Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն այլ աղբյուրնե՞ր ունի

Մարտ 21,2008 00:00

Իշխանություններին ՀԶՄ-ի փողերն այնքան էլ պետք չեն

Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են կոծկել մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի մասին միջազգային կառույցների կոշտ հայտարարությունները՝ հավաստիացնելով, որ դրանք լուրջ հետեւանքներ չեն ունենա մեր երկրի վարկանիշի վրա, այնուամենայնիվ, Հայաստանի հեղինակությունն ու տնտեսությունը դրանից հսկայական վնասներ կկրեն: ԱՄՆ-ն արդեն սպառնացել է Հայաստանին զրկել «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» կողմից տրամադրվող ֆինանսավորումից:

Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» հնգամյա ծրագրի ֆինանսավորումը կազմում է շուրջ 236 մլն դոլար: 2007-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանին տրամադրվել է 11 մլն 260 հազար 479 դոլար: Այդ ծրագրի փողերով մեր երկրում պլանավորված էր աղքատությունը զգալի կրճատել, գյուղական համայնքները զարգացնել, մեծ նշանակության մի շարք ճանապարհներ կառուցել: Գործի որոշ մասն արդեն արվել է, սակայն ծրագրի շարունակությունը հարվածի տակ է: Երբ մարտի դեպքերի հետ կապված նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում արտակարգ դրություն հայտարարեց, այդ օրերին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կոնգրեսի անդամներին մեզ համար մի շատ կարեւոր հայտարարություն արեց, որը այդ օրերին աշխատող լրատվամիջոցներն այդպես էլ չհրապարակեցին: Ըստ այդ հայտարարության, Ռայսը շատ հստակ ասաց, որ Հայաստանին աջակցող մի շարք ֆինանսական ծրագրեր արդեն դադարեցվել են, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը նույնպես կարող է տուժել: Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարի այդ հայտարարությունները հաստատեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով՝ «ամերիկյան ծրագրերի մի մասը սառեցված է, Ռայսը, ըստ էության, նկատի է ունեցել մի շարք կազմակերպությունների կողմից ֆինանսավորումը, ովքեր դադարեցրել են իրենց գործունեությունն արտակարգ իրավիճակի հետեւանքով»:

Մարտյան իրադարձությունների վերաբերյալ բավականին խիստ հայտարարություն էր արել նաեւ Ջորջթաունի համալսարանի եվրասիական ռազմավարության ծրագրի ղեկավար Քորի Ուելթը, որը առաջարկել էր ընդհանրապես զրկել Հայաստանին հատկացվող «Հազարամյակի մարտահրավերներ» օգնությունից: Ք. Ուելթը «Eurasia View» թերթին տված հարցազրույցում առաջարկել էր Հայաստանի ֆինանսավորումը դադարեցնել այնքան ժամանակ, մինչեւ որ մարտի 1-2-ին տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ չտրվի ամբողջական եւ անկախ գնահատական. «Միացյալ Նահանգները եւ եվրոպացիները պետք է չընդունեն, որ Հայաստանում ժողովրդավարական առաջընթաց կա, քանի որ նման բան չկա: Հայաստանը Արեւմուտքի համար ոչ անվտանգության եւ ոչ էլ էներգետիկ գործընկեր չէ»:

Օրերս էլ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչն է «նախազգուշացում-նամակ» հղել Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշված է, որ ՀՀ կառավարության գործողությունները կարող են բացասաբար ազդել ՀԶՄ-ի ծրագրերի իրականացման վրա: Ըստ Դանիլովիչի, «Մենք պարտավոր ենք վստահ լինել, որ մեր ծրագրերն իրականացվում են ժողովրդավարական շրջապատում, ինչպես եւ նախատեսում է հիմնադրամը: Մարտահրավերների ծրագրերը հիմնվում են տվյալ երկրի գործողությունների վրա, որոնց հիմքում ընկած է 17 անկախ ցուցանիշների հաջորդականությունը: Գործընկեր երկրները պետք է համապատասխանեն այդ ցուցանիշներին եւ պահպանեն դրանք, որպեսզի իրավունք ունենան ստանալ աղքատությունը հաղթահարելու լայնամասշտաբ ֆինանսավորում»: Երեկ հրավիրած ասուլիսում Ռ. Քոչարյանը, արձագանքելով Դանիլովիչի այս նախազգուշացմանը, ասել է. «Մենք ափսոսանքով կընդունենք նման որոշումը, սակայն արդեն սկսված եւ նախատեսված ծրագրերի իրականացման համար այլ միջոցներ կգտնենք»:

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի գրասենյակից «Առավոտին» հավաստիացրին, որ առայժմ ֆինանսավորման դադարեցման հետ կապված ոչ մի խնդիր չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել