի» կողմից, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների: Լեւոն Տեր-Պետրոսյանը այս ընթացքում հարցաքննվե՞լ է քննչական խմբի կողմից, դեպքերից հետո 20 օրվա ընթացքում:

– Այս պահին Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս չի հարցաքննվել, նրա հարցաքննության հետ կապված տրվել է պարզաբանում: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նաեւ շատ անձինք նախաքննության ընթացքում հնարավոր է հարցաքննվեն կամ որոնց գործողություններում եթե պարզվի, որ կան Քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ, կներգրավվեն որպես մեղադրյալ: Սակայն քննության մարտավարությունից ելնելով, այդ հարցաքննությունները կկատարվեն հաստատված պլանի շրջանակներում:

– Պրն Հարությունյան, «Առավոտի» տեղեկություններով, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը քննչական խմբին է ներկայացրել տեսաերիզ-ապացույց՝ կապված ոստիկանության ավտոմեքենայով վրաերթի դրվագի հետ, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

– Ներկայացված տեսաերիզը նոր ենք ստացել, ներկայումս այն գտնվում է ուսումնասիրման մեջ, բայց այդ կապակցությամբ մեկ անգամ եւս նշվել է, որ կատարված նախաքննության ընթացքում եւ նախաքննության մարմնին հայտնի բոլոր առկա տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ի հայտ չի բերվել մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոչ միայն «Ժառանգություն» կուսակցության կողմից վկայակոչված վրաերթի, այլեւ առհասարակ որեւէ անձի վրաերթի ենթարկելու դեպք: Արդեն ստուգվել են ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կողմից վրաերթի մասին վկայակոչվող անձանց տվյալները: Վրաերթ չի եղել ոստիկանական ավտոմեքենայի կողմից: Ներկայացված տեսաերիզը կուսումնասիրվի պատշաճ կերպով եւ կտրվի պատշաճ գնահատական քննության ընթացքում:

– Շրջանառության մեջ է թերեւս դրված մի տեղեկություն, ըստ որի, մի կին ուշաթափվել է այդ վրաերթի պատճառով:

– Ինչ վերաբերում է այդ կնոջը, կինը գտնվել է Ազատության հրապարակում, ըստ իր խոսքերի՝ իր հիվանդ երեխայի հետ, որը մի պահ տեսադաշտից դուրս է հայտնվել եւ նա, ըստ տեսաերիզի, փորձում է խուսանավել մեքենայից, որի հետեւից մարդիկ վազում էին մետաղյա ձողերով եւ փայտե մահակներով: Այդ կինը տեսել է մեքենայի ընթացքը մարդկանց ուղղությամբ եւ վախենալով իր հիվանդ երեխայի համար, ընկել է խուճապի մեջ, սթրեսի մեջ եւ այդ ախտորոշմամբ էլ ընդունվել է թիվ 6 կլինիկական հիվանդանոց՝ սթրեսային նեւրոզ ախտորոշմամբ: Նրան, հանգստացնող միջոցառումներ կատարելուց հետո, բաց են թողել: Այսինքն, տարեց կնոջ եւ ավտոմեքենայի միջեւ բախում առհասարակ չի եղել:

– Պրն Հարությունյան, մարտի 20-ի դրությամբ քանի՞ մարդ է հետախուզվում, կա՞ն արդյոք կանայք:

– Հետախուզման մեջ գտնվող, կալանավորված կին ընդհանրապես չկա, հետախուզվում է 4 անձ:

– Քննչական խմբի հետ աշխատո՞ւմ է արդյոք հոգեբանների խումբ: Մեր տեղեկություններով, հոգեբանները ցուցարարների համար ասում էին, թե նրանք գտնվել են հոգեներգործուն միջոցների, «զանգվածային հիպնոսի» ազդեցության տակ: Արդյոք հաշվի՞ է առնվելու դա որպես մեղմացուցիչ հանգամանք՝ կատարված գործողությունների համատեքստում:

– Նախաքննությունը գտնվում է սկզբնական փուլում եւ ինչպես արդեն նշվեց, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են բազմաթիվ քննչական-դատավարական գործողություններ, վերլուծվում են տեղի ունեցած դեպքերի հաջորդականությունը, փոխկապակցվածությունը, դրանց վերաբերյալ վերջնական եզրահանգում, բնականաբար, չկա, սակայն բավարար տվյալներ կան պնդելու, որ այս ամենը եղել է ի սկզբանե կազմակերպված եւ պլանավորված, որի ընթացքում կիրառվել են ինչպես մարդկանց վրա ազդելու հոգեբանական, այնպես էլ տարաբնույթ այլ հոգեներգործուն նյութեր: Գործում է վերլուծական խումբ, որտեղ ներգրավված են հոգեբաններ, վերլուծաբաններ, կատարվում են վերլուծություններ ոչ միայն դեպքերի կապակցությամբ, այլեւ համեմատական՝ մինչ այս տարբեր երկրներում կատարված նմանատիպ հանցագործությունների շրջանակներում: Կան բավարար տվյալներ ասելու, որ ՀՀ-ում տեղի ունեցածը նորույթ չէ եւ այդ տեխնոլոգիաները մարդկանց վրա ազդելու, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների ընթացքում անմիջական կատարողների կողմից օգտագործված զենքերն ու առարկաները կրկնություն են տարբեր երկրներում տեղի ունեցած նմանատիպ դեպքերի: Ինչ վերաբերում է մարդկանց հանցավորությանը՝ կապված նրանց հոգեկան վիճակի հետ, նախաքննության մարմինը քննության առարկա է դարձնում ցանկացած հանգամանք՝ եւ մեղմացուցիչ, եւ ծանրացնող: Իսկ ինչքանով է այդ ամենն ազդել մարդու վրա, կրկնում եմ, այդ հանգամանքը նախաքննության ընթացքում անպայման քննության առարկա կդարձվի ոչ միայն քննչական գործողությունների միջոցով, այլեւ անհրաժեշտության դեպքում կնշանակվեն դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց եզրակացությունների հիման վրա գնահատականներ կտրվեն:

– Արդյոք եղե՞լ են միջնորդություններ տուժողների կողմից:

– Ինչպես ցանկացած, այնպես էլ այս քրեական գործի նախաքննության ընթացքում դատավարական նորմերը պահպանվել են ինչպես մեղադրյալների, կասկածյալների, այնպես էլ տուժողների նկատմամբ: 265 տուժողներից 55-ը քաղաքացիներ են, մնացածը ոստիկաններ եւ ոստիկանական զորքերի ծառայողներ: Պետք է հաշվի առնել, որ հիմնականում վնասվածքներ ստացածներն այն անձինք են, ովքեր անմիջականորեն դիմադրություն են ցույց տվել իրավապահներին, դիմադրությանը համարժեք հակազդեցության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ: Եվ այդ քաղաքացիները, ըստ էության, տուժող քաղաքացիներ չեն: Նրանք հնարավոր է ստացել են վնասվածք, բայց քրեական գործով տուժող չեն: Այն անձինք, որոնք կճանաչվեն տուժող եւ կճանաչվի նրանց դատավարական կարգավիճակը ու քննությամբ կպարզվի, որ հանցագործությամբ նրանց պատճառվել է նյութական, ֆիզիկական, բարոյական վնաս, ապա նրանք քրեական դատավարությամբ սահմանված, առանց որեւէ սահմանափակման, կարող են օգտվել իրենց դատավարական իրավունքներից:

– Կան տեղեկություններ, թե ոստիկանության ծառայողները ոչ համարժեք ֆիզիկական ուժ են կիրառել:

– Սույն քրեական գործով իրականացվող քննության շրջանակներում գլխավոր դատախազը հանձնարարել է «պարզել քննվող դեպքերի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրելուց ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները»: Հանձնարարվել է նաեւ պարզել հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքում հրազենի տեսակը, տրամաչափը, գործարանային համարը, հաշվառման վայրը, հրազենն ու ռազմամթերքը ստանալու, ապա հանձնելու տեղն ու ժամանակը, հրազենի գործադրման վայրը եւ ժամը, կրակոցների արձակման ռեժիմը, նպատակաուղղվածությունը, ուղղությունը, հատկացված եւ կրակված փամփուշտների քանակը, հրազենի գործադրման՝ կրակողին հայտնի հետեւանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել